Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթի մատուցմամբ, երեկ «Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը սառը ջուր լցրեց երկրապահականների եւ ընդհանրապես այն շրջանակների գլխին, որոնք վերջին շրջանում ակտիվորեն շահարկում էին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հնչեցրած «օկուպացված տարածքներ» արտահայտությունը»: Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանն ասել էր հետեւյալը. «Ես չեմ համարում, թե մենք օկուպացրել ենք այդ տարածքները: Բայց, մյուս կողմից, չեմ կարող տուրք տալ հասարակության մեջ տարածվող կարծիքներին, թե մենք Աղդամն ազատագրել ենք: Պետք չէ դիմացինին անլուրջ մարդու տեղ դնել: Այո, եղել են տարածքներ, որոնք մենք գրավել ենք, եւ դրանից մենք երբեք չպետք է ամաչենք: Այդ տարածքները գրավել ենք, որպեսզի ապահովենք մեր հայրենիքի անվտանգությունը»: «Ազգ»-ի ընկալմամբ, «Սարգսյանի հայտարարությունը թերեւս այն էր, ինչ կարող էր ասել, սակայն չասաց հանրապետության նախագահը»:

«Ներկայումս ոչ ոք չի ժխտում այն փաստը, որ միջնորդների կողմից առկա է որոշակի ճնշում, ոչ ոք չի կարող աչք փակել նաեւ այն իրողության վրա, որ վերջերս առատության եղջյուրից Հայաստանի վրա թափվող տնտեսական բնույթի խոստումներն ավելի ու ավելի հաճախ են պայմանավորվում Ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման հեռանկարով: Բայց, մի՞թե նման «մտրակի ու կարկանդակի» քաղաքականությանը դիմակայելու եւ մեր ազգային շահերը չզիջելու լավագույն ձեւը միմյանց մեջ դավաճաններ ու հերոսներ, հող ծախողներ ու հող պահողներ փնտրելու մարտավարությունն է: Ավելի ճիշտ չէ՞ր լինի հստակորեն ներկայացնել սեփական ծրագիր-մինիմումը, ինչպես դա արեցին ԱԺ խմբերն ու խմբակցություններն իրենց հայտարարությամբ, դրանով իսկ ոչ թե թուլացնելով, այլ ամրապնդելով մեր դիվանագիտության թիկունքը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:

«Դատելով ընթացիկ իրադարձություններից, պաշտոնական անձանց կցկտուր հայտարարություններից, հակառակորդ կողմի հրապարակումներից՝ կարելի է ինչ-որ պատկերացում կազմել համաձայնագրի բովանդակության հիմնական կետերի վերաբերյալ», - կարծում է «Երկիր» թերթի մեկնաբանը, որի համակարգմամբ, առանցքում հետեւյալ հանգուցային հարցադրումներն են. «Արցախի անվտանգության գոտու պահպանո՞ւմ, թե՞ ազատագրված տարածքների վերադարձ: Արցախի անկախության հաստատո՞ւմ, թե՞ «ընդհանուր պետության» գաղափարի տակ՝ վերադարձ Ադրբեջանին, աշխարհագրական լայնամասշտաբ կապ հայկական երկու կողմերի միջեւ՞, թե՞ օտարերկրյա վերահսկողությամբ Լաչինի միջանցք: Եվ վերջապես՝ ՀՀ պետական վերահսկողությամբ հաղորդակցության ապահովո՞ւմ, թե՞ օտարերկրյա զորախմբերի տեղակայմամբ Մեղրու էքստերիտորիալ ուղու հատկացում Ադրբեջանին»:

Մեկնաբանի տպավորությամբ, «այն, ինչ մեզանից պատրաստվում են պահանջել՝ հստակ է: Դա հողերի վերադարձն է, Արցախի ազատության կորուստը եւ վերաենթարկումը Բաքվին, վերջապես՝ աշխարհագրական լայն կապի փոխարեն՝ վերահսկելի միջանցք»: Մի խոսքով, այսպես մենք լիակատար պարտության առջեւ ենք: Թերթի վերլուծականն ավարտվում է կոչ-հրամայականով. «Թե’ քաղաքական ուժերը, թե’ ժողովուրդը եւ թե’ իշխանությունները պետք է գործեն մեկ ուղղությամբ եւ փրկեն հայրենիքը օտարների տնօրինության վտանգից»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին խնդրել է մեկնաբանել «Հոկտեմբերի 27»-ի վերաբերյալ ՀԺԿ-ի եւ «Հայաստան» պատգամավորական խմբի հայտնի հայտարարությունը: Մասնավորապես, այն դրույթը, որ ահաբեկիչներին որոշակի աջակցություն է ցուցաբերվում հենց իրավապահ մարմինների կողմից: Եվ պաշտպանության նախարարն էլ, նույն թերթի երեկվա անդրադարձին համահունչ, հայտարարությունը գնահատել է «իբրեւ տրամաբանությունից զուրկ եւ հիվանդ մտքի արդյունք»: Միաժամանակ, պրն Սարգսյանի հայացքով, «հայտարարության հեղինակների մոտ, այնուամենայնիվ, նկատվում է մի դրական միտում: Եթե մեկ տարի առաջ այդ մարդիկ պնդում էին, թե իրավապահ մարմիններն են կազմակերպել «Հոկտեմբերի 27» -ը, վեց ամիս առաջ համոզված էին, որ ահաբեկչությունը իրականացրել են հենց իրավապահները, ապա այսօր ընդամենը ասում են, թե նրանք հակաիրավական աջակցություն են ցուցաբերում Ն. Հունանյանին»:

Թեեւ կոմունիստների կազմակերպած երեկվա հանրահավաքը բավականին բազմամարդ էր, եւ, ինչպես «Առավոտ»-ի թղթակիցն է համեմատում՝ մթագնեց նախկինում Արկադի Վարդանյանի կազմակերպածի փառքը, ընդհանուր առմամբ, մամուլում այն, գոնե առայժմ, չի դիտվում ինչ-որ բեկումնային կամ արմատական ընթացքի սկիզբ: Թերթը, մասնավորապես, շեշտադրում է, որ «իշխանությունների հասցեին առանձնապես դժգոհություն չէր հնչում, չկար նախորդ հանրահավաքների հակաիշխանական, հականախագահական պաթոսը»:

«Ազգ» եւ «Հայոց Աշխարհ» թերթերում այսօր արդեն տեղեկություն կար, որ «Ամենայն հայոց հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. արեգին Բ կաթողիկոսը կարգակույծ է հռչակել Տիրան արք. Կյուրեղյանին՝ վերջինիս դասելով աշխարհականների դասին»: Եկեղեցական ավանդույթի համաձայն, սակայն, նման հարցը դեռ պետք է քննարկվի Եպիսկոպոսաց ժողովում:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG