Մատչելիության հղումներ

Իրանի Անվտագության խորհրդի քարտուղարը կարեւորում է Հայաստանի դերը տարածաշրջանում





«Անվտանգ եւ զարգացած Կովկասը մեզ համար սկզբունք է»,- շեշտել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Հասան Ռոհանին տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ծիրում առանցքային է համարել Հայաստանի տեղն ու դերը: Խոսելով Հյուսիս-Հարավ առանցքի կայացման մասին, նա ընդգծել է այդ գործընթացներում Հայաստանի պարտադիր ներգրավման անհրաժեշտությունը:

Հասան Ռոհանին դրական է գնահատել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսությունը՝ նշելով, որ Իրանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը` նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը: Հայաստանի նախագահն իր հերթին ողջունել է Իրանի հավասարակշիռ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տնտեսական փոխգործակցության հեռանկարը: Ռոբերտ Քոչարյանն առաջարկել է տնտեսական հարաբերություններին մոտենալ ավելի լայն կտրվածքով՝ հիմնական ուշադրությունը սեւեռելով ենթակառուցվածքների զարգացմանը, ինչը, նրա կարծիքով, նոր խթան կհաղորդի երկկողմ տնտեսական կապերին:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին այսօր ասել է. «Մենք դեմ ենք բոլոր այն ծրագրերին եւ ձեռնարկումներին, որոնք Հայաստանին կմղեմ մեկուսացման: Հյուսիս-հարավ առանցքում Հայաստանը պետք է լավագույնս օգտագործի իր հնարավորությունները եւ ընդգծի իր դերակատարությունը»:

Անվտանգության հարցերով Իրանի հետ համագործակցելու ուղղությունները դեռեւս հստակեցված չեն: Այդպիսի խնդիր փաստորեն նոր է առաջ քաշվում: Այդ հարցերի շուրջ է ընթացել զրույցը Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի հետ: Վերջինս եւ Հասան Ռոհանին մտահղացել են տարածաշրջանի երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների նիստ հրավիրել՝ քննարկելու տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղության եւ կայունության հաստատմանն ու պահպանմանը վերաբերող հարցերը: Վարչապետը, ողջունելով երկու երկրների անվտանգության խորհուրդների փոխգործակցությանն ուղղված ջանքերը, ասել է, թե տարածաշրաջանում հզոր Իրանի առկայությունը Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկն է:

«Մենք քննարկում ենք երկու երկրների կապերին վերաբերեող բոլոր հարցերը, նաեւ մասնավորապես, անվտանգության բնագավառում»,- ասաց Հասան Ռոհանին արդեն ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ ունեցած հանդիպումից հետո: Այս հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, ինչպես նաեւ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը:

Հայասան-Իրան հարաբերություններում առաջնային են համարվել քաղաքական եւ տնտեսական ոլորտները, որտեղ երկկողմ հարաբերությունների մակարդակը տարբեր առիթներով սովորաբար բարձր է գնահատվել: ԱԺ ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին այլ կարծիք հայտնեց. «Ցավոք սրտի, երկու ասպարեզում էլ մենք շատ մեծ հաջողություններ չենք կարող արձանագրել այսօր»:


Ըստ Վահան Հովհաննիսյանի, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում արդեն հասկացել են, որ եթե երկու պետությունները անվտանգության հարցերով ինչ-որ ընդհանուր տեսակետի չգան, ապա անիմաստ է սպասել, թե տնտեսական համագործակցությունը կզարգանա:

Վահան Հովհաննիսյանի խոսքերով, Հասան Ռոհանին հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Հայաստանը տարածաշրջանային ծրագրերից դուրս չի մնա, եւ որ Իրանը բացառում է որեւէ ծրագրի իրագործում, որի նպատակը կլինի Հայաստանը մեկուսացնել, նման ծրագրերից դուրս թողնել եւ դրանով հարվածել Հայաստանի ազգային շահերին»:

Վահան Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ թուրք-իսրայելական մերձեցմամբ Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժային գոտի է ստեղծվում, որը չի նպաստելու նաեւ Ղարաբաղի հարցի արդար կարգավորմանը, եւ մենք պետք է տարածաշրջանում հակակշռող ուժ գտնենք. «Այդպիսի հզոր ուժ է Իրանը»: Նրա խոսքերով, Ռուսաստանում եւ Արեւմուտքում պետք է հասկանան, որ «Իրան - Հայաստան հարաբերությունները երբեք որեւէ մեկի դեմ ուղղված չեն»:

ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարի այցը տարածաշրջանային է, որի շրջանակներում Հասան Ռոհանին այցելելու է նաեւ Վրաստան եւ Ադրբեջան:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG