Մատչելիության հղումներ

Իրանի նախագահական ընտրություններին մասնակցում են նաեւ Հայաստանում գտնվող իրանցիները



Իրանի նախագահ Մոհամադ Խաթամի:

Այսօր տեղի ունեցող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մասնակցում են նաեւ Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիները: Երեւանում՝ Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնում առավոտյան բացվել է ընտրական տեղամաս, որը, ինչպես հայտնեցին դեսպանատնից, հնարավոր է աշխատի նախատեսվածից ավելի երկար, քանի որ ընտրողների քանակն էլ սպասվածից ավելի է:

Իրանի ներկայիս նախագահ Մոհամադ Խաթամին ընտրողներին հորդորել է մասնակցել այսօր տեղի ունեցող նախագահական ընտրություններին, իսկ Իսլամական հանրապետության պահպանողականներին կոչ է արել համակերպվել ու տեղի տալ բարեփոխումների առջեւ:

Խաթամին, որը առաջադրված տասը թեկնածուներից մեկն է, դյուրին հաղթանակ է ակնկալում: Այդուհանդերձ, նա մեծ ջանքեր պիտի գործադրի՝ հաղթահարելու համար իր քաղաքական ու սոցիալական բարեփոխումներն արգելակող իսլամական արմատականների դիմադրությունը:

1977 թվականի ընտրություններում համոզիչ հաղթանակ տարած Խաթամին, այսօր Թեհրանի բարգավաճ արվարձաններից մեկի մզկիթում քվեարկելուց հետո ասել է, թե իրանական հասարակության բոլոր ուժերը պետք է համագործակցեն՝ իրագործելու համար «ժողովրդի պատմական իղձերը»:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG