Մատչելիության հղումներ

Նախկին ԽՍՀՄ-ից անջատված ինքնահռչակ երկրները մտադիր են համագործակցել


Լեռնային Ղարաբաղի իշխանություններն այսօրվանից հյուրընկալում են նախկին Խորհրդային Միության տարածքում գտնվող ինքնահռչակ չորս հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հերթական խորհրդակցությունը: Նպատակը միմյանց միջեւ բազմակողմանի կապերն ընդլայնելու ուղիներ գտնելն է ՝ փոխհատուցելու համար լիարժեք միջազգային ճանաչման բացակայությունը: Լեռնային Ղարաբաղի, Վրաստանից անջատված Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի, Մոլդովայից անկախանալու ձգտող Մերձդնեստրի հանրապետությունների արտաքին գործերի նախարարների երկօրյա խորհրդակցության ընթացքում հիմնականում քննարկվելու են տարածաշրջաններում միջազգային խաղաղարար ջանքերը:

Ըստ ղարաբաղցի պաշտոնատարների, կողմերը միմյանց տեղեկացրել են համապատասխանաբար Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ իրենց հակամարտությունների վերջին զարգացումների մասին: Չորս կազմավորումները, որ հաջողությամբ անջատողական պատերազմներ են մղել 90-ական թվականներին, վաղը ընդունելու են համատեղ հայտարարություն միջազգային ասպարեզում ավելի սերտորեն համագործակցելու վերաբերյալ:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը «կարեւոր» է բնորոշել նման շփումները: «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում, սակայն, նա շեշտել է, որ նախկին ԽՍՀՄ-ի տարածքի չորս չճանաչված երկրների խնդիրները պատմական եւ քաղաքական առումներով մեծապես տարբերվում են միմյանցից, ուստիեւ պահանջում են լուծման տարբեր ուղիներ:

Հանդիպման օրակարգի հարցերից է նաեւ համատեղ «լրատվական կենտրոնի» ստեղծումը, որ կոչված է լինելու հեշտացնել տեղեկատվության փոխանակումը նշված կազմավորումների միջեւ: Քննարկվելու են նաեւ անմիջական առեւտրական կապեր հաստատելու հնարավորությունները:

Անցած տասնամյակում փաստացի անկախություն վայելած այս չորս տարածքները հրաժարվել են Բաքվի, Թբիլիսիի եւ Քիշնեւի իշխանությունների կողմից արված լայն ինքնավարության տրամադրելու բազմաթիվ առաջարկություններից: Նրանք գերադասում են այդ պետությունների հետ ունենալ ազատ կոնֆեդերատիվ հարաբերություններ:

Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG