Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի կանխատեսմամբ, «համանախագահողների հերթական այցի «արդյունքը» լինելու է հետեւյալ փաստի արձանագրումը. «Հայաստանը ավելի կոնստրուկտիվ է եւ խաղաղասեր, Ադրբեջանը անզիջում եւ ագրեսիվ: Այդ պատճառով (ինչպես նաեւ՝ համանախագահողների տարաձայնությունների) բանակցությունները հետաձգվելու են մինչեւ աշուն»: «Բանակցությունների այս փուլում մենք իսկապես ավելի զիջողական ենք», ինչն ավելի բարեհունչ բառով կոչվում է «կոնստրուկտիվ», - արժեվորում է «Առավոտ»-ը: - Ճարներս ինչ՝ «Տեսնելով, որ ԼՂՀ-ն որպես կողմ պարզապես գոյություն չունի, իսկ Հայաստանը ավելի քան խոցելի վիճակում է, Ալիեւը գնալով կարծրացնում է իր պահանջները»: Իսկ խոցելիության հիմքում, «Առավոտ»-ի շեշտադրմամբ, հետեւյալ բանաձեւն է՝ «ցանկացած իշխանություն ուժեղ է այնքանով, որքանով ընտրված է ժողովրդի կողմից եւ որքանով նրա չարագործությունների քանակը չի անցնում բանական սահմանագիծը»:

«Ժամանակ» թերթն էլ արձանագրում է, որ ղարաբաղյան կարգավորման խնդիրը գնալով բարդանում է: «Ժամանակ»-ում այսօր ուշադրության առավել արժանի է համարվում այն մոտեցումը, համաձայն որի հակամարտությունը հնարավոր է լուծել՝ տարածաշրջանի երկրների միջեւ զարգացնելով տնտեսական համագործակցությունը:

«Վերջերս շատ է խոսվում արտասահմանյան բանկերում գտնվող շուրջ 2,5 միլիարդ դոլարի մասին, որ տարիների ընթացքում դուրս է բերվել Հայաստանից... Քաջատեղյակ փորձագետները ոչ միայն հնարավոր են համարում 2,5 միլիարդ արտահանված դոլարների գոյությունը, այլեւ հակված են ավելի մեծ գումար նշելու», - հավելում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, «որտեղի՞ց այդքան գումար» հարցի կտրվածքով թվարկելով. «մարդասիրական օգնության, աղետի գոտու շինմեխանիզացիայի ու էներգակիրների յուրացումներից ու հափշտակումներից բացի, ոմանց կամ որոշակի կլանների փող են բերել նաեւ հետեւյալ գործընթացները: Սեփականաշնորհում եւ դրա միջոցով հիմնական արտադրամիջոցների, պետության ունեցվածքի փոշիացում... Կեղտոտ փողերի գոյացման ոչ պակաս եկամտաբեր, եթե ավելին չասվի, աղբյուրներից մեկն էլ հայրենի ընդերքն է...պղնձի ու հատկապես մոլիբդենի խտանյութի մեծ չափերի հասնող զարտուղի կամ անվերահսկելի արտահանումն ու իրացումը: Մյուս, եկամտաբեր երակը արտասահմանյան երկրներից ու միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկերն են... մինչեւ 1998 թվականը այդ վարկային գումարների շուրջ 40 տոկոսը «փոշիացվում» էր կամ այսպես ասած՝ «ուտվում»... Կեղտոտ փողերի ստացման աղբյուրների շարքը համալրվում է ստվերային տնտեսության ֆանտաստիկ եկամուտներով եւ բյուջետային, պետական միջոցների նպատակադրված վատնումներով»: Մեկնաբանի հայացքով, «Հայաստանից փախցված միլիարդները դեռեւս անդարձ ու լիովին կորած չեն: Պայմանով, եթե առաջիկա մեկ-երկու տարիներին իշխանությունները այդ ուղղությամբ մտածված, բայց կտրուկ քայլեր կանեն՝ համագործակցելով այլ երկրների իրավապահ մարմինների հետ: Բայց... ոնե այսօր չեն նշմարվում այն անձինք կամ ուժերը, որ նման քայլ կատարելու քաղաքական կամք կարող են դրսեւորել»:

«Հայոց Աշխարհ»-ի ունեցած տեղեկություններով, այսօր էլ, օրինակ, «բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ (որի մեջ կան նաեւ մի քանի նախարար) անչափ եկամտաբեր եւ նույնքան ապօրինի «բիզնեսի» մեջ են: Խոսքը, մասնավորապես, սեփականաշնորհման նախօրեին Երեւանի կոնյակի գործարանից ահնետացած կոնյակի սպիրտի ահռելի չափերի հասնող պաշարների մասին է»: «Հայոց Աշխարհ»-ի ներկայացմամբ, «իրականում կոնյակի սպիրտի այդ հսկայական քանակությունը ոչ միայն չի անհետացել, այլեւ «հուսալի» ձեռքերում է եւ ներկայումս խմբաքանակներով ինտենսիվորեն արտահանվում է Ռուսաստան ու այնտեղ իրացվում»:

«Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, «Աժ կոմունիստ պատգամավոր Յուրի Մանուկյանի վերջին՝ եվրոպական շրջագայությունը, շրջադարձային է եղել նրա հայացքների համար: Կասկածներ կան, որ նա սկսել է ծառայել համաշխարհային իմպերիալիազմին... Համենայնդեպս, Յու. Մանուկյանը ակնհայտորեն արժեքների վերագնահատման փուլ է ապրում»: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրուցում նա կիսվել է. - «Ինձ համար կարեւորը քաղաքական կայունությունն է, հանուն որի ես պատրաստ եմ զոհել իմ անձը: Ես կողմ եմ իշխանափոխությանը, որպես սերնդափոխություն: Բայց ոչ իշխանությանը բռնի հեռացնելով: Դա ասիականության դրսեւորում է»: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, կոմունիստ պատգամավորը դեմ է Ռուսաստան -Բելառուս դաշինքին միանալուն եւ ասել է. - «Այսօրվա Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը միայն ու միայն մի կերպ պահվում է արտաքին օգնությունների հաշվին՝ Քրք Քրքորյան, Համաշխարհային բանկ, ԱՄՀ, ԱՄՆ-ի կառավարություն... Այսօրվա Ռուսաստանը ի վիճակի չէ բավարարել Հայաստանի նույնիսկ նվազագույն պահանջները: Իսկ ի՞նչ եք կարծում, պետության ղեկավարը պետք է վեր կենա հայտարարի, թե կողմ է Ռուսաստան-Բելառուսին, որ մյուս օրը բոլոր ծորակները փակվ"են»:

Մյուս կողմից, ՀԿԿ կենտկոմի բյուրոյի անդամ եւ Երեւանի քաղաքային կոմիտեի քարտուղար, նույն Յուրի Մանուկյանը, պատասխանելով «Հայոց Աշխարհ»-ի հարցին՝ «Հնարավո՞ր է արդյոք, որ ՀՀԿ-ի, ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության միջեւ ձեւավորվի նախընտրական դաշինք», հայտարարել է՝ «Մենք ընդհանուր ոչինչ չենք կարող ունենալ այն քաղաքական ուժերի հետ, որոնք իրենց գործունեության առաջին խնդիրը չեն համարում Ռուսաստան - Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությունը»:

Օրվա մամուլի ուշադրության առարկա է եւ լուրը, որ Ժնեւում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով»: «Ազգ» թերթը առայժմ որոշակի կասկածանքով նշում է, թե դեռ կփորձի պարզել այս նախաձեռնության բուն, ներքին նպատակները: Ընդ որում, վերապահ մոտեցում է առաջ բերել եւ այն հանգամանքը, որ հիշյալ հանձնաժողովում Հայաստանից ընդամենը երկու հոգի են, երկուսն էլ՝ հհշական: «Երկիր» թերթը շատ ավելի կտրուկ՝ «Վտանգավոր արկածախնդրություն», վերնագրով խմբագրականում արդեն արձագանքում է. - «Ցանկացած երկխոսություն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն հիմնված լինի երկուստեք ընդունված ճշմարտության վրա, մինդեռ այս պարագայում ի սկզբանե որոշված է անտեսել այդ ճշմարտությունը եւ խոսել այնպես, ասես ոչինչ չի պատահել: Տարօրինակ եւ նույնիսկ վտանգավոր է այն փաստը, որ մինչեւ օրս գաղտնի պահված այս հանձնաժողովի գոյության լուրը հաղորդվում է Ստամբուլից եւ միջազգային մամուլի միջոցով: Մինչդեռ հայ ժողովրդին նվազագույն վստահություն ներշնչելու համար պետք է, որ այդ մասին հաղորդվեր նաեւ Երեւանից եւ հայկական լրատվամիջոցներով: Տասնանդամ հանձնաժողովի կազմի հրապարակված անուններից ՀՀՇ նախագահ Ալեքսանդր Արզումանյանի եւ Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր խորհրդի նախագահ Վան րիգորյանի անուններն առավել եւս այս նախաձեռնությանը կասկածանքով վերաբերվելու տեղիք են տալիս»: «Երկիր»-ի առանձնացմամբ, «մտահոգիչ է նաեւ այն պնդումը, թե Հայաստանի իշխանությունները, մասնակից չլինելով հանդերձ, լռելյայն համաձայն են այս նախաձեռնությանը: Մտահոգիչ է, որովհետեւ պարզ չէ, թե այդ համաձայնությունը ինչի արդյունք է: Ազգային-պետական շահերի խորը քննարկմա՞ն, թե՞ արտաքին ուժերի ճնշմա՞ն... Պարզ չէ, թե այս հանձնաժողովի կազմը ով եւ ինչ հիմունքներով է ընտրել»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG