Մատչելիության հղումներ

Պետական գույքի կառավարման նախարարը բացառում է քաղաքական տարրի առկայությունը մասնավորեցման գործընթացում


Այսօր Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ երկու օր առաջ «Արարատ-ցեմետի» կոլեկտիվի կողմից իրենց առաջ դռները փակելու եւ գործարան չթողնելու փաստին։ Տեղեկացրեց, սակայն, որ ձեռնարկության մասնավորեցման հարցում շահագրգիռ «Հոլսիմ» ընկերության պատվիրակությանն, այնուամենայնիվ, հաջորդ օրը հաջողվել է լինել ձեռնարկությունում։

Շվեյցարական «Հոլսիմը» ցեմենտի արտադրության բնագավառում դուստր ձեռնարկություններ ունի տասնյակ երկրներում, այդ թվում` Ադրբեջանում։ Ցեմենտի արտադրության մեր հսկայի սեփականությանը, ձեռնարկության կոլեկտիվից եւ «Հոլսիմից» բացի, հավակնում են եւս երեք ընկերություններ` Մեծ Բրիտանիայից, Լիբանանից եւ Հունաստանից։

Դավիթ Վարդանյանն այսօր ասաց նաեւ, որ ինքն ընդհանրապես բացառում է քաղաքական տարրի առկայությունը մասնավորեցման գործընթացում: Ըստ նախարարի, քաղաքականացման պատրանք ստեղծողը լրագրողներն ու քաղաքական որոշ գործիչներն են:

Մինչդեռ, «Արարատ-ցեմենտ»-ի տնօրեն Արամ Սարգսյանը եւ նրա «Հանրապետություն» կուսակցությունը ընդգծված ընդդիմադիր են ներկա իշխանություններին: Ինչպես ցույց տվեց օրերս կայացած Հայաստանի ժողովրդական կուսակցության (մասնավորեցման ցուցակում տեղ գտած մեկ այլ՝ «Մարս» գործարանի տնօրեն Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը) համագումարը, ՀԺԿ-ն նույնպես ընդդիմություն դառնալու ճանապարհին է:

Հունիսի 15-ին կայանալիք մասնավորեցման մրցույթում «Մարս»-ի կոլեկտիվն էլ արժանի մրցակիցներ ունի՝ դրանց թվում, լոնդոնաբնակ հայ գործարար Վաչե Մանուկյանի «Կոմպյուտերոն» ընկերությունը, եւ կարծիքներ կան, թե նրան այս խաղի մեջ ներքաշել են իշխանությունները:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG