Մատչելիության հղումներ

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ կթողարկվի հոբելյանական թղթադրամ


Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ 2001 թվականի հունիսի 4-ից շրջանառության մեջ են դրվելու 50 հազար դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամներ։


Հիսունհազարանոց նոր հայկական թղթադրամ:


Հիսունհազարանոց թղթադրամի դիմերեսին Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի պատկերն է, դարձերեսին` Արարատ լեռը, որի ֆոնին պատկերված են ձեռքերի վրա հայ եկեղեցին բարձրացնող Սուրբ Գրիգոր Լուսավորիչը`իբրեւ քրիստոնեական հավատքի հոգեւոր խորհրդանիշ, եւ Տրդատ Մեծ արքան՝ իբրեւ պետականության խորհրդանիշ։

Կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների եւ դրամական պահուստների գլխավոր վարչության պետ Գեւորգ Թումանյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտնեց, որ հոբելյանական թղթադրամներին հավանություն տվել ու դրանք օրհնել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը։

Գեւորգ Թումանյանը ժխտեց, թե շրջանառվող ազգային դրամանիշների անվանական արժեքի ավելացումը արժեզրկում կամ գների կտրուկ բարձրացում է ենթադրում, հավելելով, թե այժմ հայկական դրամը ավելի քան երբեւէ կայուն է։ Նրա խոսքերով, վերջին տարվա ընթացքում նույնիսկ տեղի է ունեցել ամենախոշոր դրամանիշների` քսանհազարանոցների պահանջարկի աճ, ինչը ազգային դրամի նկատմամբ վստահության մեծացման դրսեւորում է։

Կենտրոնական բանկը դեռեւս չի որոշել, թե ինչքան ընդհանուր արժեքով հիսունհազարանոց հոբելյանական թղթադրամներ են դրվելու շրջանառության մեջ: Դրանք շրջանառության մեջ են դրվելու ըստ պահանջարկի, ասաց Գեւորգ Թումանյանը:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG