Մատչելիության հղումներ

Նաիրա Մելքումյանի կարծիքով, Ադրբեջանում ծավալվող հակահայկական մթնոլորտը վտանգում է բանակցությունները




«Փարիզյան սկզբունքները պահպանում են իրենց կենսունակությունը, եւ դրանց հիման վրա հնարավոր է, որ միջնորդները մշակեն նոր փոխզիջումային ծրագիր» - «Ազատություն» ռադիոկայանին այսօր տված հարցազրույցում ընդգծել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը: - «Սակայն հակամարտության կարգավորմանը միտված ցանկացած նոր առաջարկություն ներկա պահին դատապարտված է ձախողման՝ Ադրբեջանում ծավալվող հակահայկական հիստերիկ մթնոլորտի պատճառով»:


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը երեկ նամակ է հղել այսօր Մալթայում եռօրյա իրենց հանդիպումն սկսող Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով պատերազմի քարոզչության վրա. «Ադրբեջանական կողմն իր այս հրապարակային հայտարարություններով խախտում է միջազգային իրավունքի նորմերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի լխավոր ասամբլեայի 1987 թվականի հայտնի հռչակագիրը, որը արգելում է նման կոչերով հանդես գալ թե' իշխանությունների, թե' ընդդիմության ներկայացուցիչներին՝ ցանկացած խնդիր լուծելու համար: Նամակում մենք պահանջում ենք վերջապես ուշադրություն դարձնել այս իրավիճակին: Նշում ենք, որ տարիների ընթացքում մենք մի քանի անգամ հուշագրեր ենք ներկայացրել համանախագահությանը, հայտարարություններ ենք արել այդ կապակցությամբ, եւ որեւէ լուրջ արձագանք, դատապարտող հայտարարություն միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ համանախագահների կողմից, չի եղել»:

Խաղաղ գործընթացը արդյունավետորեն շարունակելու համար, ըստ Նաիրա Մելքումյանի, ներկայումս շատ կարեւոր է, որ կողմերը դրսեւորեն ոչ միայն բանակցելու, այլեւ հաշտության գալու կամք: Հենց վերջինիս բացակայությունից է քաղաքական Բաքուն հայտնվել տագնապահարույց վայրիվերումների մեջ:

ԼՂՀ արտգործնախարարը «մտածված» չհամարեց համանախագահների այն գնահատականը, թե երկու ժողովուրդները պատրաստ չեն խաղաղության: « Թե մեր ժողովուրդը, թե ադրբեջանական ժողովուրդը միշտ պատրաստ են խաղաղության, միշտ պատրաստ են փոխզիջման»: Նախարարը համարում է, որ ադրբեջանական հասարակությանը հանգամանորեն չի բացատրվել, թե որն է փոխզիջման էությունը: Բացատրելու շատ բան կա նաեւ այս կողմում: Եվ քանի դեռ բանակցությունները ընթանում են խորհրդապահական կարգով, հասարական դիրքորոշումը եւ դրանց գնահատականները ենթադրական կլինեն: Ուստի, Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարի կարծիքով, կողմերն այնքան էլ մոտ չեն հակամարտության կարգավորմանը:

Նաիրա Մելքումյանը դեմ է բանակցությունների սառեցմանը. «Ես համոզված եմ, որ սառեցումը որեւէ արդյունք չի բերում: Հակառակը, մենք պետք է ընդլայնենք բանակցությունները վերսկսելու բոլոր հնարավորությունները: Եթե մենք այսօր չենք կարող սկսել պաշտոնական բանակցություններ, ապա հնարավորության կա բանակցություններ սկսել խորհրդարանների անդամների, լրագրողների, գիտնականների միջեւ»:

Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG