Մատչելիության հղումներ

Կառավարությունը կրկին բարձրացնում է չնչին կենսաթոշակները


Ատոմ Մարգարյան, Երեւան
Կառավարությունն այսօր որոշեց հերթական անգամ բարձրացնել կենսաթոշակը: Խոսքը աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց բազային կենսաթոշակին տրվող հավելման մասին է. հունվարի 1-ից այդ հավելումը 80 դրամից դառնալու է 100 դրամ։
Դրանով միջին կենսաթոշակը կավելանա 660-700 դրամով։

«2003 թվականին մենք կունենք Հայաստանի Հանրապետությունում 6700 դրամ միջին կենսաթոշակի չափ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է ուղիղ 50 տոկոսով», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի տնօրեն Ֆրունզե Մուշեղյանը:

Նրա խոսքերով, հաջորդ տարվա բյուջեի նախագծում երկու միլիարդ դրամ արդեն նախատեսված է պետական սոցիալական կենսաթոշակների վճարման համար: Եվս 3,5 միլիարդ լրացուցիչ կհավաքագրվի սոցիալական հարկ վճարողներից, եւ 1,7 մլրդ դրամ կենսաթոշակային հիմնադրամը կունենա տնտեսումից։

Այս վերջին հանգամանքը, անշուշտ, անտրամաբանական է մի երկրի համար, որտեղ կենսաթոշակը նույնիսկ 15 դոլարի էլ չի հասնում: Կենսաթոշակային հիմնադրամի տնօրենը, մինչդեռ, հայտարարում է, թե հիմնադրամի բյուջեն պրոֆիցիտային է, այսինքն՝ տարվա եկամուտները ավելի են, քան ծախսերը։

Մինչդեռ, կայացած ինստիտուտներ ունեցող երկրներում այս հարցը վաղուց լուծված է բոլորովին այլ կերպ. օրենքով միջին կամ նվազագույն կենսաթոշակը կապակցված է միջին աշխատավարձի հետ: Այսինքն՝ որքան բարձրանում է աշխատավարձը, այնքան ավելանում է կենսաթոշակ: Իսկ կառավարությունը մնում է սոսկ ինդեքսավորել կենսաթոշակը։

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող փորձագիտական խմբի եւ սոցիալական ապահովության նախարարության մի շարք պաշտոնյաների կողմից առաջարկվել է Հայաստանի կենսաթոշակային օրենսդրության մեջ եւս ներառնել այս դրույթը։ Սակայն, կառավարության մակարդակով առաջարկը մերժվում է, ինչը, բնական է, քանի որ 480 հազար կենսաթոշակառուները նաեւ նույնքան ընտրողներ են, որոնք, ամեն անգամ լսելով, որ կառավարությունը հերթական 20 դրամ հավելումն է արել իրենց չնչին վաստակին, ընտրություններում «ճիշտ են» կողնորոշվում։

Կենսաթոշակային հիմնադրամի տնօրենն ասաց նաեւ, որ այսօրվա դրությամբ կենսաթոշակի գծով բոլոր պարտքերը մարված են ու վճարումներն էլ ժամանակին են արվում:

Եկող տարի կենսաթոշակների ավելացումը, անկասկած, որոշ չափով կմեղմի սոցիալապես ամենաանպաշտպան խավի կենսական դրությունը, սակայն, դատելով ընտանեկան նպաստներին կատարվելիք հատկացումների էական կրճատումից, կարելի է պնդել, որ որոշ անապահով ընտանիքներ կենսաթոշակի ձեւով իրենց բյուջեին 700 դրամ հավելում ստանալով հաջորդ տարի կզրկվեն 7000 դրամին համարժեք աղքատության ընտանեկան նպաստից։

Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով 2 միլիարդ 800 միլիոն դրամով պակաս գումար է նախատեսված ընտանեկան նպաստներին։ Դա նշանակում է, որ հաջորդ տարի եւս 35 հազար ընտանիքներ դուրս կմղվեն աղքատության նպաստ ստացող ընտանիքների ցուցակներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG