Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի շրջանում այսօր առավոտյան օդային տագնապի դեղին մակարդակ են հայտարարել չճանաչված թռչող օբյեկտի՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքի պատճառով: Վիլնյուսի օդանավակայանի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է, երկինք են բարձրացել ՆԱՏՕ-ի կործանիչները:
Ավելի ուշ տագնապը չեղյալ է հայտարարվել: Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիմանտաս Վիտկաուսկասը հայտնել է, որ օբյեկտը Լիտվայի օդային տարածք է մտել Բելառուսի կողմից, սակայն նույնականացնել այն դեռ չի հաջողվել:
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի «Նաստոյաշչեե Վրեմյա» նախագիծը փոխանցում է նաև, որ այս գիշեր Մոլդովայի հետ սահմանը հատել են ռուսաստանյան մի քանի անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հաղորդել է մոլդովական ոստիկանությունը, դա տեղի է ունեցել Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային հարձակման ժամանակ: Մի քանի անօդաչու ընկել և պայթել է Մոլդովայի տարածքում:
Վերջին շաբաթներին անօդաչուները քանիցս խախտել են եվրոպական երկրների օդային սահմանները: Սեպտեմբերին ռուսական անօդաչուները մտել են Լեհաստանի օդային տարածք, որտեղ դրանց մի մասը խոցվել է լեհական և դաշնակից ուժերի կողմից: Իրենց օդային տարածքում ռուսական դրոնների հայտնվելու մասին հաղորդել են նաև Ռումինիայի և Մոլդովայի իշխանությունները: Այդ միջադեպերի ֆոնին ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներն ուժեղացրել են օդային սահմանների հսկողությունը:
Սեպտեմբերի 9-ին Մոլդովայի երկնքում նկատված ռուսական անօդաչուի պատճառով հետաձգվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օդանավի թռիչքը Քիշնևից Օսլո: