Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Այսօրվա մամուլը երրորդ անգամ անընդմեջ աջ ու ձախ թերթելուց հետո թերեւս կարելի է հանգել, եթե մի բան էլ դեռ նրան գոնե ինչ-որ իմաստ ու առանցք է տալիս, ընտրության թեման է: «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, հայրենի ընդդիմության վերջին շրջանի քայլերի խորքում հստակորեն նկատվում են միասնական թեկնածուի որոնման հարցը կոնկրետացնելու եւ, ի վերջո՝ անցողիկ թեկնածուի փնտրտուքով փոխարինելու անթաքույց ձգտումներ. - «Դրանք դրսեւորվում են ինչպես սոցիոլոգական հարցումների անցկացման, այնպես էլ մինչ այժմ անհավանական թվացող դաշինքների ձեւավորման փորձերի տեսքով: Ժամանակը շտապեցնում է»: Մեկնաբանն արձանագրում է այս իրավիճակում ընդդիմության առանց այդ էլ բացակայող քաղաքական ուղենիշերի, ծրագրային-գաղափարական տարբերությունների համահարթեցման միտումների ուժեղացում, քանզի առաջնային է դարձել, որ թեկնածուն, անկախ գրեթե ամեն ինչից, անցողիկ լինի: Գոնե այնչափ, որ «իր ձեռք բերած քվեները լինեն ծանրակշիռ, եւ ընտրություններից հետո էլ տեղ մնա խոսելու, կատարված խախտումները մատնանշելու, ընտրված նախագահի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու համար»:

«Անորակ քանակ» վերնագրի տակ «Առավոտ» թերթը հաշվարկում է, որ եթե ընդդիմությունը չհամախմբվի եւ չառաջադրի միասնական մեկ թեկնածու, կունենանք մոտ 20 հնարավոր նախագահ: Մինչդեռ փորձագետների կարծիքով՝ դա շատ վատ է։ Ընտրություններին պետք է առաջադրվեն 2-3, ծայրահեղ դեպքում՝ 5 թեկնածու: «Փորձագետները ճիշտ են. այս քանակով եւ այս որակով թեկնածուների միջից ընտրություն անելը լուրջ խնդիր է դառնում: Բայց այն դեպքում, եթե մենք իրոք ընտրում ենք», - մյուս կողմից փորձում է մխիթարել «Առավոտ»-ը։ - «Իսկ մեր կամքը դեռեւս ոչ մի կերպ չի անդրադառնում ընտրությունների արդյունքների վրա... Այս դեպքում ինչքան շատ լինեն նախագահի թեկնածուները, այնքան՝ լավ։ Մի բան է, երբ միայն երկու թեկնածու է սկսում ընտրակաշառք բաժանել, լրիվ այլ բան, երբ դա անում է ամբողջ 20-ը»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից փորձեց ճշտել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք Արտաշես Գեղամյանի կանխատեսումները, որ Դաշնակցությունը միայն այն դեպքում կսատարի Ռոբերտ Քոչարյանին, եթե նախագահական ընտրություններում առաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը: «ՀՅԴ-ն իր դիրքորոշումը կարտահայտի հաջորդ շաբաթ կայանալիք Գերագույն ժողովի ընթացքում: Այս պահին ես դրանից ավելին ասել չեմ կարող», - արձագանքել է Արմեն Ռուստամյանը:

«Օրրան» թերթի խտացմամբ, մեր այս ընթացիկ կյանքում ամենաքիչը անակնկալների պակասն է զգացվում: «Քանի որ շեղված ենք եւ ապրում ենք խանգարված կյանքով, մեզ համար անակնկալ է թոշակը ժամանակին ստանալը, սեւին սեւ ասելու համարձակությունը, կակազին պերճախոս չհռչակելու անհաշվենկատությունը: Եթե այսպես շարունակվի, ձյունը՝ հունվարին եւ կակաչը՝ մայիսին մեծ զարմանք են պատճառելու: Իսկ ամենամեծ անակնկալը մեզ սպասում է փետրվարի 19-ին: Բոլոր դեպքերում: Կամ՝ իբրեւ անընդմեջ աղետ, կամ՝ իբրեւ անհավանական ելք», - նախանշում է «Օրրան»-ը:

Փոթորկից առաջ անդորր է գրանցվում եւ Ազգային ժողովում:«Հայոց Աշխարհ» թերթի փաստագրմամբ, եկող տարվա պետական բյուջեի քննարկումները խորհրդարանական հանձնաժողովներում այս շաբաթ անցան շատ հանգիստ՝ օրենսդիրների ճնշող մեծամասնության գրեթե բացարձակ անտարբերության մթնոլորտում: Եվ սա բացատրվում է նրանով, որ պատգամավորների միտքը ուղղված-սեւեռված է առաջիկա խորհրդարանական նիստերում բոլորին լսելի ամբիոնից իրենց մատուցելու նախապատրաստությանը: Այնպես որ, «պատրաստենք թաշկինակները, միացնենք հեռուստացույցերը եւ ունկնդրենք գալիք շաբաթվա ընթացքում մեզ սպասող նախընտրական-պոպուլիստական շոուն», - ի մի է բերում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG