Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ծայրահեղ գաղտնապահ են օրենսդիրները», - մասնագիտորեն դժգոհում է «Առավոտ»-ի թղթակիցը, որը երեկ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ նախագահ Քոչարյանի հանդիպման բովանդակության մասին կարողացել է պարզել միայն այնքան, ինչքան սովորաբար հնարավոր է լինում նման դեպքերում: Պատառիկներից, ամեն դեպքում, ուրվագծվում է, որ զրուցել են երկու հիմնական հարցի շուրջ՝ «ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ընթացիկ վիճակ» եւ «սահմանադրական բարեփոխումներ»: Ընդ որում, «խոսքը գնում է ոչ թե Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, այլ՝ նոր խմբագրմամբ Սահմանադրություն ընդունելու»: Այս հարցով հանրաքվե է նախատեսվում եկող տարվա գարնանը, եւ, ինչպես «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է թղթակցին ասել՝ «եթե քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում չունենան... ապա հանրաքվեի ժամանակ կասկածելի իրավիճակ կառաջանա»։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, պարոն Սահակյանի փոխանցմամբ, որեւէ տեղեկություն չի ավելացել մինչեւ այժմ հայտնիին, կրկին հաստատվել է, որ հարցի ձգձգումը կապված չէ Հայաստանի հետ: Նախագահ Քոչարյանը նաեւ ասել է, որ «Հայաստանն այլեւս մտադիր չէ ինչ-ինչ փոփոխություններ կատարել իր սկզբունքներում եւ բանակցային գործընթացում»:

«Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է, «որ ինքը այդպես էլ չհասկացավ, թե ինչի՞ համար էր նախագահը հրավիրել իրենց եւ ինչի՞ մասին էր խոսակցությունը»: Թղթակցի տպավորությամբ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն էլ ակնհայտորեն չէր հասկացել, թե ինչի՞ մասին է եղել հանդիպումը, այլապես չէր ասի. - «Վաղը կարդացեք իշխանամետ մամուլը, եւ այնտեղ կտեսնեք ոչ միայն նախագահի արտահայտած, այլեւ չարտահայտած մտքերը, երեւակայածն ու խորիմաստորեն թաքցրածը»:

Վազգեն Մանուկյանը ընտրվել է «հեռահաղորդակցության ոլորտում կառավարության գործունեությունը կամ «ԱրմենՏելի» պայմանագրային պարտավորությունների կատարումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ»: «Տպավորությունն այնպիսին է, թե Ռոբերտ Քոչարյանը «ԱրմենՏելի» հետ կապված հարցերը վստահում է բացառապես ԱԺՄ-ին», - անդրադառնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մեկ այլ ԱԺՄ-ականի, ներկայումս պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին էր ժամանակին վստահված «ԱրմենՏելի» մասնավորեցման օրինականությունն ուսումնասիրելու առաքելությունը»: «Հայկական ժամանակ»-ում փոխկապվում է, թե գուցե Վազգեն Մանուկյանն է ընտրվել հանձնաժողովի նախագահ, որպեսզի բացառվի Դավիթ Վարդանյանի համար որեւէ տհաճ բացահայտում:

Ոչ այդպիսի կասկածանքով, իհարկե, բայց Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանն էլ ցանկալի է համարում, որ հիշյալ «հանձնաժողովը աշխատանքներն սկսի Դավիթ Վարդանյանի օրոք նախագահի վերահսկողության ծառայության կողմից պատրաստված նյութերի ուսումնասիրությունից: Այդ զեկույցում, կարծում եմ, կա այն բանալին, որը կօգնի կապի ոլորտում տեղի ունեցածի մասին ճշմարտացի պատկերացում կազմել», - ասել է Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին:

Հատկապես «Հայոց Աշխարհ»-ի էջերում է բուռն վրդովմունք առաջացրել «գաղութների վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանին «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովի փորձագետի դերում» տեսնելու ոմանց ցանկությունը: «Ինչպե՞ս կարող է «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնողներին (որոնք, ի դեպ, հետագայում անմեղ են ճանաչվել) անձամբ խոշտանգումների ենթարկած անձնավորությունը հավակնել փորձագետի տեղին», - տարակուսում է թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, մանրամասնելով, թե ինչպես իրեն էլ, ընդդիմադիր մի շարք գործիչների շարքում, նույն Սաղաթելյանը 1996-ի սեպտեմբերի 26-ին անձամբ ծեծել է: Ի վերջո, խմբագիրը խնդրում է իր «հրապարակումը դիտել որպես պաշտոնական դիմում ՀՀ դատախազությանը եւ ենթարկել Սաղաթելյանին քրեական պատասխանատվության»:

Կարեւորելով խորհրդարանի առաջիկա նիստում քննարկվելիք «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքը, Ազգային ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Ժամանակ» թերթում շեշտում է. - «Անկախության տարիների Հայաստանի ամենամեծ բացթողումը պետական կառավարման համակարգում բարեկարգումների բացակայությունն է...Ձեւավորվեց նոր պետական կառավարման համակարգ՝ հին սկզբունքներով, ինչն այսօր երկրի զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այդ համակարգում արմատավորվեցին ու լայն տարածում ստացան կաշառակերությունը, հովանավորչությունը»:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Ծաղիկյանն էլ «Երկիր»-ի հարցազրույցում փաստել է. - «Ինչպես տեղի մասնագետները, այնպես էլ այն օտարերկրացիները, ովքեր քիչ թե շատ ծանոթ են Հայաստանում կոռուպցիայի տարածվածությանը, ունեն որոշակի եւ միանշանակ կարծիք. այսօր ՀՀ-ում կոռուպցիայի տարածվածությունն այն աստիճան է, որ վտանգում է ընդհանրապես մեր պետականությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական բոլոր գործընթացները, տնտեսական բարեփոխումները»: «Ընդհանրապես, թյուր եւ վտանգավոր կարծիք կա, թե կոռուպցիայի դեմ պետք է պայքարեն սոսկ իրավապահ մարմինները», - ասում է պարոն Ծաղիկյանը: - «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ամբողջ պետության խնդիրը, եւ մենք կետ առ կետ սահմանում ենք, թե որ պետական մարմինն ինչ անելիք ունի...Ցանկացած պետական ձեռնարկությունում, պետական ապարատի ցանկացած հատվածում պետք է լինեն մարմիններ, որոնք կանխարգելման համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն... Յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ունենա հակակոռուպցիոն ներքին ծրագիր»:

Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետը հիմնարար կետերից ընդգծում է պետական ուռճացած ապարատի կրճատումը, ավելորդ օղակների վերացման հաշվին աշխատավարձի կտրուկ ավելացումը: Նա անհեթեթ է որակում մտավախությունը, թե այդպես գործազրկությունը կսաստկանա. - «Այսօր պետական ապարատում վարձատրությունն այնքան ցածր է, որ ծառայողների մի մասը կաշառակերությամբ, ապօրինի շահադիտական գործունեությամբ է զբաղված, մյուս մասն էլ այս կամ այն կերպ իրենց համար մի հնարավորություն են ստեղծել՝ օբյեկտներ ունեն, արտադրություններ... Պետք է մնան եւ աշխատեն միայն այն մարդիկ, ովքեր տվյալ տեղում ունակ են աշխատելու, իսկ կրճատվածները հանգիստ կգնան ու կկանգնեն իրենց կողմնակի աշխատանքի գլխին»


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG