Մատչելիության հղումներ

Թուրքիան հազիվ թե փոփոխությունների ենթարկի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը


Հրաչ Մելքումյան, Երեւան
Թուրքիայի նոր կառավարությունը, որը կազմելու է խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ըստ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ավագյանի, հազիվ թե վերանայի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ հայ-թուրքական սահմանի բացման նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չափավոր իսլամիստների իշխանության գալը ի՞նչ ազդեցություն կունենա հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի վրա, Արսեն Ավագյանը նախ դրական որակեց փաստը, որ երկար ժամանակահատվածից հետո Թուրքիայի ընտրություններում հաղթել է մեկ կուսակցություն՝ իրավունք նվաճելով ձեւավորել միակուսակցական, ուժեղ կառավարություն:

«Դա դրական է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից, այլեւ՝ ընդհանուր առմամբ, որովհետեւ խնդիրները լուծելու համար նախ պետք է ուժեղ կառավարություն ձեւավորվեր Թուրքիայում», - ասաց Ավագյանը:

Արսեն Ավագյանը չի կարծում, թե չափավոր իսլամիստները Ղարաբաղի խնդրի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում կունենան. - «Նախ՝ ելնելով նրանից, որ Թուրքիայում իրական իշխանությունը գտնվում է մի համակարգի ձեռքում, որը զինվորականության եւ խոշոր արդյունաբերողների համագործակցության արդյունք է»: Երկրորդը արտաքին գործոնն է. - «Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդները շատ ավելի ուժեղ, ազդեցիկ պետություններ են ներկայացնում, քան Թուրքիան»:

Նրա կարծիքով, իսլամական կուսակցության քաղաքականությունը էապես չի տարբերվի մինչ այժմ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունից: Արսեն Ավագյանի փոխանցմամբ, Թուրքիայի կառավարող շրջանակները հայ-թուրքական հարաբերությունները նախ դիտում են տարածաշրջանային քաղաքականության, հետո արդեն՝ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից:

«Ինչքան ես հանդիպել ու խոսել եմ Թուրքիայի քաղաքական շրջանակների հետ, դիվանագետների, պատմաբանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, նրանք հայ-թուրքական հարաբերություններում հիմնական խնդիր համարում են ոչ թե Լեռնային Ղարաբաղը, այլ ցեղասպանության խնդիրը», - ասաց Ավագյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի վարչապետ է նշանակվել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Աբդուլա Գյուլը: 52-ամյա յուլը պետք է ձեւավորի վերջին 15 տարվա ընթացքում առաջին միակուսակցական կառավորությունը Թուրքիայում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հնարավորություններին, Արսեն Ավագյանը ասաց. - «Ցավոք սրտի, ներկա դրությամբ, թուրքական կողմից նման պատրաստականություն կամ նման կամք մենք չենք տեսնում... Ներկա դրությամբ, այս կուսակցությանն էլ դժվար կլինի սահմանի բացման խնդիրը տարանջատել եւ չօգտագործել որպես ճնշում: Ցավոք սրտի, դեռեւս իշխում է այն տրամադրությունը, թե սահմանի բացման դիմաց Հայաստանից պետք է զիջումներ ստանալ, եւ հիմնականում, ինչպես գիտեք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG