Մատչելիության հղումներ

Անդրանիկ Միհրանյանը անհրաժեշտ է համարում հայ եւ թուրք ժողովուրդների երկխոսությունը


Ռուսաստանի հայերի միության վարչության անդամ, հայտնի քաղաքագետ ԱՆդրանիկ Միհրանյանը մասնակցել է ոչ միայն «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» ժնեւյան հանդիպմանը, այլեւ մինչ այդ Վիեննայում կայացած երկու հանդիպումներից մեկին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Անդրանիկ Միհրանյանը, դրացից առաջինը տեղի ունեցել ընթացիկ տարվա մարտին, երկրորդը՝ ապրիլի վերջին - մայիսի սկզբին: Վերջինիս ռուսաստանցի քաղաքագետը մասնակցել է Ամերիկայի հայկական համագումարի հրավերով:

Ժնեւյան հանդիպման ժամանակ, բացի Միհրանյանից, հանձնաժողովի կազմում եղել են Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Վան րիգորյանը եւ երկու ներկայացուցիչ Հայաստանից՝ ՀՀՇ նախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:

Ըստ Անդրանիկ Միհրանյանի, հենց իրենք են կազմելու հանձնաժողովի հայկական մասի կորիզը հաջորդ հանդիպումներում: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել նաեւ այլ մարդիկ:

Անդրանիկ Միհրանյանի խոսքերով, հայ-թուրքական այս աննախադեպ երկխոսության հաջողության մեջ շահագրգռված է առաջին հերթին ԱՄՆ-ը: Ինչպես Թուրքիան, այնպես էլ Հայաստանը պաշտոնական մակարդակով բարյացկամ են տրամադրված՝ ընդգծելով սակայն, որ երկու ժողովուրդների ներկայացուցիչների հանդիպումները ոչ պաշտոնական բնույթ են կրում:

«Սկսվել է մի գործընթաց, որը թույլ կտա մեզ ավելի հասկանալ միմյանց», - ասաց Անդրանիկ Միհրանյանը:

Մոսկվայաբնակ հայազգի գործիչը համոզված է, որ երկխոսությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ անհրաժեշտ է: Միեւնույն ժամանակ նա նախազգուշացնում է, որ այդօրինակ շփումներից չի կարելի անհապաղ արդյունքներ ակնկալել:


Արթուր Տերյան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG