Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ցանկանում է սերտ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ




Եվրամիության եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու քաղաքական կապերը շատ արագ են զարգանում: Եվրամիության առնվազն երեք երկրներ գերազանց քաղաքական ու տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: Արտաքին առեւտրի բնագավառում Բելգիան Հայաստանի համար չափազանց կարեւոր գործընկեր է: Հայաստանի արտահանման 25 տոկոսը բաժին է ընկնում հենց այդ երկրին: Քաղաքական առումով Եվրամիության կազմում Հայաստանն ունի շատ զորեղ մի բարեկամ երկիր, որի հետ հարաբերությունները կարելի է բնորոշել իբրեւ դաշնակցային: Խոսքը Ֆրանսիայի մասին է, որը խախտելով խոշոր տերությունների կողմից հայոց ցեղասպանության անտեսման ավանդույթը, ճանաչեց այդ մեծ ողբերգությունն իբրեւ պատմական իրողություն: Ֆրանսիան անտեսեց այն հսկայական ֆինանսական կորուստները, որ պատճառեց ցեղասպանությունը ճանաչող հայանպաստ բանաձեւը ֆրանսական մասնավոր ընկերություններին:

Եվրամիության մյուս անդամ երկիրը, որը շատ լավ, գրեթե դաշնակցային հարաբերություններ ունի Հայաստանի հետ, Հունաստանն է: Այս երկրի հետ Հայաստանը ոչ միայն քաղաքական ու ռազմական, այլեւ տնտեսական կապեր է զարգացրել: Հունական 0ԹԻ հեռախոսային ընկերությունը առաջին խոշոր ներդնողն էր Հայաստանում, թեեւ այդ ընկերության գործունեությունից կան որոշակի դժգոհություններ: Հունաստանի հետ հատկապես սերտ կապեր են զարգացել ռազմական բնագավառում. լայնորեն հայտնի են Ռուսաստանի, Իրանի, Հունաստանի եւ Հայաստանի քաղաքական խորհրդակցությունները: Միաժամանակ, Հունաստանը նաեւ այն երկիրն է, որի միջոցով Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցների աշխատանքներին: Հունաստանի եւ Հայաստանի խաղաղապահները ծրագրում են համատեղ զորավարժություններ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Եվրամիությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական կյանքում նաեւ օժանդակության հատկացման առումով: Եվրամիությունը մեծապես օժանդակում է Հայաստանին՝ ընդ որում մի շարք ուղղություններով. կառավարության բարեփոխում, գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացում, մասնավոր սեկտորի ընդլայնում եւ այլն: 0գնությունն իրականացվում է "TRACECA" ծրագրի շրջանակներում: Եվրամիությունը մինչեւ 2000 թվականը շուրջ 70 միլիոն դոլարի մարդասիրական օժանդակություն է հատկացրել Հայաստանին: Իսկ 1999 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Եվրամիույթան եւ Հայաստանի գործընկերության եւ համագործակցության պայմանագիրը: Լյուքսեմբուրգում այդ օրը տեղի ունեցավ Հարավային Կովկաս-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը, որին մասնակցեցին Ռոբերտ Քոչարյանը, էդուարդ Շեւարդնաձեն, իսկ Ադրբեջանի նախագահի՝ Ալիեւի փոխարեն մասնակցեց վարչապետ Արթուր Ռասիզադեն: Ալիեւը վատառողջ էր:

Լյուքսեմբուրգյան գագաթնաժողովում ընդունվեց հռչակագիր, որտեղ Եվրամիությունը պարտավորություն վերցրեց սերտ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի, այդ թվում նաեւ Հայաստանի հետ: Հարավային Կովկասի կայունությունը ռազմավարական նշանակություն ունի Եվրամիության անվտանգության համար, քանի որ միության ընդարձակվող սահմանները ընդհուպ մոտենում են այդ տարածաշրջանին, նշված է հռչակագրում: Եվրամիության կովկասյան հայեցակարգի համաձայն, տնտեսական հարաբերությունների զարգացումը Հարավային Կովկասի երկրների հետ պետք է խթանի նաեւ Հարավային Կովկասի երկրների տնտեսական ինտեգրացմանը: Դեռեւս լյուքսեմբուրգյան հռչակագրում Եվրամիությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հորդորել էր տնտեսական համագործակցությունն սկսել մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հայաստանը համաձայնեց, սակայն Ադրբեջանը մինչեւ օրս մերժում է համագործակցել:

Իսկ ընդհանրապես, ի՞նչ տվեց այդ պայմանագիրը Հայաստանին: Նախ, Հայաստանին շնորհվեց առավել հովանավորյալ երկրի արտոնյալ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ Եվրամիություն ներմուծվող հայկական ապրանքները՝ բացի պողպատից եւ տեքստիլ արտադրանքից, ազատվում են հարկումից: Հայաստանցի գործարարները ստանում են բոլոր այն հնարավորությունները, որոնք տրվում են եվրոպական գործարարներին, հայկական ընկերությունները անարգել գործում են Եվրամիության տարածքում: Հասկանալի է, իհարկե, որ նույն արտոնությունները ստանում են նաեւ Եվրամիության ընկերությունները Հայաստանում: Ըստ էության, այս արտոնությունների շնորհիվ է, որ Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառության ծավալում Եվրամիույթան բաժինը վերջին հինգ տարում 50 տոկոսով ավելացել է եւ այժմ կազմում է ողջ արտաքին առեւտրի 35 տոկոսը:

Իսկ ի՞նչ քաղաքական նպաստներ կարող է բերել Եվրամիության հետ կնքված պայմանագիրը: Ամենից առաջ այն, որ Հայաստանը պարտավորություն է վերցրել իր օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության օրենսդրությանը: Դա ենթադրում է, որ Հայաստանում պետք է զարգանան ժողովրդավարական հաստատությունները: Իսկ եթե Հայաստանը, ասենք, շեղվի ժողովրդավարացման ուղուց, չհարգի մարդու իրավունքները, ապա, ըստ Եվրամիություն-Հայաստան համաձայնագրի երկրորդ կետի՝ նման դեպքերում համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում: Իսկ դա նշանակում է ահռելի ֆինանսական կորուստներ Հայաստանի համար:

Եվրամիությունը աջակցում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նախ, Եվրամիության անդամ Ֆրանսիան Մինսկի խմբի եռանախագահներից մեկն է: Բացի դրանից, Եվրամիությունն արդեն իսկ հայտարարել է, թե ֆինանսական մեծ օժանդակություն կհատկացնի Հայաստանի ու Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերակառուցման նպատակների համար եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո խոշոր ներդրումներ կկատարի հակամարտության գոտում:

Հրայր Թամրազյան՝ Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG