Մատչելիության հղումներ

ԱԺ-ն կրկին չընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը


Արտահերթ նստաշրջանի այսօրվա նիստում «Քաղաքացիական ծառայության մասին» օրնագիծը, ստանալով 63 «կողմ» եւ 2 «դեմ» ձայն, մերժվեց, քանի որ նիստին ներկա 43 պատգամավոր բոյկոտել էր քվեարկությունը: Փաստորեն, խորհրդարանական մի քանի ուժեր այսօր մարտահրավեր նետեցին թե' կառավարությանը, թե' երկրի նախագահին. մի քանի ամսվա ընթացքում այս էլ երկրորդ անգամ խորհրդարանը բուռն քննարկումներից ու քաղաքական կրքեր բորբոքելուց հետո քվեարկեց, բայց չհաջողեց ընդունել կառավարության ներկայացրած օրինագիծը:

Քվեարկությունը բոյկոտեցին ՀԺԿ պատգամավորները, հայկոմկուսը, «Իրավունք եւ միաբանությունը»-ը, «Հայաստան» խումբը՝ մեկ֊երկու բացառությամբ: Քվեարկությանը չմասնակցելու կոչեր հնչեցրին նաեւ անկախ պատգամավորներներ Շավարշ Քոչարյանն ու Արշակ Սադոյանը: Նրանց նախկին խմբակցությունը՝ ԱԺՄ֊ն, կողմ քվեարկեց: Կողմ քվեարկեցին նաեւ «Միասնություն» դաշինքի հանրապետական թեւը, «Օրինաց երկիր», ՀՅԴ խմբակցությունները, «Կայունություն» եւ «Ժողովրդական պատգամավոր» խմբերը:

Օրինագծին կողմ քվեարկած ՀՀԿ-ի ներկայացուցիչ, «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կարծիքով, «այս օրենքը կապ չունի նախագահին պաշտպանող քաղաքական ուժերի հետ: Սա կապ ունի պետության մի ոլորտի ուժեղացման հետ»:

ԱԺՄ խմբակցության ղեկավար Վազգեն Մանուկյանն իրենց դիրքորոշումը բացատրեց նման օրենք ունենալու անհրաժեշտությամբ: Փաստարկին, թե այս օրենքի ընդունմամբ ամեն ինչ կենտրոնանում է նախագահի ձեռքում, Վազգեն Մանուկյանը հակադարձեց. «Չկա ավելի վատ օրենք, քան ներկա վիճակն է»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը նույնպես անհրաժեշտություն համարեց պետական ծառայողի մասին օրենսդրության ընդունումը, իսկ «մնացած ամեն ինչը, դա արդեն քաղաքականություն է, ներքաղաքական սրվող պայքարի դրսեւորում»:

Քվեարկությունը բոյկոտած հայկոմկուս խմբակցության անդամ Ֆրունզե Խառատյանը՝ օրինագծի իրավական թերություններ մատնանշելով հանդերձ, ասաց, որ այն նաեւ համահունչ չէ այսօրվա քաղաքական մթնոլորտին. երբ տարբեր քաղաքական ուժեր պահանջում են նախագահի լիազորությունների կտրուկ սահմանափակում, «ներկայացվում է օրինագիծ, որը գործող սահմանադրական դրույթներին հակառակ, փորձում է ընդլայնել նախագահի իրավասության շրջանակները»:

Քվեարկությանը չմասնակցած «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը՝ հիշեցնելով, որ, բացի «Քաղաքացիական ծառայության մասին» օրինագծից, Ազգային Ժողովի ընթացիկ արտահերթ նստաշրջանում քննարկվում են նաեւ հանրահավաքների եւ ցույցերի անցկացմանը, պետական գույքի մասնավորեցմանը վերաբերող օրինագծեր, ասաց. - «Այս արտահերթ եռօրյայի ընաթցքում իր ավարտին է մոտենում 2003 թվականի նախագահական ընտրությունների նախապատրաստման առաջին փուլը»:

Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի (ՀՀԿ) բնորոշմամբ, օրինագծին դեմ են քվեարկել այն ուժերը «որոնք հույս ունեն, որ գալու են իշխանության հաջորդ ընտրություններին»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG