Մատչելիության հղումներ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնական այցով ժամանեց Երեւան


Օգտվելով առիթից, որ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը անցկացվելու է Երեւանում, մասնակից երկրների՝ Հայաստան ժամանող հինգ նախագահներից երկուսը այդ ընթացքում պաշտոնական այցեր են կատարելու: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով եւս երկու օր Հայաստանում կլինի նստաշրջանից հետո: Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնական այցով Երեւան ժամանեց այսօր:


Ռոբերտ Քոչարյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը նախագահական նստավայրում՝ պաշտոնական արարողության պահին:




Սա Ղազախստանի նախագահի առաջին այցն էր Հայաստան: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով Ղազախստանում եղել է երկու տարի առաջ:

Օդանավակայանում Ղազախստանի նախագահին դիմավորեցին արդարադատության, էներգետիկայի նախարարները, պաշտոնատար այլ անձինք: Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի նախագահի նստավայրի մոտ, ուր այդ նպատակով հատուկ հրապարակ է կառուցվել:

Ժամանումից անմիջապես հետո սկսվեցին պաշտոնական բանակցությունները: Նախագահների առանձնազրույցից հետո, ընդլայնված կազմով տեղի ունեցան հայ-ղազախական բանակցությունները: Այնուհետեւ ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր: Բացի պաշտոնական այցի արդյունքների մասին հուշագրից, նախագահները ստորագրեցին նաեւ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության եւ համագործակցության պայմանագրի արձանագրությունը, ինչով այդ պայմանագիրն ուժի մեջ մտավ, քանի որ այն արդեն ստորագրել էր Ղազախստանում՝ Ռոբերտ Քոչարյանի պատոնական այցի ընթացքում:

Ստորագրվեցին նաեւ միջկառավարական համաձայնագրեր, որոնք վերաբերում են իրավական տեղեկատվության փոխանակմանը, արդարադատության նախարարությունների միջեւ դատական փորձաքննության բնագավառում համագործակցությանը եւ այլ ոլորտների:

Նկատի ունենալով, որ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ստորագրված էր եւս 9 պայմանագիր, Ղազախստանի նախագահը ասաց, որ երկու երկրների միջեւ արդեն իրավապայմանագրային հիմք է ձեւավորվել, ինչը կնպաստի հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, սկզբունքորեն երկու երկրների միջեւ վիճելի հարցեր չկան, եւ դա ամուր հիմք է համագործակցությունը զարգացնելու համար:

Սա հուսադրող է նաեւ այն պատճառով, որ Հայաստանի հարաբերությունները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հետ շատ թույլ են զարգացած:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG