Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթի ձեւակերպմամբ, «խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը՝ «Միասնություն» դաշինքը, ուղղակիորեն տապալեց ՀՅԴ պատգամավորների՝ կենսաթոշակների բարձրացմանն ուղղված օրենքի նախագծի քվեարկությունը՝ պարզորոշ ցույց տալով, որ չի կարող համակերպվել նման «յուղոտ պատառը» ՀՅԴ-ին թողնելու մտքի հետ»: «Ազգ»-ում համադրվում է, որ, մի կողմից, վարչապետի բացատրությամբ, «կառավարությունը դեռեւս լուրջ հիմքեր չի տեսնում թոշակների բարձրացման ֆինանսական հավելյալ միջոցները գտնելու համար», մյուս կողմից՝ հենց իշխանության ու «Միասնություն» դաշինքի շրջանակներից այս օրերին հաստատում են, որ խնդիրը լուծելի է: «Որքան տարօրինակ է «Միասնության» նման կեցվածքը, նույնքան էլ բացատրելի», - ամփոփել է մեկնաբանը: - «Ի վերջո, հարցն առնչվում է 510 հազար թոշակառուների՝ պոտենցիալ ընտրողներին... Ըստ էության՝ ով կարողացավ անցկացնել նախագիծը, նա էլ կշահի ընտրազանգվածի համակրանքը: Եվ մեծամասնությունն իր ողջ լծակները կօգտագործի, որպեսզի ինքը դառնա այդ «հերոսը»»:

«Երկիր» եւ «Հայոց Աշխարհ» թերթերի գնահատականներն է'լ ավելի խիստ են: Առաջինի ձեւակերպմամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը ինքնանվաստացման գնով բացահայտ բոյկոտի գնաց: Դաշնակցության ներկայացուցիչներից Վահան Հովհաննիսյանն էլ «Հայոց Աշխարհ»-ում ասում է. - «Սա այն քվեարկություններից է, որ դիմակ է պատռում...ՀՀԿ-ն հավանաբար մտածեց, որ ավելի լավ է հետագայում իրենք այդպիսի նախաձեռնությամբ հանդես գան, կամ էլ՝ կառավարությունը»: «Կառավարության գործունեության համար պատասխանատու կուսակցությունները, իսկ այդ պատասխանատվությունը ՀՀԿ-ի հետ միասին կրում է նաեւ ՀԺԿ-ն, որքան էլ դրանից հրաժարվի, սոցիալական ծրագիր չունեն այս երկրում մարդկանց վիճակը բարելավելու առումով», - եզրափակել է Վահան Հովհաննիսյանը:

«Առավոտ» թերթը այս անցուդարձին անդրադարձել է ավելի մասշտաբային ընկալմամբ, նշելով. - «Պոպուլիզմը եղել եւ մնում է թերզարգացած երկրների քաղաքական գործիչների հիմնական զենքը»: Եվ կոնկրետ այս դեպքում «Առավոտ»-ը հեռագնա քաղաքական միտում է տեսնում, թե՝ «նախագահական քարոզչությունը մեծ խանդավառությամբ գովազդում էր ՀՅԴ-ի այս նախաձեռնությունները՝ հասկացնելով թոշակառուներին, որ ժողովրդի մասին մտածող կուսակցությունը ցանկանում է բարելավել իրենց վիճակը, իսկ ահա կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը դրան խոչընդոտում են: Այդպիսով նշմարվում են հաջորդ (հերթական կամ արտահերթ) նախընտրական արշավի սաղմերը»:

Այսօր նախընտրական ուրվագծեր է փոխանցում նաեւ «Հայկական ժամանակ»-ը՝ Աշոտ Մանուչարյանի «Ճակատով» դեպի նախագահ Քոչարյանի իշխանանկություն, «ՀՀ իշխանության վերնախավում որոշակի քննարկումներ» էլ, այս թերթի լրատվությամբ, արդեն գնում են ԼՂՀ նախագահի հերթական ընտրություններին նախապատրաստվելու շուրջ, եւ չի բացառվում, մասնավորապես, Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի առաջադրումը:

«Այսօր Երեւանում սկսվեցին միանգամից երկու գործարար համաժողովներ», եւ «Ժամանակ» թերթը սա արժեվորում է վերջին շրջանում «պետական մակարդակով Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ ներգրավելուն ուղղված աշխատանքների» ակտիվացման շրջանակում: «Այդ ամենով հանդերձ, ներդրումների առկա ծավալները դեռեւս բավականին փոքր են եւ տնտեսության զարգացման հարցում առայժմ եղանակ չեն ստեղծում», - ընդգծել է «Ժամանակ»-ը: - «Ներդրումային բարենպաստ դաշտ ստեղծելուն ուղղված կառավարության ջանքերը ապարդյուն են, եթե նույն պատասխանատվությամբ ու պարտավորվածությամբ հարցին չմոտենան գերատեսչական մարմինները, տարածքային կառավարման կառույցները եւ ընդհանրապես կառավարման միջին օղակը: Բազմաթիվ են փաստերը, երբ կայացած գործարքները ոչ ճիշտ վարչարարության (երբեմն էլ միտումնավոր), բյուրակրատական քաշքշուկների հետեւանքով ի դերեւ են եղել»:

Մամուլը, ընդհանուր առմամբ, դժգոհ հայացքով է հետեւում «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ընթացքին: «Իբր քիչ էինք 4 ամիս Նաիրի Հունանյանի հոգեկերտվածքն ուսումնասիրել, հիմա էլ ստիպված էինք մեղադրողի հարցերի միջոցով այդ անել», - տարակուսում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, այս դրվածքում տեսնելով դատախազության անձեռնհասության եւս մի ցուցադրություն: «Ազգ»-ում առանձնացված է տպավորությունը, թե դատարանը կարծես Հունանյանի ծնողների ամուսնալուծության գործն է քննում: Փոքր-ինչ լավատեսություն է սերմանում «Ժամանակ»-ի թղթակիցը, փոխանցելով մեղադրողներից մեկի հավաստումը, թե՝ այսօրվա նիստում «հասկանալի կդառնա տեռորիստի վաղ մանկությանը, ծնողներին վերաբերող եւ այլ՝ լրագրողներին անիմաստ թվացող հարցեր տալու նպատակը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG