Մատչելիության հղումներ

Քոչարյանն ասում է, որ ուժային նախարարներին փոխելու հարց չի քննարկել


Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր կտրականապես հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե փոփոխություններ են նախատեսվում նաեւ ուժային նախարարություններում: «Որեւէ մեկի հետ երբեւիցե ուժային նախարարարություններում որեւէ փոփոխության մասին չեմ խոսել, չեմ քննարկել ընդհանրապես», - ասաց նախագահը:

«Քանի որ վերադասավորում է, չեմ կարծում, որ հատուկ մեկնաբանելու կարիք կա». - այսպես պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին:

Անդրադառնալով վերադասավորումների պատճառներին, Հայաստանի նախագահն ասաց, որ, մասնավորապես, պետեմակուտների համակարգում նման ռիթմով շարունակական աշխատանքը բավականին դժվար է, ուստի նպատակ է դրված ձեւավորել այնպիսի համակարգ, որը կկարողանա խուսափել հարկահավաքման մեջ նկատվող առիթմիկ դրսեւորումներից:

Երեկ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը նշանակվեց տրանսպորտի ու կապի նախարար Երվանդ Զախարյանի պաշտոնում, իսկ վերջինս՝ պետեկամուտների նախարար:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ասօր համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել է նոր նախարարներին, ինչպես նաեւ Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանին:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG