Մատչելիության հղումներ

Հայաստանում տուրիզմի զարգացումը լուրջ ներդրումների կարիք ունի


«Մենք չունենք այդքան քնելու տեղ, մենք չունենք այդքան թռիչքներ, որոնցով այդքան մարդ գար Հայաստան», - նկատի ունենալով տարեսկզբին հնչած 150 հազար զբոսաշրջիկ ընդունելու հնարավորության մասին պաշտոնական հաշվարկները, ասում է Ամերիկյան ճամփորդական գործակալների միության հայաստանյան ներկայացուցիչ Սիսակ Աբրահամյանը: Տարին արդեն կիսվել է, եւ ակնհայտ է դարձել, որ միայն Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների հանգամանքը անբավարար է Հայաստանը գրավիչ դարձնելու համար:

Զբոսաշրջիկությունն, այդուհանդերձ, Հայաստանի հեռանկարային եւ խոստումնալից բնագավառներից մեկն է: Դրա զարգացմանը նպաստելուն է ուղղված Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի եւ Ամերիկյան ճամփորդական գործակալների միության կազմակերպած երկշաբաթյա սեմինարը:

Միացյալ Նահանգներից հրավիրված պրոֆեսոր Ալվին Ռոզենբաումը այսօրվանից տուրիստական բիզնեսով զբաղվող հայ գործարարներին ներկայացնում է տուրիզմի միջազգային փորձը եւ միաժամանակ փորձում իր համար պարզել, թե որքանով է գրավիչ Հայաստանը օտարերկրյա այցելուների համար:

Հայաստանում իր անցկացրած առաջին իսկ օրվա ընթացքում, ամերիկացի պրոֆեսորն արդեն ուներ բազմաթիվ դիտողություններ, որոնք վերաբերում են, հիմնականում, առաջարկվող ծառայությունների որակին եւ դրանց համապատասխանությանը իրենց արժեքին:

Երեւանում հյուրանոցների գները սկսվում են մեկ օրվա համար 90 դոլարից եւ հասնում մինչեւ 180 դոլարի: Ավելի ցածր գներ չկան: Անդրադառնալով դրան, Սիսակ Աբրահամյանը ասաց. - «Չկա մրցակցային դաշտ: Մեր բոլոր հյուրանոցները, չգիտես ինչու, իրենց կոչում են 5 եւ 4 աստղանի: Ոչ ոք չի մտածում պարզ, հասարակ 30, 25, 20 դոլարանոց հյուրանոցների կառուցման մասին»:

Պրոֆեսոր Ռոզենբաումը գտնում է, որ երբ զբոսաշրջիկն արդեն եկել է, նրան մտահոգում է ոչ թե գինը , այլ ավելի շատ՝ այդ գնի եւ ծառայության կամ ապրանքի որակի համապատասխանությունը: Հիասթափությունը մեծ է լինում, երբ գնված ծառայությունը կամ ապրանքը իր որակով չի համապատասխանում վճարված գնին: Իսկ մեկ դժգոհ զբոսաշրջիկը, ըստ ամերիկացի մասնագետի, փակում է բազմաթիվ այլ այցելուների ճանապարհը:

Սիսակ Աբրահամյանը գտնում է, որ գոյություն ունեցող կարծիքը, թե «Ծաղկաձորը կամ Դիլիջանը կարող են դառնալ հանգստյան գոտի, թյուր է: Որովնետեւ ոչ ոք չի գա Ծաղկաձոր՝ դահուկային սպորտով զբաղվելու: Նրանք կգնան ալպյան երկրներ, քանի որ այնտեղ սերվիսի մակարդակը բարձր է: Ծառայությունների այդ մակարդակը ձեւավորելու համար բավականին լուրջ ներդրումներ են պետք, որոնք չկան»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG