Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Մինսկում «Ղարաբաղյան խնդրի կարգավորմանն էականորեն ուշադրություն չդարձվեց, չնայած դրա անհրաժեշտությունը կար», - արձանագրում է «Ազգ» թերթը: Հանդիպումների ընդհանուր ֆոնից ուռճանում են «Ադրբեջանի նախագահի ռազմատենչ եւ նյարդային շեշտադրումներով լի հայտարարությունները», - ինչին, մասնավորապես, «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը համադրել է. - «Յուրաքանչյուր ամբիոն «միջպետական բանավեճի» եւ անիմաստ փոխհրաձգությունների մրցասպարեզ դարձնելը ՀՀ նախագահի գործելաոճին բնորոշ չէ»:

«Ազգ»-ի թղթակիցը առավել ուշադրություն է սեւեռում Մինսկում համանախագահներից Նիկոլայ Գրիբկովի արտահայտություններին: Նախ, պարզ է դառնում, որ ռուսական կողմը առանձնապես հույսեր չուներ, թե Հայաստան - Ադրբեջան - Ռուսաստան այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի բանակցային գործընթացին: Մյուս կողմից, մտահոգիչ նորույթ է դիտվում Գրիբկովի շեշտադրումը, թե «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ոչ թե երկու կամ երեք շահագրգիռ կողմ է տեսնում, այլ... չորս: Որպես հակամարտող կողմեր նա նկատի է առնում Հայաստանը եւ Ադրբեջանը (չնայած հայկական կողմն ի սկզբանե հայտարարում էր, թե հակամարտող կողմ է նաեւ ԼՂՀ-ն՝ պահանջելով որպես իրավահավասար սուբյեկտի նրա մասնակցությունը բանակցային գործընթացին), իսկ շահագրգիռ կողմեր՝ Ղարաբաղը եւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»: «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանությամբ, ակնհայտ է, որ Գրիբկովի «այս հայտարարությունից բխող կարգավորման մոդելը պետք է հիմնված լինի ուղղահայաց եւ հորիզոնական հակակշիռների բարդ համակարգի վրա, որոնք փոխադարձաբար չեզոքացնելով միմյանց՝ ապահովելու են տարածաշրջանը մեկ կետից, տվյալ դեպքում՝ Մոսկվայից վերահսկելու հնարավորությունը»: Վերջերս Բաքվում էլ նկատելի է «Հայաստանի Հանրապետության այս կամ այն տարածքին հավակնող ադրբեջանական ինքնահռչակ «պետությունների» թվի կտրուկ բազմացում: Մայիսի 23-ին այդ նպատակով Բաքվում տեղի է ունեցել նախաձեռնող խմբի հավաք՝ հրավիրելու համար, այսպես կոչված, Իրեւանի (Երեւանի) եւ Զանգեզուրի ազգաբնակչության վտարանդիական ներկայացուցչության հիմնադիր համագումարը: Նախաձեռնության հեղինակները պատրաստվում են դիմել ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ եւ Հաագայի դատարան: Կատարակերգություն հիշեցնող այս ներկայացումը իրականում ԼՂՀ անկախության կամ Հայաստանին միանալու պահանջը իրավական գետնի վրա կահակշռելու փորձ է», - գնահատում է մեկնաբանը, ընդգծելով. - «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը ԼՂՀ-ին հավասար իրավունքներով՝ որպես հակամարտության շահագրգիռ կողմ, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը՝ որպես հակամարտող կողմեր ներկայացնելու առաջարկը պետք է անմիջապես մերժվի մեր դիվանագիտության կողմից՝ այն պարզ պատճառաբանությամբ, որ բանակցային կողմ կարող է լինել միջազգային իրավունքի այն սուբյեկտը, որը դե յուրե կամ դե ֆակտո վերահսկում է իրեն պատկանող տարածքը»:

Անդրադառնալով վերջերս հաճախ հնչող մեղադրական հայտարարություններին, թե «իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով սառել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները», - Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրուցում ասում է. «Ոչ թե Հայաստանում են տեղի ունեցել ինչ-որ էական փոփոխություններ Ռուսաստանի նկատմամբ, այլ Ռուսաստանն է փոխվել: Նախորդ ժամանակաշրջանում՝ 90-ականների առաջին կեսերին, Ռուսաստանում կատարյալ խառնաշփոթ էր թե' տնտեսական, թե' քաղաքական առումներով... Այդ իրավիճակում այս կամ այն գեներալի, նահանգապետի, նախարարի հետ պայմանավորվածություններ ունենալը բավական դյուրին էր դարձնում մասնավոր քաղաքական հարցերի եւ կոնկրետ նյութական խնդիրների լուծումը»: Հիմա «Վլադիմիր Պուտինը ստեղծում է կենտրոնացված պետություն՝ եւ' վարչական, եւ' քաղաքական, եւ' ֆինանսատնտեսական առումներով: Այսօր որեւէ նախարար, գեներալ կամ նահանգապետ չի կարող Հայաստանի հետ ինչ-որ առանձին խնդիրներ լուծել... Հաջորդ խնդիրն այն է, որ Ռուսաստանի Պետդուման զգալիորեն կորցրել է իր քաղաքական նշանակությունը, իսկ հայ քաղաքական ուժերի եւ ինչու ոչ, նաեւ հենց իշխանության կապերը հիմնականում Դումայի մակարդակի վրա էին»: Այսօր «շատ ավելի բարդ եւ նուրբ աշխատանք է պահանջվում», - շեշտում է Վահան Հովհաննիսյանը: Եվ դրանով է, թերեւս, բացատրվում «այն փաստը, որ ներկայումս մեր երկրի նախագահն իր գործունեության զգալի մասը նվիրում է արտաքին քաղաքական հարցերի լուծմանը: Հասկանում են, թեեւ դա սխալ եմ համարում», - ամփոփել է ՀՅԴ ներկայացուցիչը:

«Շատեր են կարծում, որ «ո'չ նալին, ո'չ մեխին» մարտավարությունը կարող է կործանարար լինեն կուսակցության համար», - ՀԺԿ այսօրվա համագումարում այդ կուսակցության քաղաքական գիծը ճշգրտելու հրատապությունն է ընդգծում «Հայկական ժամանակ» թերթը: «Հայոց Աշխարհ»-ը, կրկին անդրադառնելով «Հոկտեմբերի 27»- ի գործով վերահսկիչ հանձնաժողովի կազմավորման շուրջ աղմուկին, խնդիրը մատուցում է այսպես. «ՀԺկ-ն շատ լավ էլ հասկանում է, որ հանձնաժողովը ահաբեկիչներին անօրինական իրավաբանական օգնություն ոչ մի ցուցաբերողի չի հայտնաբերելու... Նրանց նպատակն էր հանձնաժողով ստեղծել, որպեսզի իրենց ուզած նախագահն արդեն իսկ պատրաստի «զեկույցը» իբր թե հայտնաբերված «խախտումների» մասին հրապարակավ՝ ԱԺ անունից ու ԱԺ ամբիոնից հանրության վզին փաթաթելու հնարավորություն ունենա»: Եվ հիմա այդչափ զայրացած են, «քանզի չանցավ «իրենց» նախագահի թեկնածուն, եւ արդեն իսկ պարզ դարձավ, որ քաղաքական շոու չի լինելու»:

Ավելի ու ավելի հաճախ ձեւավորելով զանազան հանձնաժողովներ, օրենսդիր մարմինը ձգտում է մաս կազմել երկրի գործնական կառավարմանը, քանզի «պարբերաբար բացահայտվում են համապետական նշանակության խնդիրներ, որոնք կամ անտեսվում են, կամ էլ՝ անբավարար լուծում ստանում», - օրինաչափություն է բացում «Երկիր» թերթի մեկնաբանը, բանաձեւելով. - «Հանձնաժողովների այս շքերթը երկրի կառավարման անորակության նշան է»: Նորից սրվում է կառավարման ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: «Երկիր»-ի մատուցմամբ, «դա նշանակում է ՝ Ազգային ժողովին օժտել քաղաքական լիազորություններով, այսինքն՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած քաղաքական ուժերը պետք է կազմեն ամբողջական կառավարություն՝ վարչապետի գլխավորությամբ: Կառավարության կազմն էլ հաստատվում է խորհրդարանում»:


վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG