Մատչելիության հղումներ

Ադրբեջանում համարում են, որ ԵԱՀԿ միջնորդները ճնշում են գործադրում Բաքվի վրա


ԵԱՀԿ Մինսկի խմբից նոր առաջարկներ ստանալու Բաքվի հույսերը չարդարացան: Ու քանի որ Հեյդար Ալիեւն այլեւս ադրբեջանցիների համար անընդունելի է գնահատել փարիզյան եւ քիուեսթյան սկզբունքները, սկսել են հրապարակվել որոշ մեկնաբանություններ:

Այսպես, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանի պարզաբանումներին Փարիզում ձեռք բերված երեք սկզբունքային համաձայնությունների մասին (Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հորիզոնական կապերի հաստատում, ԼՂ եւ Հայաստանի միջեւ հուսալի կապի առկայություն, ԼՂ անվտանգության երաշխիքների ապահովում), ադրբեջանական «Զերկալո» թերթի մեկնաբանը եզրակացնում է, որ Ալիեւը համանախագահների հետ բանակցելիս կտրուկ կերպով հրաժարվել է փարիզյան սկզբունքներից, ուստի դրանց գաղտնիության պահպանումն այլեւս անիմաստ է Հայաստանի համար: Թերթի մեկնաբանը չի բացառում, որ դրանով Հայաստանն ամրապնդում է իր դիրքերը, քանի որ «ղարաբաղյան հակամարտության լուծման ռազմական տարբերակի անթույլատրելիության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը գործնականում բոլորի կողմից ընկալվեց իբրեւ Ադրբեջանի կողմից սեփական պարտության ընդունում»: Չի բացառվում, սակայն, որ Ադրբեջանը միայն մասնակիորեն է հրաժարվել փարիզյան սկզբունքներից, եւ այդ դեպքում՝ դրանց հրապարակումը գնահատվում է իբրեւ ճնշում Ադրբեջանի ղեկավարության վրա:

Ադրբեջանի ղեկավարության վրա Մինսկի խմբի համանախագահների ճնշման մասին խոսում են Ադրբեջանի գրեթե բոլոր լրատվական գործակալություններն ու քաղաքական գործիչները:

Ադրբեջանական մամուլում կա մի ուշագրավ դիտարկում. առաջին անգամ է, որ համանախագահները տարածաշրջան են ժամանել իրոք որպես մեկ թիմ՝ լիովին համաձայնեցված տեսակետներով ու դիրքորոշումներով: Պարզ է, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջորջ Բուշի եւ Վլադիմիր Պուտինի Լյուբլյանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ճշգրտվել են որոշակի սկզբունքներ: Եվ պատահական չէ, որ Բաքվում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հայտարարել է, որ համանախագահներն իրենց զեկույցը ներկայացնելու են Մեծ Ութնյակի պետությունների ղեկավարներին՝ հուլիսի 20-21-ը Իտալիայում կայանալիք հանդիպման նախօրեին:

«Երեւի ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը, Բուշն ու Շիրակը լուրջ մարդիկ են: Իսկ նրանք գտնում են, որ հիմա հնարավոր է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը», - ասել է րիբկովը, ավելացնելով, որ Մեծ Ութնյակի հանդիպումից հետո նախագահները մեկ անգամ եւս քննարկելու են հարցը:

«Զերկալո» թերթի մեկնաբան Միրկադիրովը, վկայակոչելով անանուն, սակայն վստահելի դիվանագիտական աղբյուրներ, հայտնում է, որ Պուտին - Բուշ հանդիպման ժամանակ տեղի է ունեցել Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերի բախում: Ըստ ձեռք բերված համաձայնության, Ռուսաստանը պահպանում է ռազմաքաղաքական վերահսկողությունը ողջ տարածաշրջանում, իսկ Միացյալ Նահանգները տնտեսական բնագավառում աշխատելու լիակատար ազատություն է ստանում: Պատահական չէ, որ Ռուսաստանն անսպասելիորեն հայտարարեց, թե պատրաստ է աջակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը:

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիսա Ռայսը օրերս հայտարարել է, թե Ղարաբաղի խնդրում Միացյալ Նահանգները, Ռուսաստանն ու Ֆրանսիան ծավալել են ամենաարդյունավետ համագործակցությունը: Ուստի, թերեւս ճիշտ է համանախագահների՝ որպես միասնական թիմ հանդես գալու մասին Ադրբեջանում հնչած գնահատականը:Երեւի սա է պատճառը, որ համանախագահների միասնական դիրքորոշումը գնահատվել է իբրեւ ճնշում: Թերեւս այս պատճառով է նաեւ, որ Ալիեւը առաջին անգամ «խելագարություն ու դիլետանտություն» չանվանեց Իմանով-Նազարով-Զուլֆուգարով-Բաղիրով քառյակի մշակած, սակայն չհրապարակված խարտիայի տակ իրենց ստորագրությունը դնողների պատրաստակամությունը:

Մոտ 300 քաղաքական ու հասարակական կազմակերպությունների կողմից ստորագրված այդ խարտիան, ըստ էության, ղարաբաղյան հակամարտությունը պատերազմական գործողությունների միջոցով կարգավորելու ծրագիր է:

Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG