Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հանդիպում Ժնեւում


Ըստ «Նյու Յորք Թայմս» թերթի ստամբուլյան թղթակից Դագլաս Ֆրանցի հրապարակման, երեկ Ժնեւում իր աշխատանքն է ավարտել հայ-թուրքական հաշտության հանձնաժողովը: Սրա անդամները վերջին ամիսների ընթացքում արդեն մի քանի հանդիպումներ են անցկացրել, եւ մինչեւ այս հանդիպումը չեն ցանկացել մամուլում լուսաբանել իրենց աշխատանքը, ենթադրելով, որ երկու երկրների հանրությունը տակավին պատրաստ չէ այդօրինակ երկխոսության: Երեկ, սակայն, հանձնաժողովականները հրապարակավ խոսել են իրենց նախաձեռնության մասին:

Խոսքը մասնավոր մակարդակով ստեղծված հանձնաժողովի մասին է, եւ պաշտոնական Երեւանն ու Անկարան այդ աշխատանքին՝ գոնե առերեւույթ, չեն մասնակցում: Հանձնաժողովի նպատակը համագործակցության եւ շփումների հաստատման հնարավորությունները քննարկել է, ինչը կարող է նպաստել ապագայում երկու կառավարությունների միջեւ ուղղակի կապ ստեղծելուն:

«Այս հանձնաժողովը բնավ չի հավակնում անել այն աշխատանքը, որը կոչված են կատարել Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները: Հանձնաժողովը, սակայն, կարող է որոշակի լիցք հաղորդել եւ առաջարկություններ ներկայացնել», - ասել է Վիեննայի դիվանագիտական ակադենիայի դասախոս, ամերիկացի գիտնական, հակամարտությունների կարգավորման հարցերով փորձագետ Դեյվիդ Ֆիլիպսը, որը եւ վարել է Ժնեւում հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի նիստը:

Առանցքային հակասությունը 1915 թվականն է: Հայաստանի համար դա հայերի ցեղասպանության խորհրդանիշն է: Թուրքերը, սակայն, փորձում են ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, եւ որ Առաջին համաշխարհային պատերազմում զոհվել են նաեւ մեծ թվով թուրքեր:

«Մեր նպատակը ճշմարտությունը պարզելը չէ: Մենք ցանկանում ենք նոր հորիզոններ բացել ապագայի համար եւ ընդլայնել փոխըմբռնման հնարավորությունները», - ասել է Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախկին դեսպասն, Ստամբուլի մասնավոր հիմնադրամի տնօրեն Օզդեմ Սանբերկը:

Հայկական կողմից հանձնաժողովի ժնեւյան նիստին մասնակցել է նախկին արտգործնախարար, «Հայոց ամազգային շարժում» կուսակցության նախագահ Ալեքսանդր Արզումանյանը: Նա, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի մեկնաբանի, նույնպես բարձր է գնահատել հանձնաժողովի աշխատանքը, ասելով, մասնավորապես, որ հանձնաժողովը անցյալի կոնֆլիկտները երկխոսության ճանապարհով հաղթահարելու հնարավորություն է տալիս:

Հանձնաժողովը երեկ հրապարակել է իր գործունեության ծրագիրը, ըստ որի, առաջնահերթ խնդիրներ են համարվում համագործակցությունը մշակույթի, բիզնեսի, զբոսաշրջության, կրթության եւ գիտության բնագավառներում: Հանձնաժողովը մտադիր է կազմակերպել պատմաբանների, իրավաբանների, հոգեբանների քննարկումներ:

Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովի աշխատանքին աջակցում է Ամերիկայի հայկական համագումարը: Հանձնաժողովի գործունեությանն իր հավանությունն է հայտնել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը: Ժնեւյան հանդիպմանը հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG