Մատչելիության հղումներ

«Բրիթիշ Էըրուեյզ»-ի հայաստանյան գրասենյակի 2 աշխատակիցներ ապաստան են խնդրել Մեծ Բրիտանիայում


ՀՀ արտգործնախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տարածած հաղորդագրության համաձայն, երեկ՝ հունիսի 14-ին «Բրիտիշ Էըրուեյզ» ավիաընկերության հայաստանյան գրասենյակի երկու աշխատակիցներ ապաստան են խնդրել Մեծ Բրիտանիայում՝ Ամենայն Հայոց կաթողիկոս արեգին Ա-ի արարողակարգային ընդունելությունը խափանելու համար Հայաստանի իշխանությունների կողմից հետապնդումներից խուսափելու պատճառաբանությանբ:

Երբ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել Լոնդոն - Երեւան չվերթի «Բրիտիշ Էըրուեյզ»-ի օդանավը, այդ ավիաընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը, չենթարկվելով օդանավակայանի ղեկավարությանը, օդանավի հրամանատարից պահանջել էր օդանավը կայանել ոչ թե բարձրակարգ հյուրերի սպասարկման սրահի հարեւանությամբ, այլ ուրիշ կայանատեղում, ինչով էլ խափանել էր կաթողիկոսի արարողակարգային ընդունելությունը: Այնուհետեւ՝ այդ աշխատակիցը եւ իր գործընկերը մտել են ինքնաթիռ եւ հրաժարվել են դուրս գալ:

Որոշ ժամանակ անց «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը: Նրա հետ բանակցություններ վարելու նպատակով, օդանավակայան է եկել ԱՆ պատվիրակությունը՝ փոխնախարար Ռուբեն Շուգարյանի գլխավորությամբ: Ու չնայած զրույցի ընթացքում տրվել են բրիտանական ավիաընկերության նշված աշխատակիցների անձնական անվտանգության պաշտոնական երաշխիքներ, դեսպանը եւ օդանավի հրամանատարը տեղեկացրել են, որ մտադիր են նույն օդանավով նրանց տեղափոխել Լոնդոն՝ լրացուցիչ մանրամասներ ճշտելու նպատակով:

ԱՆ-ի պատվիրակությունը չի խոչընդոտել դրան, պահանջել է, սակայն, որ ՀՀ պետական սահմանի հատումը իրականացվի օրենսդրությանը համապատասխան: Ի վերջո, ապաստան խնդրողները մեկնել են Լոնդոն՝ վիզայով եւ բոլոր օրինական փաստաթղթերով:

Հունիսի 15-ին ՀՀ ԱՆ-ն ստացել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հայտագիրը, որում միջադեպը բնութագրվում է որպես տեխնիկական եւ առաջարկվում ««Բրիտիշ Էըրուեյզ»-ի հայաստանյան աշխատակիցների գործողությունների իրավացիությունը քննարկել վերջիններիս եւ ՀՀ ավիացիայի ղեկավարների միջեւ:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունում համարում են, որ խախտվել է բրիտանական կողմի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կնքված պայմանագրի այն կետը, ըստ որի «փոխադրողը իր վրա է վերցնում օդանավակայանի ներքին կանոններին ենթարկվելու պարտականությունը:

Քանի որ միջադեպի շարժառիթը կայանատեղի ընտրությունն է եղել, ինչը կրում է տեխնիկական բնույթ, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գտնում է, որ այն պետք է լուծվի երկու ավիաընկերությունների միջեւ խորհրդակցությունների միջոցով:

Մարգարիտ Եսայան՝ Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG