Մատչելիության հղումներ

Մինսկից հետո Ալիեւը հոռետես է




Թուրան գործակալության թղթակից Ֆարիդ Կախրեմանովը մեր ռադիոկայանին հայտնեց, որ Ադրբեջանում ներքաղաքական մի շարք իրադարձություններ՝ «Արդարություն» կուսակցության համագումարը, դեմոկրատական կուսակցության հանրահավաքը, երկրորդ պլան են մղել մինսկյան գագաթնաժողովը: Ադրբեջանում բոլորն էլ թերահավատ էին մինսկյան հանդիպումների արդյունավետության վերաբերյալ: Բանն այն է, որ քիուեսթյան հանդիպումներից հետո Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարները բազմիցս հայտարարել են, թե չեն պատկերացնում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում եւ որ Ղարաբաղը կա'մ պետք է անկախ լինի, կա'մ միավորվի Հայաստանի հետ: «Ադրբեջանում նույնիսկ նրանք, ովքեր դեռեւս պատրանքներ ունեին ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման հարցում, հուսահատվեցին», - պարզաբանեց ադրբեջանցի լրագրողը:

Կախրեմանովը նշեց, որ մինսկյան գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունները եւս դիտվում են քիուեսթյան բանակցությունների համատեսքտում եւ «եթե նախագահ Ալիեւը, որ քաղաքական ուժերի մեջ համարվում է խաղաղ կարգավորմանը միտված ամենաակտիվ գործիչը, հայտնում է, որ ժնեւյան հանդիպման հավանականությունը փոքրացել է, դժվար չէ կռահել, թե ինչ տրամադրություններ ունեն մյուս քաղաքական ուժերը», - ասաց Թուրան գործակալության թղթակիցը:

Իսկ ի՞նչ աջակցություն ունեն Ադրբեջանում Հեյդար Ալիեւի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում: Ըստ Ֆարիդ Կախրեմանովի, Ալիեւը հավատարիմ է փոխզիջումների գաղափարին, սակայն ադրբեջանական հասարակությունը ցանկանում է խնդրի այնպիսի կարգավորում, որը կպահպաներ տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի հասարակության համար փոխզիջման առավելագույն սահմանը Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ տալն է: «Բարձր կարգավիճակ ասելով, ենթադրվում է այն, ինչ ուներ Ղարաբաղը նախկինում՝ թերեւս, ավելի լայն լիազորություններով», - ասաց Ֆարիդ Կախրեմանովը:

Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG