Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահը կոչ է անում խաղաղ ճանապարհով կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Երեւանի պետական համալսարանի դասախոսների եւ ուսանողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ կոչ արեց առանց պատերազմի կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պաշտոնական այցով Երեւան ժամանած Ղազախստանի նախագահը վաղը մասնակցելու է ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի խորհրդի հերթական նստաշրջանին:


Երեւանի պետական համալսարանի ռեկտորը գիտությունների դոկտորի պատվավոր կոչում է շնորհում Նազարբաեւին:



Խոսելով մոտ մեկ ամիս առաջ թուրքալեզու պետությունների գագաթնաժողովում ընդունված այն հայտարարության մասին, թե Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, Ղազախստանի նախագահը ասաց, թե ինքն ընդհանրապես դեմ է նման վեհաժողովների քաղաքականացմանը:

Աշխարհի էթնոսներից 40-ը իրենց համարում են թուրքական աշխարհի ներկայացուցիչներ: Այդ աշխարհում է նաեւ Ղազախստանը: Սակայն Նազարբաեւ համարում է, որ իր երկիրը պատկանում է միայն թուրքական մշակույթի աշխարհին: Նազարբաեւն ասաց, թե Թուրքիան փորձում էր այդ աշխարհում մտցնել պանթուրքիզմի տարրեր, բայց իր երկիրը չի կարող մի կայսրությունից անցնել մեկ այլ կայսրություն:

"Խոսքը նորմալ միջպետական հարաբերությունների մասին է, լեզվի նույն արմատներն ու նույն պատմությունն ունեցող նորմալ մարդկանց մշակութային ու տնտեսական կապերի մասին: Ուստի այդ հանդիպումները ինչ-ինչ քաղաքական հարցեր լուծելու միջոցի վերածելը, մեզ հակամարտությունների մեջ ներքաշելը ընդունելի չէ նույն թուրքալեզու երկրների համար: Ես դա երբեք չեմ պաշտպանել եւ չեմ պաշտպանելու: Առավել եւս՝ որ այդ կարգի հայտարարությունները ոչինչ չեն որոշում. ընդամենը՝ ավելի են սրում հարաբերությունները պետությունների եւ ժողովուրդների միջեւ», հայտարարեց Նուրսուլթան Նազարբաեւը:

Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG