Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քաղաքական հոգնածությունը, որով աչքի է ընկնում ներկա ընտրարշավը, նոր գաղափարների ու հետաքրքիր բանավեճերի իսպառ բացակայությունը առաջին պլան են մղում անդրկուլիսյան քաղաքական ինտրիգները», - մեր ներկա ընթացքն է բնորոշում «Գոլոս Արմենիի» թերթը: - «Երբ մեծ հաշվով քննարկելու բան չկա, լսարանին փորձում են զբաղեցնել պատումներով, թե ով ում հետ ում դեմ է բարեկամություն անում»: Այս առումով, «Գոլոս Արմենիի» մեկնաբանը անհեթեթություն է որակել «քոչարյանական ուժերի ներքին վեճերի» մասին պարբերաբար շրջող լուրերը եւ ընդհակառակը՝ մատնանշում է, թե իրական ճգնաժամը հենց ընդդիմության մեջ է, հատկապես 1996 թվականի միացյալ ընդդիմության կուսակցությունների շրջանակում, որոնք, կորցնելով իրենց ողջ ներուժը այսօր ստիպված ընտրության են գնում «Ստեփան Դեմիրճյանի անդրավարտիքից կախված», այլապես նրանց ոչ ոք չի նկատի:

Նայելով ընդդիմադիր 16-ի միավորման կուսակցությունների համագումարներին, «Առավոտ» թերթի մեկնաբանն էլ հանգել է, որ նրանց՝ միասնական թեկնածուի առաջադրման շուրջ հռչակագրային հայտարարությունները իրականում անպտուղ խոսակցություններ են, ու հույս էլ չկա, թե դրանք կյանքի կկոչվեն: «Առավոտ»-ում ընդգծվում է, թե ամեն մեկն իր թեկնածուն է առաջադրում, իսկ այդպես հետո նրանց աջակիցները ավելի դժվար են համակերպվելու իրենց առաջադրած թեկնածուին հանուն «միասնականի» «զոհաբերելու» հեռանկարի հետ: Մինչդեռ ակնհայտ է, որ «թեկնածուներն առանձին-առանձին, գոնե այսօր, ընտրվելու համար բավարար վարկանիշ ու ռեսուրս չունեն եւ գործող նախագահի առաջադրման դեպքում՝ վերջինիս հետ մրցակցությունում դատապարտված են լինելու... Չենք կարծում, թե նրանցից որեւէ մեկն ավելի մեծ հեղինակություն եւ հասարակական աջակցություն ունի, քան ուներ Կարեն Դեմիրճյանը: Բայց նույնիսկ վերջինիս ակնհայտ հաղթանակի դեպքում, նախագահ դարձավ իշխանական եւ պետական լծակներին տիրապետող Քոչարյանը», - համադրել է մեկնաբանը: Առանձնապես թարմ-հետաքրքիր որեւէ զարգացում առայժմ չտեսնելով, «Իրավունք» թերթի մեկնաբանն էլ այս ընթացքը բնորոշել է «Միասնական թեկնածուի թեկնածության ժամանակներ»: Ինչ վերաբերում է երանգներին, ուշադրությունն այստեղ էլ առավել սեւեռված է մնում իշխանության ճամբարի հավանական պառակտումների եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր առաջադրման թեմաներին:

Անդրադառնալով ՀԺԿ (Հայաստանի ժողովրդական կուսակցություն) վերջին համագումարում տեղի ունեցած իրադարձություններին, երբ 16-ի միավորման լիդերների մեծ մասը ակնարկեց, որ պատրաստ է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին ճանաչել ընդդիմության միասնական թեկնածու, «Հայկական ժամանակ» թերթն այսօր մի ծավալուն վերլուծություն է նվիրել դրա արմատներին: «Ակնհայտ է, որ 16-ի ֆորմատի լիդերները, որոնք որպես կանոն չեն կարողանում համաձայնության գալ պարզագույն հարցերի շուրջ, չէին կարող հենց այնպես, առանց քաղաքական քննարկումների նույնական դիրքորոշում արտահայտել ֆորմատի օրակարգում առկա ամենակնճռոտ հարցի՝ միասնական թեկնածուի վերաբերյալ», - գրում է մեկնաբանը՝ ենթադրելով. - «Ըստ ամենայնի, «Դեմիրճյանի ճանաչումը» ուղղակիորեն կապ ունի ՀԺԿ համագումարի նախորդ օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր շրջապատից քաղաքական շրջանակներ արտահոսած այն տեղեկատվության հետ, թե առաջին նախագահը 2003 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել»: «Հայկական ժամանակ»-ի շեշտադրմամբ, իրականում 16-ի ֆոմատը ավելի շատ ուղղված է Տեր-Պետրոսյանի դեմ, քան Քոչարյանի, եւ որպես հիմնարար խնդիր իր առաջ ունի ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հեռացումը, այլ Տեր-Պետրոսյանի վերադարձը կանխելը: Լավ հասկանալով, որ «Տեր-Պետրոսյանը չի ցանկանա նախագահական առաջիկա ընտրություններում հանդես գալ որպես զուտ ՀՀՇ-ի կամ նախորդ իշխանությունների թեկնածու եւ կնախընտրի հանդես գալ շատ ավելի լայն նախընտրական ճակատով», 16-ի միավորման նախաձեռնողները ի սկզբանե իրենց խնդիրը տեսել են «ընդդիմադիր դաշտում Տեր-Պետրոսյանի հնարավոր դաշնակիցներին («Հանրապետություն», ՀԺԿ) այլ հարթություն տեղափոխելն ու Տեր-Պետրոսյան - Սարգսյան - Դեմիրճյան երկխոսությունը առավել դժվարացնելը», - մատուցում է «Հայկական ժամանակ»-ը: Եվ ՀԺԿ համագումարում դրսեւորված այսպես ասած «դեմիրճյանասիրությունն» էլ միտված էր հնարավորինս դժվարացնելու Տեր-Պետրոսյան - Դեմիրճյան բանակցային գործընթացը:

Վստահ, թե Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի միակ տարբերակը «ընտրության թվեր նկարելն է՝ հոգեպահուստ 400-600 հազար ընտրողների հաշվին, որոնք «ստացվել են» մարդահամարի տվյալները «նկարելուց», «Օրրան» թերթը շարունակում է շեշտել. - «Խնդիրը մեկն է՝ դա ոչ մի դեպքում թույլ չտալ: Ձեւերը շատ են ու բազմազան: Ընդամենը կամք է պետք: Հույսը պետք չէ դնել նկարողների բարոյականության վրա: Նրանք չնկարելու դեպքում կորած են»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG