Մատչելիության հղումներ

Ջեյնի զեկույց. Մոսկվան դանդաղորեն դուրս է մղում Ջավախքը Վրաստանի ուղեծրից


Ըստ Ջեյնի հետազոտական կենտրոնի փորձագետ Մատվեեւայի, Ջավախքի հայերի նկատմամբ վրացիները վերաբերմունքն առնչվում է երկու խնդրի հետ: Նախ, հայերն ընկալվում են իբրեւ լծակ, որով Ռուսաստանը պահպանում է իր ազդեցությունը Վրաստանում: Երկրորդ, վրացիներն կասկածներ ունեն, թե հայերն անջատողական գաղափարներ են փայփայում. իսկ այս հարցում Վրաստանը գերզգայուն է:

Վրաստանի կազմի մեջ մտնող Ջավախքի բնակչության 95 տոկոսը հայեր են: Ջավախքը գրեթե կտրված է Վրաստանի մնացած մասից ոչ միայն սոցիալական, այլեւ քաղաքական ու տնտեսական առումներով: Եվ նման իրավիճակը, կարծես թե, բավարարում է ջավախքահայությանը: Ավելին, ցանկացած փոփոխություն նրանք ընկալում են որպես սպառնալիք:

Երբ 2000 թվականին Ռուսաստանը վիզային ռեժիմ մտցրեց Վրաստանի քաղաքացիների համար, բացառելով միայն Աբխազիայի եւ Օսեթիայի բնակիչներին, ջավախքահայությունն այդ փաստն ընկալեց որպես այն գինը, որ իրենք վճարեցին Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների վատթարացման համար:

Առավել շոշափելի հարված է սպասվում ապագայում, երբ Ռուսաստանը Ջավախքի Ախալքալակիից դուրս բերի իր 147-րդ մոտոհրաձգային դիվիզիան, որի գոյությունը տարածաշրջանի տնտեսական գոյատեւման հիմքն է: Դիվիզիայի ռազմակայանում աշխատող շուրջ 1600 հայերը ամսեկան վաստակում են մոտ 80 ԱՄՆ դոլարին համարժեք ռուսաստանյան ռուբլի, որն այս տարածքում գործող միակ վճարելամիջոցն է:

Սրան հավելեք ռազմակայանի գործունեությունն ապահովող նյութատեխնիկական մատակարարումը, ինչպես նաեւ անվճար ուսուցումը ռուսական դպրոցներում, բժշկական սպասարկումը եւ, վերջապես, ռուսաստանյան անձնագիր ստանալու հնարավորությունը, ինչը կարեւորագույն պայման է ցանկության եւ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանում աշխատանք գտնելու համար:

Ռուսաստանյան ռազմակայանի գոյությունն ապահովում է կայունությունն այս տարածքում, բացառում միջէթնիկական բախումները: Տեղաբնակների կարծիքով, ռազմակայանի դուրսբերման դեպքում իրավիճակը կարող է պայթել: Այստեղ բացասական դեր կարող է խաղալ Վրաստանի այն պարտավորությունը, ըստ որի, ստալինյան տարիներին աքսորված Մեսխեթի թուրքերը բնակեցվելու են հենց Ջավախքում: Այս քայլից, որին ընդդիմանում են Ջավախքում ապրող ինչպես հայերն, այնպես էլ վրացիները, Թբիլիսին առայժմ խուսափում է:

Մատվեեւան ավելի քան շոշափելի է համարում Ջավախքի կապերը Հայաստանի հետ: Խոսքը միավորման մասին չէ: Դրան հրապարակայնորեն դեմ են Հայաստանի իշխանությունները, ջավախքահայությունն էլ նման ձգտում չունի:

Փաստ է, այդուհանդերձ, որ որքանով կտրված է Ջավախքը Վրաստանի հիմնական մասից, այնքանով այն կապված է Հայաստանին՝ էներգետիկ համակարգով, ավտոճանապարհներով, առեւտրով, մշակույթով եւ այլն: Իսկ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմ մտցնելուց հետո տարածում է գտել մի նոր երեւույթ: Ջավախահայերը փորձում են ստանալ հայաստանյան անձնագրեր՝ Ռուսաստանում առանց բարդության աշխատանք գտնելու նպատակով: Եթե այս գործընթաց շարունակվի, ըստ փորձագետ Մատվեեւայի, հնարավոր չի լինի կասեցնել փաստացի ինտեգրացումը:

Ջավախքի զարգացումների տեսանկյունից, կարեւորագույն գործոնը Ռուսաստանի ներկայությունն է, ամփոփում է Ջեյնի հետազոտական կենտրոնի փորձագետը: Վրաստանի կառավարությունը շատ բան չի կարող առաջարկել իր թերզարգացած շրջանին եւ ի վիճակի չէ հակակշռել Մոսկվայի առաջարկը: Իսկ Մոսկվան դանդաղորեն դուրս է մղում Ջավախքը Վրաստանի ուղեծրից:

Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG