Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը սկսեց քննարկել 2003-ի բյուջեի նախագիծը


Ատոմ Մարգարյան, Երեւան
Ազգային ժողովում այսօր սկսվեցին 2003 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, առայժմ՝ օրենսդիր մարմնի մշտական հանձնաժողովների մակարդակով։ Բյուջեի նախագծի կազմման սկզբունքների վերաբերյալ իր տեսակետները խորհրդարանականներին ներկայացնելով, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ասաց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծում արտացոլված են այս տարվա բյուջեի հիմնական միտումները: Նաեւ լուրջ աճ է նախատեսված ինչպես պետական եկամուտների, այնպես էլ ծախսերի մասով:

«Մենք այնպիսի թվեր ենք նախատեսել, որ մենք ինքներս ենք հասկանում, որ դա շատ դժվար է լինելու», - Ասաց Անդրանիկ Մարգարյանը: - «Բայց առանց այդ գործընթացի անհնար կլիներ տնտեսության զարգացումը»:

Ըստ վարչապետի, կառավարությունը ծրագրում է հաջորդ տարի 26 միլիարդ դրամով ավելի եկամուտներ հավաքել, միեւնույն ժամանակ՝ այս տարվա համեմատ 22,5 դրամով ավելի ծախսել։

Ծախսերի ավելացման մեծ մասը ուղղվելու է սոցիալական բնագավառին: Նախ՝ հունվարի 1-ից 20 տոկոսով ավելանալու է ուսուցիչների աշխատավարձը, իսկ դպրոցների վարչական աշխատողների՝ տնօրենների եւ ուսմասվարների աշխատավարձը բարձրացվելու է 2,5-3 անգամ։

Ընդհանուր առմամբ, պետական ծառայողների աշխատավարձերի զգալի բարձրացում է նախատեսված, ընդ որում, ոչ միայն, պետական եկամուտների ավելացման, այլեւ պետական ծառայողների թվի զգալի կրճատման հաշվին:

«Այսօրվա տվյալներով՝ նախնական, 7-8 հազար մարդ կրճատվելու է պետական ապարատում», - տեղեկացրեց վարչապետը: - «Տարվա վերջում ավելի հստակ թվեր կասենք: Եվ դա մեզ հնարավորություն է տալիս բարձրացնելու պետական, քաղաքացիական ծառայողների աշխատավարձը»:

Թերեւս, նույն մեխանիզմը կիրառվելու է մանկավարժների դեպքում, երբ ուսուցիչների թիվը կրճատվելու է, իսկ ըստ ժամերի ծանրաբեռնվածությունը՝ ավելանալու։ Պետական բյուջեի նախագծին կից ուղերձում կառավարությունը այդ գործընթացը որակել է իբրեւ «կրթական համակարգի ռացիոնալիզացիա»։ Կրճատման ենթակա ուսուցիչների թիվը առայժմ չի նշվում։

Բնականաբար, բյուջեի նախագիծը ընդգծված սոցիալական ուղղվածություն ունի առաջին հերթին Ազգային ժողովի պատգամավորների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ դատավորների համար։ Եթե նախագիծը հաստատվի, ապա ապագա խորհրդարանի պատգամավորը ամսական կվաստակի շուրջ 700 դոլար, նույնքան գումար կստանա առաջին ատյանի դատավորը, ճիշտ է՝ աշխատավարձին հավելումներով հանդերձ, իսկ միայն աշխատավարձը կազմելու է 260 հազար դրամ։

Այսօր բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը պատգամավորներին համոզում էր, որ բարձր աշխատավարձեր ստացող պատգամավորները կդադարեն բիզնեսով զբաղվել, իսկ դատավորները՝ կաշառք վերցնել։

Որոշ պատգամավորներ, սակայն, համամիտ չեն այդ հարցում: Մասնավորապես, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկեց, պատգամավորների աշխատավարձը թողնել նույնը, փոխարենը 300 դոլար նպաստ սահմանել այն երիտասարդ ընտանիքներիի համար, որոնք երրորդ երեխան կունենան, 400 դոլար՝ չորորրդ երեխան ունենալու դեպքում, եւ 500 դոլար՝ հինգ եւ ավելի երեխաներ ունենալու դեպքում։

Հաջորդ տարի կտրուկ կերպով ավելացվելու են նաեւ առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտի ծախսերը՝ միասին շուրջ 12,5 միլիարդ դրամով։ 5 միլիարդը հավելյալ կուղղվի առողջապահության բնագավառին։

Ինչ վերաբերում է սոցիալական ապահովության ոլորտին, ապա ըստ վարչապետի, հունվարի 1-ից աշխատած յուրաքանչյուր տարվա համար բազային կենսաթոշակին տրվող հավելումը ներկայիս 80 դրամից կհասցվի 100 դրամի։ Պետական բյուջեից կենսաթոշակների բարձրացմանը հավելյալ կուղղվի 3,5 միլիարդ դրամ։ Նկատենք, սակայն, որ դա հիմնականում արվելու է աղքատության ընտանեկան նպաստներին ուղղվող գումարների կրճատման հաշվին։ Համապատասխանաբար, մոտ 35 հազար ընտանիք կզրկվի ընտանեկան նպաստ ստանալու հնարավորությունից։

2003 թվականի բյուջեի նախագիծն արդեն հասցրել է զանազան պիտակավորումներ ստանալ՝ իրատեսականից ու «աղքատությունը կրճատողից» մինչեւ ընդամենը «մի քանի ամսվա ռոճկացուցակ» բնութագրումներով։ Կառավարությունը հակված է այն կոչել սոցիալական ուղղվածության բյուջե։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG