Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մեր տարածաշրջան այցի հետքը դեռեւս այնքան չի պարզվել, որ Ղարաբաղյան կարգավորման առաջիկա հեռանկարը մշուշից վերջնականապես դուրս գա: Այնուամենայնիվ, ընդհանուր տպավորություն է, որ հոռետեսության բաժինը այս այցով ավելացավ: «Միջնորդների հոռետեսությունն ու լավատեսությունը խաչաձեւում են միմյանց», - արձանագրում է «Ազգ» թերթը, որի մեկնաբանի ձեւակերպմամբ՝ «համանախագահողները բանակցային այս փուլում պարզապես չկարողացան համատեղել երկու ծայրաստիճան անհամատեղելին՝ «լուծել» ղարաբաղյան համակարտությունը եւ միաժամանակ Ադրբեջանում իշխանությունը Ալիեւից ժառանգել իր Իլհամին»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանի խտացմամբ նույնպես «քիուեսթյան բանակցություններից hետո համանախագահներն անհամեմատ ավելի շատ լավատես էին, քան այժմ»: Հավաստի աղբյուրներ վկայակոչելով, «Առավոտ»-ն այսօր արդեն տեղեկացնում է, թե «Մինսկի խմբի եռանախագահողները որոշում են կայացրել սառեցնել բանակցությունների հետագա ընթացքը։ Ըստ այդմ, բանակցությունների հերթական փուլի հանդիպումը, որը նախատեսվում էր հունիսի 15-ին Ժնեւում, չի կայանա։ Բանակցությունները, կվերսկսվեն, հավանաբար, միայն սեպտեմբերին»։

Ղարաբաղին առնչվող վերջին շաբաթների անցուդարձից «Իրավունք» թերթում ամփոփումներ են արված, որ «հայտնաբերվեցին արտգործնախարար Օսկանյանի բազմաթիվ հետեւորդներ, գաղափարակիրներ եւ լեզվամտածողության մեկնաբաններ»: Մեկնաբանը չակերտավորում է նրանց «կառուցողականությունը»: Սռավել ուրվագծվեցին եւ այն տնտեսական օգնության կոնկրետ չափերն ու ծավալները, որոնք սպասվում են կարգավորումից հետո: «Իրավունք»-ում վերաբերմունք է ուրվագծվում, թե «արդեն գաղտնիք չէ Արցախը ծախելու դիմաց առաջարկվող գինը»:

Շարունակում է պահպանվել «այն հստակ համոզմունքը, որ դեռեւս չեն ձեւավորվել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ինչպես արտաքին՝ աշխարհաքաղաքական, այնպես էլ ներքին՝ քաղաքական ու հոգեբանական, անհրաժեշտ նախադրյալները», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի տեսաբանը, առանձնացնելով մեկ գործոն, որը, ըստ նրա, «խոստանում է եթե ոչ այժմ, ապա տեսանելի ապագայում կանխորոշել ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը... Ով էլ լինի Հայաստանի ապագա ղեկավարը, ինչքան էլ նվիրված, պատերազմի բովով անցած եւ հաղթանակի գինը իմացող մարդ, միեւնույն է, տնտեսական ներկա հարաբերությունների եւ տնտեսության միակողմանիորեն դեպի Արեւմունք կողմնորոշված վեկտորի պահպահման պարագայում, վաղ թե ուշ ստիպված է լինելու անձնատուր լինել»:

«Ուստի մեր խնդիրն է», - շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը, - «իրականացնել ներքին բարեփոխումներ եւ արմատապես վերանայել արտաքին տնտեսական կապերը, ինչը հնարավորություն կտա ձեւավորել գոյատեւման տնտեսական այլընտրանք... Դա նշանակում է, որ մենք այլեւս չպետք է լինենք միայն ռազմաքաղաքական առումով դեպի Ռուսաստան նայող երկիր, այլ տնտեսական առումով եւս պետք է հավասարակշռենք մեր հարաբերությունները մի կողմից Արեւմուտքի, մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի միջեւ»:

Դեպի «Ռուսաստան-Բելառուս» մղող «Հայաստանի Կոմունիստ» թերթի այսօրվա խրատական խմբագրականում կան այսպիսի տողեր. «Դու՝ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյան, պարտավոր ես հասկանալ, որ ինքը՝ ժողովուրդը, դատապարտում է քո քաղաքական կարճատեսությունը եւ խորհուրդ է տալիս համագործակցության ու հավատարմության բարձրագույն պարգեւներ ստանալ ամենից առաջ ժողովուրդներ մերձեցնող, եղբայրական համագործակցության կամուրջներ գցող երկրների առաջնորդներից»:

«Որքան էլ իշխանությունները կեղծիքների մեխանիզմներն օգտագործեն, միեւնույն է, ժողովրդի մեծամասնությունը հանրաքվեով կողմ է արտահայտվելու այդ միությանն անդամակցելուն», - «Իրավունք»-ում վստահեցնում է Հայկոմկուսի ղեկավարներից Սանատրուկ Սահակյանը:

Անցած կիրակի Վանաձորում Ազգային ժողովի պատգամավորի ընտրություն էր, եւ, դատելով «Երկիր» թերթի հրապարակումներից, հայոց ընտրադաշտում օրինաշեղումների եւ օրինախախտումների ցուցանիշը չի նվազում: Փոխարենը մամուլը, հիմնականում, գոհ է րողների միության նախագահի ընտրությունից: «Անսպասելի առողջ ընտրություն կատարվեց: Ոմանց կարծիքով, սա վերջին տարիներին Հայաստանում արձանագրված միակ առողջ ընտրությունն է», - նշում է «Հայկական ժամանակ»-ը: «Իրենց ընտրությամբ մեր գրողներն ապացուցեցին, որ դեռ ամեն ինչ չի կորել», - արձագանքում է «Առավոտ»-ը. «Մենք անկեղծորեն ուրախ ենք, որ ամեն ինչ այդքան տխուր ու ճղճիմ չէ եւ թերագնահատել էինք մեր մտավորականներին»:

«Ինչպիսի՞ն է նախագահ Քոչարյանի վերաբերմունքը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության վերաբերյալ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» խմբի հայտարարության նկատմամբ»: «Առավոտ»-ի այս հարցին նախագահի մամուլի քարտուղար Վահե աբրիելյանը պատասխանել է. «Այդ հայտարարությունն, անկասկած, դատավարության քաղաքականացման փորձ է՝ պայմանավորված, հավանաբար, այն փաստով, որ չեն արդարացել ոմանց ակնկալիքները. դատավարությունն ընթանում է օրենքի շրջանակներում: Չեմ գտնում, թե տրամաբանական է կարծել, որ կա մի խորհրդավոր ու ազդեցիկ ուժ, որ Նաիրի Հունանյանի հետ գաղտնի խորհրդատվություններ է անցկացնում, սակայն այն չի կարողանում կամ չի կռահում, որ կարելի է վարձել դատապաշտպան եւ դա անել բացահայտ, օրենքով նախատեսված, ամբողջ աշխարհում ընդունված կարգով: Ցավոք, հայտարարությունն ու մակարդակը, որով այն հրապարակվեց, վկայում են, որ Ազգային ժողովում եւ քաղաքական մեծամասնության մաս կազմող ուժում առկա են մտահոգության տեղիք տվող խնդիրներ»:

Այս հարցերով վաղվա արտահերթ նիստին ընդառաջ «Առավոտ»-ը պատկերում է. «Ըստ ամենայնի, պատգամավորների մեծամասնությունը իրեն հաշիվ է տալիս, որ նմանատիպ ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորումը հակասում է ոչ միայն ողջամտությանը, այլեւ, իսկապես, կարող է դատական իշխանության վրա ճնշման փորձ դիտվել: Այդուհանդերձ, խորհրդարանական մեծամասնությունը, այդ թվում՝ հանրապետականները, «կողմ» քվեարկեցին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը՝ անթաքույց հույսեր փայփայելով, որ ՀԺԿ-ականները չեն կարողանա հիմնավորել իրենց նախաձեռնությունը»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG