Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված կերպարվեստի մեծ ցուցահանդես




Հայ նկարիչների ներկայացրած շուրջ 800 գործերից ընտրված մոտ 400 աշխատանքների ցուցահանդեսը, որ բացվել է Հայաստանի նկարիչների տան ցուցասրահներում, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքերով, վերջին տասնամյակի ամենամեծ ցուցահանդեսն է:

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում կազմակերպված այս ցուցահանդեսում ներկայացված են 150 հայ նկարիչների վերջին մեկ-երկու տարվա աշխատանքները: Ցուցահանդեսը կազմակերպվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ: Մայր Աթոռն է տրամադրել նաեւ մրցանակային ֆոնդը՝ մոտ 8000 դոլար, որը բաշխվելու է 30 ապագա մրցանակակիրների միջեւ, ասաց Կարեն Աղամյանը:

Մրցանակակիրներին որոշելու է նույն մրցութային հանձնաժողովը, որը կատարել է ցուցահանդեսի աշխատանքների ընտրությունը: Նրանց անունները հայտնի կդառնան մեկ ամիս հետո, իսկ մրցանակաբաշխության արարողությունը ծրագրվում է կազմակերպել Էջմիածնում՝ արեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ:

Ցուցահանդեսը, որ Հայաստանի նկարիչների միության նախագահի կարծիքով, հոբելյանական տարվա կարեւորագույն մշակութային իրադարձություններից է, կգործի երեք ամիս:


Գայանե Դանիելյան, Աշոտ Ադամյան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG