Մատչելիության հղումներ

Եվրամիությունը 100 մլն դոլար է ներդրել Հայաստանի էներգետիկ համակարգում




Որքան մոտենում է 2004 թվականը՝ Եվրամիության հետ համաձայնեցված Մեծամորի ատոմակայանի փակման ժամկետը, այնքան այդ հարցում ավելանում է Եվրամիության ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա։ Վերջիններս միշտ նույն փաստարկն են բերում. մինչեւ Հայաստանը չունենա ատոմակայանին փոխարինող համարժեք էներգետիկ հզորություններ, միջուկային ռեակտորը չի կարող դադարեցնել աշխատանքը։

Հայաստանի Էներգետիկայի նախարար Կարեն ալուստյանը երեկ հայտնեց, թե
Եվրոպական միությունն այդ հարցում որոշել է իր կողմից կոնկրետ քայլեր անել: «Եվրամիությունն ընդունեց հարցի լուծման, իմ կարծիքով, լուրջ բանաձեւ, որն առաջին հերթին նախատեսում է ստեղծել համապատասխան հիմնադրամ՝ ներգրավելով դոնոր երկրները: Եվ առաջին քայլը այդ ուղղությամբ կատարում է Եվրամիությունը», - ասաց նախարարը:

Եվրամիությունն, ըստ այդմ, «Տասիս» ծրագրի շրջանակներում այդ հիմնադրամի մեջ ներդրել է 100 միլիոն դոլար, որից 34 միլիոնը կծախսվի Հայաստանի հիդրոէներգետիկ համալիրի, 16 միլիոնը` գազամատակարման համակարգի զարգացման, իսկ մնացած 50 միլիոնը` Մեծամորի ատոմակայանի անվտանգության ավելացման նպատակով։

Կարեն ալուստյանի մատուցմամբ, նախատեսվում է տարեվերջին կամ մյուս տարվա սկզբին Եվրամիության հովանու ներքո հրավիրել դոնոր երկրների համաժողով, որտեղ գումարներ կհավաքագրվեն հայկական ատոմակայանին համարժեք էներգետիկ հզորություններ ստեղծելու նպատակով։ Եվրամիության փորձագետները Մեծամորի փակման այլընտրանքը գնահատել են 800 միլիոն դոլար: Մեր մասնագետների հաշվարկներով, այն պետք է կազմի մեկ միլիարդ դոլար։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG