Մատչելիության հղումներ

«Փաշինյանի պագոնները չէին ընկնի, որ ասեր ներողություն», - Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց Առաջին Հանրապետության տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին խորհրդարանի ղեկավարությանը չհրավիրելուն:

«Ազատություն». - Դուք կարծում եք, միտումնավո՞ր Փաշինյանը չի կանչել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, տեղակալներին ու նաև Ձեզ։ Ճնշո՞ւմ է այսօրինակ գործադրվել ընդդիմության նկատմամբ։

Շարմազանով. - Նախ, ընդդիմության նկատմամբ ճնշում է, թե ճնշում չէ՝ դա ցույց կտա ժամանակը։ Ես որակում եմ՝ սա անհարգալից վերաբերմունք էր Ազգային ժողովի նկատմամբ, Ազգային ժողովի խորհրդի նկատմամբ, և առնվազն ես ակնկալում էի, ոչ թե՝ եղել է թյուրիմացություն ու անցնենք, հետո, կներեք բառիս համար, բոչկան գլորենք նախորդ իշխանությունների վրա, այլ ակնկալում էի ավելի արժանապատիվ պատասխան։

«Ազատություն». - Ներողությո՞ւն էիք ակնկալում։

Շարմազանով. - Այդ թվում նաև ներողություն։ Ի՞նչ է, ժամանակ չի եղե՞լ, որ ես ներողություն խնդրել եմ: Միայն ուժեղ մարդիկ կարող են ներողություն խնդրել։ Ես երբ որ եղել եմ իշխանություն, բազմաթիվ առիթներով իմ սխալների, իմ թերացումների համար ներողություն են խնդրել և՛ լրագրողներից, և՛ ընդդիմությունից: Պագոնները չէր ընկնի, որ ասեր ներողություն, որովհետև սա գործընկերային հարաբերություն է։ Սա է խնդիրը։

«Ազատություն». - Հանրապետականի և Փաշինյանի կառավարության միջև կարծես թե սկսվում է նոր լարվածություն, այս դեպքում արդեն արտահերթ ընտրությունների հետ կապված։ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դուք պատրաստվում եք 2022-ի հերթական ընտրություններին, Փաշինյանը պատրաստվում է աշնանն անցկացնել արտահերթ ընտրություններ։ Վարչապետն ասաց, որ էական չէ, թե ինչ է ուզում Հանրապետականը, մենք այդ արտահերթ ընտրություններն անելու ենք։ Ի վերջո Դուք հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, որպեսզի կրկին սրացումների, լարվածության չգնա այս հարցի շուրջ։

Շարմազանով. - Քաղաքական բազմակարծությունը և տարբեր քաղաքական ուժերի տարբեր կարծիքները՝ դրանք նորմալ են։ Եթե կառավարության մեր գործընկերները կարծում են, որ իրենք ինչ մտածում են, Հանրապետականը պետք է ծափահարի, ապա, կներեք, սխալ կարծիքի են Հանրապետականի մասին։ Երկրորդ՝ արտահերթ ընտրությունների պահով. արտահերթ ընտրությունները պետք է լինեն ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության ուզելով կամ ցանկությամբ, դրանք պետք է լինեն ըստ Սահմանադրության։ Առնվազն այս փուլում՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, մենք ունենք ընդամենը մեկ հնարավորություն արտահերթ ընտրություններ կազմակերպելու՝ դա երբ Փաշինյանի կառավարությունը հունիսի 1-ին կառավարության ծրագիրը բերի, հունիսի 7-ին կամ 8-ին քվեարկվի, և Փաշինյանն առաջարկի չքվեարկել՝ տապալվի, այլ տարբերակ չկա։ Կա Սահմանադրություն, ես առաջնորդվում եմ ոչ թե իմ քաղաքական ճաշակով, ոչ թե Փաշինյանի քաղաքական ճաշակով կամ ամբիցիաներով, այլ մենք պետք է առաջնորդվենք Սահմանադրությամբ։ Երկրորդ՝ կա՞ այսօր ընդդիմության մոտ արտահերթ ընտրությունների օրակարգ․ այս պահին չկա։

«Ազատություն». - Բայց Փաշինյանն ասել է, որ իր պատկերացմամբ՝ պետք է լինի աշնանը։

Շարմազանով. - Պատկերացումները դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Ամիսներ անց որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսի քաղաքական և իրավական կարգավորումներ կլինեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG