Մատչելիության հղումներ

Բրիտանական «Էկոնոմիստ»-ի կարծիքով, 2001-2002 թվականներին Ղարաբաղյան խաղաղության պայմանագիր չի ստորագրվի




Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր հանդեսի հետազոտական հավելվածը, որը լույս է տեսել այս տարվա մայիս ամսին, նվիրված է 2001 եւ 2002 թվականներին Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքական զարգացումներին եւ հեռանկարներին: Հետաքրքիր է նաեւ Ադրբեջանին նվիրված հավելվածը, որն անմիջականորեն կապվում է մեր իրականության հետ:

Ըստ բրիտանացի փորձագետների, Ռոբերտ Քոչարյանի դիրքերը ամրապնդվել են, ավելի ապահով են՝ «Միասնություն» դաշինքում առաջացած ճեղքերի պատճառով: «Էկոնոմիստ» հանդեսը կանխատեսում է, որ այս տարի եւ հաջորդ տարվա ընթացքում նախագահ Քոչարյանի դիրքերը շարունակելու են ամրապնդվել: Այս իրողությունը, սակայն, կապված է ոչ թե նրա քաղաքական խորաթափանցության, այլ «Միասնություն» դաշինքի հետագա թուլացման հետ: Եթե «Միասնություն»-ը չկարողանա համախմբվել, ապա շատ հավանական է, որ դրա երկու բաղկացուցիչ մասերը՝ հանրապետական եւ Ժողովրդական կուսակցությունները բաժանվեն միմյանցից: «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների կարծիքով, «Միասնություն»-ն առայժմ կմնա: Բայց եթե այն մասնատվի, ապա կարող են նշանակվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ հակառակ դեպքում խորհրդարանը կմնա առանց լեգիտիմ մեծամասնության:

Իսկ ինչպիսի՞ նոր վերադասավորումներ կարող են լինել հայոց խորհրդարանում: «Էկոնոմիստ»-ի փորձագետների գտնում են, որ վերջերս ձեւավորված «Հանրապետություն» կուսակցությունը, կարող է վերաճել զգալի աջակողմյան կենտրոնամետ քաղաքական ուժի: Սակայն «Էկոնոմիստ»-ը դժվարանում կարծիք հայտնել, թե կարո՞ղ է արդյոք այդ ուժը լուրջ քաղաքական մարտահրավեր նետել Ռոբերտ Քոչարյանին: Ռոբերտ Քոչարյանի բոլոր քաղաքական քայլերը հիմք են տվել «Էկոնոմիստ»-ի հետազոտական հավելվածի վերլուծաբաններին ենթադրելու, որ Հայաստանի նախագահը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում: «Հանրապետություն» կուսակցության ստեղծումը կարող է խարխլել հանրապետական կուսակցության եւ «Միասնություն» դաշինքի դիրքերը: Իսկ «Միասնության» հետագա թուլացման հետեւանքով էլ ավելի կուժեղանա կառավարության նկատմամբ Քոչարյանի վերահսկողությունը:

Բրիտանական «Էկոնոմիստ»-ն, ըստ էության, լավ ապագա է կանխատեսում նորաստեղծ «Հանրապետություն» կուսակցության համար: Հանրապետական եւ «Հանրապետություն» կուսակցությունների գաղափարախոսությունները նույնն են, եւ այդ կուսակցությունները կարող են մրցել առաջատար դիրքերի եւ կառավարաության վրա ներազդեցություն ձեռք բերելու համար, եզրակացնում «Էկոնոմիստ»-ը:

Ինչպես տեսնում ենք, ըստ բրիտանացի փորձագետների, քաղաքական վերադասավորումները առաջիկա երկու տարիներին ուժեղացնելու են նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը, ինչը շատ վճռական նշանակություն ունի ղարաբաղյան բանակցային գործընթացի համար: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խաղաղ գործընթացին, ապա, «Էկոնոմիստ»-ի կարծիքով, ուսումնասիրվող ժամանակահատվածում, այսինքն՝ 2001-2002 թվականներին հակամարտությունը չի կարգավորվի:

«Էկոնոմիստ»-ի կարծիքով, Հեյդար Ալիեւը կպահպանի իր իշխող դիրքերը: Քաղաքական կայունությունը երկրում կպահպանվի: Բայց Ադրբեջանը քննադատության է ենթարկվելու ազատությունների սահմանափակման համար: Իսկ Ադրբեջանի կայունությանը սպառնացող վտանգներից մեկը 77-ամյա Հեյդար Ալիեւի իշխանության ապահով փոխանցման բացակայությունն է: Այդուհանդերձ, «Էկոնոմիստ»-ը հույս է հայտնում, որ նման իրավիճակ ստեղծվելու դեպքում երկրի քաղաքական վերնախավը կերաշխավորի իշխանության սահուն փոխանցումը:

Միջազգային միջնորդները մեծ ցանկություն ունեն կարգավորել տարածքային վեճը հայերի եւ ադրբեջանցիների միջեւ: Շատերն են համոզված, որ միայն Հեյդար Ալիեւն է ունակ հակամարտության լուծման համար անհրաժեշտ փոխզիջումներ կատարել եւ երաշխավորել, որ կարգավորումն ընդունվի երկրի քաղաքական ուժերի կողմից: Ալիեւի մահը կմեծացնի վտանգը, որ նոր նախագահը, չունենալով ներքին աջակցություն, պակաս հակված կլինի զիջումների: Քոչարյան-Ալիեւ բանակցություններն մինչեւ այժմ ընդհանուր հող չեն ստեղծել խաղաղության պայմանագրի համար, թեեւ աստիճանաբար ձեւավորվում են այդ պայմանագրի ընդհանուր սկբզունքները:

Ադրբեջանցիները պահանջում են երկրի տարածքային ամբողջականության ապահովում, Լեռնային Ղարաբաղ եւ նրա շրջակա ադրբեջանական տարածքը ադրբեջանցի փախստականների վերադարձի հնարավորության ստեղծում: Ադրբեջանցիները միաժամանակ համաձայն են ընդարձակ ինքնավարության տալ Լեռնային Ղարաբաղին: Նույնիսկ բանակցությունները հաջող ընթացքի դեպքում, տեւական խաղաղությունն անհնար կլինի, եթե Հայաստանի քաղաքական ուժերը չաջակցեն խաղաղության պայմանագրին, եզրակացնում է «Էկոնոմիստ»-ը:

Բրիտանացի փորձագետների կարծիքով, Հեյդար Ալիեւը կցանկանա վերացնել Հայաստանի հետ բանակցություններում ստեղծված գլխավոր խոչընդոտները մինչեւ իր նախագահական լիազորությունները որդուն՝ Իլհամ Ալեւին փոխանցելը, որպեսզի վերջինիս համար հեշտ լինի ստորագրել ցանկացած խաղաղության պայմանագիր: Սակայն, ըստ «Էկոնոմիստ»-ի վերլուծաբանների, Իլհամ Ալիեւը զուրկ է իր հոր քաղաքական գրավչությունից եւ հայտնի չէ, թե որքանով կաջակցի նրան երկրի քաղաքական վերնախավը:

«Էկոնոմիստ»-ի վերլուծաբանները, չկանխատեսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջիկա երկու տարվա ընթացքում, միաժամանակ եզրակացնում են, որ միջազգային ճնշումը եւ շարունակվող բանակցությունները կնվազեցնեն լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:

Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG