Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ էին խաղաղությանը 1999 թ. աշնանը, ասում է Սթրոբ Թալբոթը:





(Վաշինգտոն, 19.06.01, Թուրան). ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Սթրոբ Թալբոթը, Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակցին տված հարցազրույցում արդրադարձել է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մրցակցությանը Հարավային Կովկասում: Թալբոթն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կարող են հավասարակշռված հարաբերություններ ունենալ Հարավային Կովկասում, դրա համար, սակայն, նրանք պետք է հաղթահարեն որոշ խոչընդոտներ:

«Մոսկվայում անվստահության միտում կա Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դիվանագիտական, տնտեսական եւ անվտանգության հարցերի գծով ամերիկյան մասնակցության հանդեպ: Բնազդաբար՝ եւ միանգամայն անարդարացիորեն, որոշ մարդիկ Մոսկվայում մտածում են. եթե ԱՄՆ-ը ներկա է Հարավային Կովկասում եւ ակտիվ է Ադրբեջանում, Հայաստանում եւ Վրաստանում, ապա դա վատ է Ռուսաստանի համար», - ասել է նա:

Սթրոբ Թալբոթն առաջարկել է մի նոր մոտեցում, որը կարող է փոխարինել սառը պատերազմից ածանցված հին վերաբերմունքին: Ըստ նրա, «Այդ նոր մտածողության շրջանակներում ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ այլ երկրները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում կայունության հաստատմամբ եւ այդ տարածաշրջանների երկրների բարգավաճմամբ, պիտի միասին աշխատեն այդ հարցերի ուղղությամբ: Շահագրգիռ երկրների թվում են նաեւ Թուրքիան եւ Չինաստանը, կարող էր լինել նաեւ Իրանը՝ եթե, ընդհանուր առմամբ, ավելի կառուցողական արտաքին քաղաքականություն վարեր»:

Տալբոթը չի բացառել ՆԱՏՕ-ի ընդարձակումը Հարավային Կովկասի ուղղությամբ. «Ոչ մի երկիր չի կարելի դուրս թողնել ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացից: Հարավկովկասյան առաջնորդներից, մասնավորապես, Էդուարդ Շեւարդնաձեն, կարծես թե, արդեն բախում է ՆԱՏՕ-ի դուռը»:

«Իմիջիայլոց, ապագայում չի կարելի բացառել նաեւ բուն Ռուսաստանի ընտրության իրավունքը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում«,- ավելացրել է նա:

Սթրոբ Թալբոթը, որը Քլինթոնի վարչակազմում զբաղեցնում էր պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «շատ-շատ մոտ էին խաղաղությանը» 1999թ, աշնանը: Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաեւ 8 այլ բարձրաստիճան պաշտոնյաներ սպանվեցին Ազգային ժողովի շենքում ահաբեկիչների զինված խմբի կողմից Թալբոթի Երեւանից մեկնելուց ընդամենը մի քանի ժամ հետո:

«Հայկական խորհրդարանում կատարված սպանդը աղետ էր մարդկային, քաղաքական եւ աշխարհաքաղաքական մակարդակներով: Քոչարյանի, Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի հետ անձնական շփումներիցս ելնելով, կարող եմ ասել, որ նրանք, իրոք, շատ մոտ էին խաղաղությանը: Դա իսկապես ողբերգություն էր», - ասել է Թալբոթը:

Միաժամանակ նա հույս է հայտնել ապագայի վերաբերյալ. - «Այնուամենայնիվ, ես չեմ կորցրել հույսը, որ եղած առաջընթացը հնարավոր է վերականգնել: Միանշանակ է, որ քաղաքական կարգավորման ուղի գտնելը շահեկան է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների համար: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ ամենաբարձր մակարդակով, եւ միջազգային աջակցություն», - ասել է նա:

Թարգմ.՝ Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG