Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի դատավարությունը, կարծես թե, սկսվում է քաղաքականացվել


Ռուզան Խաչատրյան
«Հոկտեմբերի 27-ի գործի շուրջ» հայտարարությունն այսօր ոչ թե «Միասնություն» դաշինք + «Հայաստան» խումբ ֆորմատն ստացավ, այլ ՀԺԿ եւ «Հայաստան» + Հայկոմկուս խմբակցություն: Համատեղ հայտարարությունը ներկայացնելիս, ագիկ Ասլանյանը (ՀԺԿ), մասնավորապես ասաց. «ործի նախաքննության առաջին իսկ պահից, ինչպես նաեւ դատավարության ընթացքում առանձին քաղաքական գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով փորձ է արվում ահաբեկիչների հանդեպ ստեղծել բարյացկամության, հոգատարության եւ հովանավորչության մթնոլորտ»: ՀԺԿ-ն եւ Հայաստան խումբը «անհրաժեշտ են համարում ստեղծել Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, դատաքննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած օրինականության հնարավոր խախտումների մասին Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար»: Ավելի ուշ հայտարարությունը միացավ նաեւ Հայկոմկուս խմբակցությունը:

Ազգային ժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Տիգրան Թորոսյանի կարծիքով, հանձնաժողով ստեղծելու համար հարկ չկար հայտարարությամբ հանդես գալ. «Պետք էր ստեղծել այդ հանձնաժողովը, բայց, նախ՝ քննարկելով անհրաժեշտությունը եւ այն քայլերը, որոնք, իսկապես, պիտի արվեն: Երբ որեւէ բան չի քննարկվում, ուղղակի պարտադրվում է, բնականաբար, Հանրապետական կուսակցությունը նման պարտադրանքի չի ենթարկվելու»: Ըստ Տիգրան Թորոսյանի, հայտարարության տեքստը ավելի հարիր է ընդդիմադիր ուժի, քանի որ «քաղաքական ուժը, որը մեծամասնություն ունի, որը կառավարության ձեւավորման մեջ լուրջ դերակատարություն է ունեցել, որը վարչապետ ունի, բնականաբար, չի կարող ինքը իրենից հայտարարությամբ բաներ պահանջել»:

«Միասնություն» խմբակցության քարտուղար ՀԺԿ-ական Վարդան Մկրտչյանն ասաց, որ ցանկալի կլիներ, որ Հանրապետական կուսակցության հետ միասին անեին այդ հայտարարությունը: «Իսկ կարելի՞ է արձանագրել, որ ՀԺԿ-ն ավելի սերտ համագործակցում է «Հայաստան» խմբի հետ» հարցին պարոն Մկրտչյանը պատասխանեց. «Մենք դեռ «Միասնության» կազմում ենք: Դրանով չի որոշվում»:

«Երեւան վերադարձած նախագահը հենց օդանավակայանում պաշտպանության տակ առավ Վարդան Օսկանյանի ամեն մի խոսքը, դրանով իսկ փաստացի հավաստելով, որ Օսկանյանի մտքերն ամենեւին էլ պատահական չէին եւ արտացոլում էին այն արտաքին քաղաքական կուրսը, որը որդեգրված է հանրապետության նախագահի կողմից, եւ ընդունելի չէ հանրության եւ քաղաքական ուժերի մեծամասնության, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունների համար», - գրում է Իրավունք թերթը: «Ռոբերտ Քոչարյանը կամ, իրոք, մտադիր է տեր կանգնել կարգավորման ոչ հայանպաստ տարբերակին, կամ միտումնավոր գրգռում է քաղաքական ուժերին եւ հանրությանը, որպեսզի հանրային հույժ բացասական կարծիքը որպես փաստարկ օգտագործի Ժնեւում: Եթե խոսքը երկրորդի մասին է, ապա դա հղի է բավականին անկանխատեսելի հետեւանքներով, եւ առնվազն չի վկալում Ռ. Քոչարյանի՝ խոհեմ քաղաքական գործիչ լինելու մասին: Իսկ եթե նա, իրոք, մտադիր է պնդել ոչ հայանպաստ ինչ-ինչ լուծում, ապա օրախնդիր է դառնում քաղաքականն ուժերի ու հասարակության միավորման եւ դրան հակահարված հասցնելու անհրաժեշտությունը: Ընդհուպ մինչեւ հրաժարականի կամ պաշտոնանկության հարցի բարձրացումը», - ամփոփում է թերթի մեկնաբանը: Նախագահ Քոչարյանին ուղղված նմանօրինակ ակնարկ է տեղ գտել նաեւ Դաշնակցության Երկիր պաշտոնաթերթում, որի մեկնաբանը գրում է. «Իրոք մեծ ջանքեր կպահանջվի մարդկանց զիջումների անհրաժեշտությունը համոզելու»:

Ըստ Ազգ թերթի, «Հայաստանյան ԶԼՄ-ները եւ քաղաքական գործիչները ԼՂ կարգավորման բանակցային ներկա փուլը լուսաբանում են՝ մի կողմ թողնելով բանակցություններում արված հայտարարությունների էությունը, զարգացումների տրամաբանությունը: Վերլուծությունների հիմքում դրվում է որեւէ սուտ կամ մտացածին բան, լավագույն դեպքում ելակետ է ընդունվում նախագահ Քոչարյանին համակրել-չհամակրելու անձնական հանգամանքը»: Այս առումով թերթը հակափաստարկներով անդրադառնում է, մասնավորապես, Ազգային Ժողովի նախկին խոսնակ Բաբկեն Արարքցյանի վերջին ասուլիսին. «Նախկին խոսնակը չշրջանցեց նաեւ Վարդան Օսկանյանի սայթաքումը «օկուպացված» տարածքների մասին: Մինչդեռ, 1994 թ. մայիսի 12-ին, երբ Բիշքեկում ստորագրվեց զինադադարի համաձայնագիր, ազատագրված շրջանները ձեւակերպված էին «գրավյալ տարածքներ» տերմինով: Եվ այդ փաստաթութը ստորագրել է Բաբկեն Արարքցյանը»: Ըստ Հայոց Աշխարհ-ի մեկնաբանի, «Նախկինների նպատակը ներկա իշխանությանը ինչ-որ փաստաթղթի ստորագրման պատասխանատվության տակ գցելն է, որպեսզի դրանով իսկ հնարավորություն ստանան պայքար սկսել այդ իշխանությունը արագորեն խլելու համար»:

Առավոտ-ում հրապարակվել է հոկտեմբերի 27-ի գործի դատաքննության հետ կապված «Միասնություն» դաշինքի հայտարարության նախագիծը, ուր, մասնավորապես, կա այսպիսի գնահատական. «Նախաքննության առաջին իսկ պահից մինչեւ դատաքննությունը, իշխանությունների ու առանձին քաղաքական ուժերի կողմից ահաբեկիչների նկատմամբ փորձ է արվում ստեղծել բարյացակամության, հոգատարության եւ հովանավորչության մթնոլորտ»: Ըստ թերթի, «Բացառված չէ, սակայն, որ այս հարցում էլ դաշինքը դաշինքը բաժանվի «թեւերի», եւ իշխանավորներից կախում ունեցող գործիչները (առաջին հերթին՝ ՀՀԿ-ից) դեմ դուրս գան հայտարարությանը»: Անդրադառնալով հայտարարության նախագծին Ազգ-ի մեկնաբանը գրում է. «Ցանկացած նման նախաձեռնություն որոշակի անկայունացնող ռեսուրսներ է պարունակում, ինչը ժնեւյան կարեւորագույն հանդիպումից առաջ պարզապես անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG