Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը վերաբերվում Ազգային ժողովում իր կարեւորած «Քաղաքացիական ծառայողի մասին» օրինագծի տապալմանը». «Առավոտ»-ի այս հարցին նախագահի խոսնակ Վահե աբրիելյանը պատասխանել է. - «Հենց կոռուպցիայի, թայֆայականության, կամայականության եւ նման այլ երեւույթների դեմ ակտիվ դեմագոգիա ծավալած անձանցից շատերը դեմ քվեարկեցին հատկապես նման երեւույթների դեմ պայքարելու կոչված օրինագծին։ Ակնհայտ է, որ չկա որեւէ զարգացած պետություն, որ չկանոնակարգի պետական ծառայության ինստիտուտը... Վստահ եմ՝ օրենքն ընդունվելու է»։

«Չկա Հայաստանում մի պատգամավոր, որը չի երազում գործադիր իշխանությունում մի տաքուկ աթոռի մասին: Հետեւաբար, թե' «կողմ», թե' փաստորեն «դեմ» քվեարկածները իրենց շահերն ունեին», - վերլուծում է «Առավոտ»-ը: - «Պետական ծառայությունը, անկախ պաշտոնական չնչին վարձատրությունից, եղել եւ մնում է Հայաստանում դեռեւս մնացած ժողովրդի մեծ մասի երազանքի պսակը», իսկ դրվածքն այնպիսին է մեզանում, որ հիշյալ օրենքը պաշտոնի կտանի միայն իշխանության մերձավորներին: Այնպես որ, Ազգային ժողովում «կողմ» ու «դեմ»-ի ջրբաժանը անցնում է հենց այն ելակետից, թե ով ինչպես է տեսնում իր մերձիշխանական ներկան ու հեռանկարը:

«Երկիր» թերթի արձանագրմամբ էլ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագիծը՝ պարունակելով իշխանության հետագա ամրապնդման ներքին զսպանակներ, ի հայտ բերեց խորհրդարանական ուժերի նոր բեւեռացում... ոչ թե գաղափարական, այլ քաղաքական հենքի վրա, երբ մի խումբը իր ապագան կապված է տեսնում նախագահի հետ, իսկ մյուսը՝ ոչ»: Ուշագրավ է, որ ընդդիմությանը փնովելու կողքին «Երկիր»-ի մեկնաբանը միեւնույն ժամանակ ամրագրում է հետեւյալ խորքային հանգամանքը. «Իշխանությունը խնդիր ունի ստեղծելու ադմինիստրատիվ ռեսուրսներ, որոնք խիստ անհրաժեշտ են գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում... Այնպես որ, խորհրդարանի քաղաքական ընդդիմությունը փորձում է լուծել գալիք քաղաքական մարտերի ճակատագիրը՝ իշխանությանը զրկելով իր համար նպաստավոր հենարան ստեղծելու հնարավորությունից»:

«Հայոց Աշխարհ»-ի մատուցմամբ, այսօր «ահաբեկչության թիրախ են բոլոր նրանք, ովքեր համարձակվում են խոսքով կամ գործով պաշտպանել երկրում տարվող քաղաքականությունը»: Եվ այս ամենը կազմակերպում են Աշոտ Մանուչարյանն ու նրա «Ազգային համաձայնության ճակատ»-ը: Թերթի ձեւակերպմամբ, իր մեթոդներով սա «վաղ շրջանի հհշիզմի «քաղաքական պայքարի» շատ ծանոթ ձեռագիրն է»: Հիշյալ «Ճակատ»-ի տարածած թռուցիկին ի պատասխան, «Հայոց Աշխարհ»-ն էլ հայտարարում է, թե «պարբերաբար հրապարակելու է այն քաղաքական գործիչների անունները, ովքեր ահաբեկչություն են իրականացնում երկրում, հակաօրինական գործողությունների կոչեր անում, դրանով իսկ պատասխանատվություն կրում քաղաքական թունավոր մթնոլորտ ձեւավորելու համար»:

«Ազգային համաձայնության ճակատի տարածած թռուցիկում հեղինակները խոստացել էին պարբերաբար հրապարակել այն քաղաքական գործիչների անունները, ովքեր սատարում են Ռոբերտ Քոչարյանին եվ սպասարկում են նրա ռեժիմի քաղաքական ուղեգիծը»: Այս մեղադրանքով առաջին ցուցակում տեղ էր գտել նաեւ կոմկուսի Երեւանի քաղկոմի քարտուղար Յուրի Մանուկյանի անունը: Այդ կապակցությամբ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Եթե Յուրի Մանուկյանը չհերքի իր հասցեին Մանուչարյանենց արված հայտարարությունը կամ Մանուչարյանենք՝ Ռոբերտ Քոչարյանին սատարելու եւ սպասարկելու հետ կապված ապացույցներ բերեն, ապա որեւէ ներողամտություն նրա նկատմամբ չի կարող լինել»: Պարոն Դարբինյանի մոտեցմամբ, «կոմունիստական գաղափարախոսությունը կրող մարդու համար վիրավորական է Ռ. Քոչարյանին եւ նրա ռեժիմին սպասարկելու մեջ մեղադրվել», եւ եթե Յուրի Մանուկյանը դա կհերքի, նրանից պահանջելու են դատի տալ հայտարարության հեղինակներին:

Ալբերտ Բազեյանը այսօր «Հայկական ժամանակ»-ում հետադարձ հայացքով անդրադառնում է ներիշխանական հակասություններին: «Իշխանափոխության միտումն, ընդհանրապես, եկել է Արցախից», -պատմում է նա: - «Սամվել Բաբայանն իր մտերիմների միջոցով եւ ինքն անձամբ հանդիպել է տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, անգամ աջ ուժերի ներկայացուցիչների հետ, մեզ հետ եւ պարզաբանել է, որ Ղարաբաղի հարցում իշխանությունները գնում են ոչ հայանպաստ լուծման, եւ միակ ուղին Լեւոն Տեր-Պետրոսյանին հեռացնելն է»: Պարոն Բազեյանի ներկայացմամբ, «Ռոբերտ Քոչարյանը ԵԿՄ-ի համար ցանկալի թեկնածու չի եղել»: Իշխանության ղարաբաղյան թեւը իշխանափոխության հարցում իրենց խաբել է: Եվ չնայած Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հավաստիացումներին, նրա եւ «Միասնություն» դաշինքի ծրագրերը միշտ էլ որոշակիորեն տարբերվել են:

«Եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ չլինեին մոտեցումների լուրջ տարբերություններ, Վազգեն Սարգսյանը չէր մտնի քաղաքական դաշտ եւ չէր ստեղծի քաղաքական ուժ», - ասում է Ալբերտ Բազեյանը: Իսկ հարցին՝ կարո՞ղ էին, արդյոք, Վազգեն Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերի միջեւ հակասությունները ընկած լինել հոկտեմբերի 27-ի հիմքում, պատասխանում է. - «Ես այդ մասին այժմ մեկնաբանությունները համարում եմ ոչ նպատակահարմար: Ժամանակը ցույց կտա»:

«Առավոտ» թերթի փոխանցմամբ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավարների երեկվա այցը Արմավիրի մարզ՝ կուսակցական սկզբնական կազմակերպություն հիմնելու նպատակով, ավելի քան հաջողված էր, եւ այդպես են մինչ այժմ ընթացել հանդիպումները նաեւ այլ մարզերում: «Ալբերտ Բազեյանին, Արամ Սարգսյանին ու Սուրեն Սուրենյանցին, ինչպես նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին Արմավիրում գրկաբաց ընդունեցին՝ եռագույն դրոշներով ու ինքնագործ խմբերի մասնակցությամբ», - վկայում է թղթակիցը։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, Ալբերտ Բազեյանը, մասնավորապես, ասել է, որ «98-ին նախագահ Քոչարյանը բազմաթիվ խոստումներ էր տվել, եւ իրենք՝ երկրապահներն ու կուսակցության այսօրվա անդամները, ովքեր ժամանակին պաշտպանել էին Ռ.Քոչարյանի թեկնածությունը, ակնկալում էին այդ խոստումների, գոնե, մի մասի իրագործումը, բայց՝ ապարդյուն»։ Հանդիպման ժամանակ շեշտադրվել է, որ «երկրում տիրող իրավիճակի հիմնական պատասխանատուն հանրապետության նախագահն է», այլ ոչ թե քավության նոխազ դարձող վարչապետները, կառավարությունները, եւ այսօրվա իշխանությունները նախորդներից առնվազն լավը չեն:

«Հայկական ժամանակ» թերթը լրացնում է, որ Արամ Սարգսյանն էլ իր ելույթը ավարտել է «Քոչարյանը պիտի հեռանա» եզրահանգմամբ, «Հանրապետություն» կուսակցությունը «արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը պատկերացնում է ոչ ուշ, քան աշնանը: «Այս առումով մենք համագործակցելու ենք մի շարք քաղաքական ուժերի հետ»,- ասել են կուսակցության ղեկավարները»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG