Մատչելիության հղումներ

Ազգային ժողովրդավարների միության մասնատումը շարունակվում է


Շուրջ 10 տարի առաջ ՀՀՇ-ից դուրս եկած կուսակցության՝ Ազգային ժողովրդավարների միության շարքերն է'լ ավելի նոսրացան: Ընդամենը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ԱԺԴ) հիմնադիր համագումարին այսօր հետեւեց Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) հիմնադիր համագումարը:

Ինչպես մեկ շաբաթ առաջ, այսօր էլ համագումարի պատվիրակները մոտ 100-ն էին: Հյուրի կարգավիճակով ներկա էին ՀԺԿ-ն, «Հանրապետություն» կուսակցությունը, նորաստեղծ ԱԺԴ-ն՝ առաջին դեմքերով, խորհրդարանի պատգամավորներից ոմանք: Ինչպես մեկ շաբաթ առաջ, կրկին չէր եկել Վազգեն Մանուկյանը:

Ըստ էության, ԱԺԿ-ի հիմնական նպատակը ոչնչով չի տարբերվում ԱԺՄ-ի եւ ԱԺԴ-ի գերնպատակներից՝ ստեղծել զարգացած, ժողովրդավարական, իրավական պետություն, արմատապես փոխել ժողովրդին պարտադրված եւ երկրի առաջընթացը խոչընդոտող իշխանական համակարգը, ընդունել նոր սահմանադրություն եւ օրենքներ: ԱԺԿ-ականները խորհրդարանական կառավարման կողմնակիցներ են. հիմնադիր համագումարում ներկայացրին իրենց մշակած սահմանադրության նախագիծը:

Իսկ ինչպե՞ս կարելի է ԱԺԿ-ն տարբերել ԱԺԴ-ից: Արշակ Սադոյանի մեկնաբանությամբ, Շավարշ Քոչարյանի թիմակիցների հետ իրենց հիմնական տարաձայնությունը ծագել է, այսպես կոչված, բաց եւ փակ դռների շուրջ: ԱԺԿ-ն գերադասում է անդամակցության ընտրանքային սկզբունքը, մինչդեռ ԱԺԴ-ին կարող է անդամակցել ցանկացած ոք, ով ունակ է նպաստել երկիրը փոսից հանելու ծրագրի իրականացմանը:

ԱԺԿ-ն այսօր կընդունի իր քաղաքական հայտարարությունը, ուր կոչ է արվում ձերբազատվել կլանային եւ ստվերային տնտեսությունից, ապահովել տնտեսվարող սուբյեկտների իրավահավասարությունը, հասնել մարդու իրավունքների եւ ազատությունների իրական պաշտպանվածությանը, կհաստատի իր կանոնադրությունը: Վաղը կընտրի իր վարչությունը, իսկ հետո, խորհրդարանում առայժմ իր միակ ներկայացուցչի միջոցով, կփորձի, գոնե մասամբ, իրականացնել որդեգրած ծրագրերը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG