Մատչելիության հղումներ

РИА "Новости"-ն իր կայքից հեռացրել է Լիտվային «հատուկ ռազմական գործողությամբ» սպառնացող տեքստը

РИА "Новости"-ն հրապարակել է Լիտվային «կարճատև հատուկ ռազմական գործողությամբ» և միջուկային հարվածով սպառնացող տեքստ, որը երեք ժամ անց լրատվական գործակալության կայքից հեռացվել է:

«Ռուսաստանին սպասում է ևս մեկ հատուկ ռազմական գործողություն: Այն շատ կարճ կտևի» վերնագրված հրապարակման հեղինակը բացահայտորեն քննարկում է Լիտվայի տարածքին հրթիռային հարվածներ հասցնելու սցենարը:

«Հատուկ ռազմական գործողություն» պաշտոնական Մոսկվան անվանում է իր պատերազմը Ուկրաինայում:

Այս շաբաթ ավելի վաղ Լիտվայի խորհրդարանը վերացրել է երկրում միջուկային զենքի տեղակայման արգելքը:

Նյութի հեղինակը պնդում է, թե եվրոպացիները «հասան այն երկրի ընտրության փուլին, որը պատրաստ է դառնալ միջուկային պահեստ»: Ըստ նրա՝ «Ռուսաստանն ունի ընտրություն՝ ինչպես կռվել», և «պատերազմը կարճատև կլինի»:

«Եվ քանի որ մեր հակառակորդներն առաջինն են խոսակցությունը տեղափոխում միջուկային սպառնալիքի հարթություն, Ռուսաստանը կարող է իրեն թույլ տալ նույնիսկ հրաժարվել ցամաքային զորախումբ մտցնելուց: Միայն հրթիռներ համապատասխան լիցքով», - գրում է հեղինակը՝ RuBaltic.Ru պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նոսովը:

Ըստ «Դոսյե» կենտրոնի և լիտվական LRT-ի հետաքննության՝ Նոսովն ընդգրկված է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի և ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ազդեցության կառույցում:

Հրապարակման՝ լրատվամիջոցներով տարածվելուց հետո ռուսական պետական լրատվական գործակալությունը հեռացրել է այն իր կայքից, թե ինչու՝ չի պարզաբանել:

Պաշտոնական Մոսկվան հրապարակայնորեն հերքում է, թե Եվրոպայի երկրների վրա հարձակման ծրագրեր ունի:


​
XS
SM
MD
LG