Հունիսի 16-ին Լյուբլյանայում տեղի ունեցած ԱՄՆ - Ռուսաստան գագաթնաժողովի ավարտից հետո, նախագահ Ջորջ Բուշը հայտնեց լրագրողներին, որ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հաստատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները կհանդիպեն ուրբաթ օրը Մալթայում, որպեսզի գտնեն խաղաղության գործընթացն առաջ մղելու ուղիները: Արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը «Ազատություն» ռադիակայանին ասել է, որ հանդիպումը կտեւի երեք օր:
Հունիսի 22-24-ը Մալթայում կայանալիք արտահերթ այդ հանդիպումը նպատակ ունի հաղթահարել բանակցային գործընթացում ծագած բարդությունները: Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, Ինտերֆաքս լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մալթայում Ռուսաստանը ներկայացնելու է, ոչ թե Նիկոլայ Գրիբկովը, այլ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը:
Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովի մասնակցությունը Մալթայի հանդիպմանը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է լրջորեն զբաղվել բանակցային գործընթացի առջեւ ծառացած խոչընդոտները վերացնելու հարցով:
Մալթայի առաջիկա հանդիպման ընթացքում համանախագահները հավանաբար կհարթեն նաեւ միմյանց միջեւ ծագած տարաձայնությունները: Մինչեւ ժնեւյան բանակցությունների հետաձգումը, եռանախագահների գնահատականները բանակցային գործընթացում ստեղծված կացության վերաբերյալ հաճախ հակասական էին: Ակնհայտ հակասությունները ռուսաստանցի եւ ամերիկացի համանախագահներ Գրիբկովի եւ Քավանոյի գնահատականներում որոշ մեկնաբանների նույնիսկ հիմք տվեցին ենթադրելու, որ ժնեւյան հանդիպումը հետաձգվել է հատկապես Ռուսաստանի եւ Ամերիկայի հակասությունների, այլ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ծագած անհամաձայնույթան պատճառով: Սակայն ինչպես իրենք համանախագահները հայտարարեցին, Ժնեւյան հանդիպումը հետաձգվել է բանակցությունների բոլոր կողմերի այդ թվում նաեւ համանախագահների փոխադարձ համաձայնությամբ:
Ըստ Ինտերֆաքս գործակալության հաղորդագրության, Մալթայի հանդիպմանը համանախագահները քննարկելու են Ղարաբաղյան կարգավորման գործընթացի հետագա քայլերը, ճակատային գծի երկայնքով վստահության գոտու ստեղծման միջոցառումները եւ փասխտականների հարցը:
Հրաչ Մելքումյան՝ Երեւան, Հրայր Թամրազյան՝ Պրահա