Մատչելիության հղումներ

Պետեկամուտների նախարարությունն ապահովում է բյուջեի ծրագրված մուտքերը


Այսօր հրավիրված ասուլիսում Պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ ընթացիկ տարվա հինգ ամիսների ընթացքում բյուջե է մուտքագրվել 61.7 միլիարդ դրամ, ինչը 20 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համամետությամբ: Նա վստահեցրեց, որ Պետեկամուտների նախարարությունն ամեն բան կանի՝ ապավելու նպատակով կիսամյակային 78.2 միլիարդ դրամի հավաքագրումը:

Չնայած մամուլի հոռետեսական հրապարակումներին, որոնց պատճառը, թերեւս, ապրիլ ամսվա հարկահավաքման թերակատարումն էր, մայիսին նախատեսված 14 միլիարդի փոխարեն, բյուջեի օգտին գանձվել է 15 միլիարդ 700 միլիոն դրամ։

Պետեկամուտների նախարարը չի համարում, թե բյուջեի մուտքերը թերագնահատված են, թեեւ իր ղեկավարած գերատեսչությունը կարողանում է որոշ ամիսների 2-3 միլիարդով գերակատարել պլանը: Ըստ Անդրանիկ Մանուկյանի, պարզապես բյուջեում մուտքերը պլանավորված են առավելագույն հնարավոր մակարդակով:

Նախարարը նկատի ունի, որ բյուջեն ծրագրվել է, հաշվի առնելով նաեւ ստվերային տնտեսությունը։ Այդուհանդերձ, նա հակասում է ինքն իրեն, երբ ասում է, թե տնտեսության մեջ մեծ ստվերայնություն կա։ Ու եթե հնարավոր լինի հավաքել ստվերում մնացող եկամուտների կեսը, ապա, ըստ նախարարի, հնարավոր կլինի բյուջե մուտքագրել առնվազն 18 միլիարդ դրամ: Նա հավաստիացրեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը հետեւողականորեն պայքարել եւ պայքարելու է ստվերայնության դեմ, խոստացավ էլ ավելի խիստ լինել չհաշվառվող եկամուտները բացահայտելու ու հարկելու հարցում:

Անդրանիկ Մանուկյանն ինքն էլ խոշոր հարկատու է: Նա ծանր վիրավորվել էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Նրան բազմիցս մեղադրանքներ են ուղղվել պետական գանձարանի մուտքերն ապահովելիս անօրինական միջոցների դիմելու համար: Այսօր էլ, ինչպես միշտ, նա կտրականապես հերքեց այդ մեղադրանքները:

Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG