Մատչելիության հղումներ

Տոկիոյում տեղի ունեցավ Հայաստան-ճապոնիա առաջին գործարար խորհրդաժողովը


Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարության ՋԵԹՌՕ գործակալության փոխտնօրեն Վաքաբայաշին հայտնեց մեր ռադիոկայանին, որ Տոկիոյի հարավկովկասյան ցուցահանդեսն արդեն այցելել են շուրջ 1200 ճապոնացի գործարարներ, որոնք հետաքրքրությամբ են ուսումնասիրում ցուցահանդեսում ներկայացված արտադրանմուշները:

ճապոնացի պաշտոնյան ասաց, թե պաշտոնական այցելուների թիվը բավական մեծ թիվ է նման ցուցահանդեսների համար: Վաքաբայաշին խուսափեց գնահատականներ տալ ցուցահանդեսի ընթացքին. «Ես չեմ կարող ասել, թե ճապոնացի գործարարները ինչպիսի որոշումներ են կայացրել: Մենք այս հարցում զգուշավոր ենք», - ասաց ՋԵԹՌՕ-յի փոխտնօրենը: ճապոնական շուկա մտնելը հեշտ գործ չէ: Տոկիոյի ցուցահանդեսը առաջին լուրջ առիթն էր ճապոնացիների համար սկզբնաղբյուրից տեղեկություններ ստանալ այդ երկրների մասին, համտեսել գինիները, սննդամթերքը, շոշափել կովկասյան ապրանքատեսակները:

Վաքաբայաշին հայտնեց, որ հայկական արտադրատեսակներից հատկապես մեծ հետաքրքրություն է առաջացրել կոնյակը: Սակայն, Ճապոնիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի կարծիքով, Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ ապագա համագործակցության ամենախոստումնալից ոլորտը տուրիզմն է:

«Ոչ միայն Հայաստանը, այլեւ Վրաստանն ու Ադրբեջանը հայտնի պատմական վայրեր ունեն, իսկ ճապոնացիները սիրում են եւ միջոցներ ունեն ճանապարհորդելու համար», - ասաց Վաքաբայաշին: Ճապոնացի պաշտոնյան հայտնեց, որ Տոկիոյի ցուցահանդեսին մասնակցել են նաեւ Ճապոնիայի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչները: ՋԵԹՌՕ-ն հանդիպումներ է կազմակերպել Ճապոնիայի եւ Հայաստանի տուրիստական ընկերությունների միջեւ: ործարքներ ու պայմանագրեր առայժմ չեն ստորագրվել: Վաքաբայաշիի խոսքերով, ճապոնական գործարար ավանդույթներին բնորոշ չէ հապճեպ որոշումներ կայացնելը:

«Ճապոնական ընկերությունները միշտ նոր հնարավորություններ են որոնում եւ Հարավային Կովկասը հետաքրքրում է նրանց», - ասաց Վաքաբայաշին: Նրա խոսքերով, Ճապոնիան շատ ակտիվ է եւ արդեն ներդրումներ է կատարել Ադրբեջանում: Ճապոնական երկու խոշոր ընկերություններ արդեն այնտեղ են, եւ նրանցից մեկն արդեն սկսել է նավթահանքի հորատման աշխատանքները:

Տոկիոյի ցուցահանդեսում Հայաստանը հատկապես գովազդում էր իր տեղեկատվական տեխնոլոգիաները: Ըստ Վաքաբայաշիի, ճապոնացիները այդ մասին փաստորեն ոչինչ չգիտեին: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաները հետաքրքրեցին ճապոնացի գործարարներին: Նրանք անընդհատ հարցեր էին տալիս այդ մասին: Տոկիոյի ցուցահանդեսին մասնակցած խոշորագույն ընկերությունների թվում էին «Սումիթոմո» եւ «Միցուի» երկու առաջատար առեւտրական ընկերությունները:

Ցուցահանդեսը շարունակվում է, եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտոնյաները ճապոնացի գործարարներին են ներկայացնում իրենց երկրներում ներդրումների հնարավորությունները, պատմում են հարկային օրենքների մասին: Այսօր ցուցահանդեսին զուգահեռ տեղի ունեցավ նաեւ Հայաստան-Ճապոնիա գործարար խորհրդաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի արտգործնախարար Վարդան 0սկանյանը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն ճշմարիտյանը: Խորհրդաժողովին ներկա էին նաեւ Ճապոնիայի փոխարտգործնախարար Թոշիմիցու Մորին եւ էկոնոմիկայի, առեւտրի ու արդյունաբերության փոխնախարար Թասե Շուլիան:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG