Մատչելիության հղումներ

Կոռուպցիայի դեմ օրինագծի քննարկումը շարունակվում է


Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը մեկ անգամ եւս լսումներ էր հրավիրել «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրինագծի շուրջ: Ապագա օրենքը կոչված է լինելու պետական ծառայության ոլորտում կանխելու, հայտնաբերելու կոռուպցիան եւ ամրագրելու կոռուպցիայի համար պատասխանատվության իրավական հիմքերը:

Ըստ օրինագծի, պետական ծառայողը յուրաքանչյուր տարի պետք է հայտարարագիր ներկայացնի իրեն եւ իր ընտանիքին պատկանող ունեցվածքի, եկամուտների մասին: Հրապարակման են ենթակա պետական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց եկամուտների մասին տեղեկությունները: Արգելվում է հարազատներին վերաբերող հարցերի լուծման ժամանակ կարգավիճակն օգտագործելը, վերադասին նվերներ տալը, նյութական կամ այլ բարիքներ տրամադրելը, արտածառայական ծառայություններ մատուցելը՝ բացառությամբ հուշանվերներից, այն էլ՝ պաշտոնական միջոցառումների ժամանակ մատուցված:

Կոռուպցիոն իրավախախտումների սուբյեկտներն այս պահին 200 հազարից ավելի են՝ բոլոր պետական ծառայողները, նախագահը, վարչապետը, Ազգային Ժողովի պատգամավորները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրովի ծառայողները, ուսումնական հաստատությունների ղեկավարները, դասախոսները, զինվորական ուսումնական հաստատությունների հրամկազմը: Ընտրություններում՝ թեկնածուները:

Կոռուպցիայի դեմ պայքարող մարմիններն, ըստ օրինագծի, դատախազությունը, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարություններն են, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի դեմ պայքարի պետական գործակալությունը:

Որպեսզի այդ մարմինն ինքը չկոռումպացվի, քաղաքական պատվերներ չկատարի, ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի կարծիքով՝ «Այն պետք է հաշվետու լինի ոչ թե գործադիր, այլ օրենսդիր իշխանությանը: Մի բան հստակ է, որ ո’չ կառավարությանը: Որովհետեւ կառավարությունը, բացի քաղաքական հաշվեհարդարից, տնտեսական հաշվեհարդար կարող է տեսնել»:

Ըստ Վահան Հովհաննիսյանի «Հիմնական մեխը այդ գործակալությունն է: Իհարկե, կարող են ասել, թե այն ինքը կարող է դառնալ կոռուպցիայի վարակի կենտրոն: Բայց՝ նայած ձեւերը»: Վահան Հովհաննիսյանը կուզենար, օրինակ, որ գործակալության ղեկավարները ենթակա լինեին ուղղակի Հանրապետության նախագահին: Նա ընդունում է, որ դա էլ ավելի կընդարձակի նախագահի լիազորությունները, սակայն՝ «Ապրում ենք նախագահական տիպի երկրում: Ես չեմ գտնում, որ դա ճիշտ է: Ես գտնում եմ, որ Ազգային ժողովի իրավասությունները պետք է, իհարկե, ընդլայնվեն: Բայց, քանի դեռ մեր սահմադրությունը ենթադրում է այս տիպի կառավարում, ուրեմն՝ այո»:

Ի դեպ, կառավարությունը, որքանով պարզ դարձավ արդարադատության նախարարության ներկայացուցչի ելույթից, դեմ է նման օրենքի ընդունմանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG