Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ավարտեց ԸՕ-ի փոփոխությունների քննարկումն առաջին ընթերցմամբ


Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը:

Քննարկման ընթացքում Հայ ազզային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ կոնսենսուսը ամբողջ Ընտրական օրենսգրքի շուրջ չի կայացել․ - «Սա կոնսենսուս չի Ընտրական օրենսգրքի շուրջ: Քանի դեռ մնում են վարկանիշային տարածքային ցուցակները, Ընտրական օրենսգիրքը մեզ համար անընդունելի է լինելու»:

Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) զարմանքով նկատեց, թե կարծում էր, որ քաղաքական համաձայնագիրը ստորագրելուց հետո խորհրդարանում բուռն բանավեճեր չեն լինի․ - «Խոսում ենք, որ շամպայններ պիտի պայթեցնենք, խմենք, նշենք․․․ ընդամենը տևեց մեկ գիշեր: Չգիտեմ, վատ երազ տեսաք, արթնացաք թե ինչ արեցիք, դրանից հետո տրամադրություններն ու տրամաբանությունը 180 աստիճանով փոխվեց»:

Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն») կոշտ քննադատության ենթարկեց իշխանության և ընդդիմության համաձայնեցրած փաստաթուղթը․ - «Կարող ենք ասել, որ այս պահին քննարկվում է Հայաստանի Հանրապետության ներքին թշնամու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ հարձակման օրը և հարձակման ձևերը: Այս ծրագիրը տապալելու համար մենք ինքներս պետք է լինենք նախահարձակ․ ոչ թե սպասենք հերթական ընտրություններին, այդ հարձակմանը, որով պետք է նորից օտարեն մեզանից մեր իշխանությունը, այլ ինքներս գնանք և վերցնենք մեզ պատկանող իշխանությունը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են սեղանին դրված բարեփոխումներին, և քննադատեց այն ուժերին, որ կողմ չեն Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությանը․ - «Նրանց սկզբունքն է՝ ինչքան վատ, այնքան լավ: Նրանց ձևակերպումն է՝ ամեն ինչ փլվի, միայն այս փլատակների տակ տեսնեն նաև իշխանության ոտքերը»:

Լևոն Զուրաբյանը խորհրդարանի ամբիոնից շեշտեց, որ այս փոփոխությունները, երբ ընդունվեն խորհրդարանի կողմից, կյանքի կկոչվեն միայն մի դեպքում, եթե գտնվի դրանց համար անհրաժեշտ ֆինանսավորումը․ - «Եթե պակասող գումարի հայթայթման հարցը կառավարությունը չի լուծում, լինի դա նոր դոնորների միջոցով թե բյուջեի հաշվին, մենք հանգիստ կկարողանանք եզրակացնել, որ իշխանությունները ուղղակի դրժում են ձեռք բերված համաձայնությունը: Հուսով եմ, այդպես չի լինի»:

Ընտրական օրենսգրքի հեղինակներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կփորձեն ֆինանսավորում գտնել, սակայն հավելեց․ - «Դա ամենևին չի նշանակում, որ պակասող գումարը մենք պատրաստվում ենք մեր բյուջեից տրամադրել: Եվ այո, ակնկալում ենք բոլոր այն ուժերի, ովքեր գնահատում են այս համաձայնությունը, համատեղ աշխատանքը համապատասխան գումարների հայթայթման հարցում»:

Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ) գիտի, թե անհրաժեշտության դեպքում որտեղից կարելի է հայթայթել բարեփոխումների համար անհրաժեշտ գումարը․ - «Թող սա հումոր չլինի: Ես հենց նոր կարդում էի, որ մեր տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի համար «Մանչեսթր Յունայթեդ» թիմը 26 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել: Կարծում եմ, կարելի է իր գործակալին դիմել․ մի կետ այնտեղ գրել, որ Հենրիկ Մխիթարյանի հայրենիքի ժողովրդավարության հետագա զարգացման համար մի որոշ գումար հատկացներ»:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ եթե անգամ գումարները չհայթայթեն, արդեն իսկ Հայաստանի քաղաքական դաշտը շատ կարևոր ձեռքբերում ունի․ - «Մի փաստաթուղթ, որը ճանապարհային քարտեզ է ցույց տալիս՝ ինչպես պետք է քաղաքական ուժերը շարունակեն բարեփոխել ընտրական համակարգը: Սա արդեն իսկ մեծ ձեռքբերում եմ ես համարում: Եվ ուրեմն եկեք իսկապես պտուղը պտղաջրի հետ չթափենք»:

Իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ դոնորները բավականաչափ գումար ունեն՝ օրենքի նախագծով նախատեսված վստահության մեխանիզմները կյանքի կոչելու համար․ - «Կլինեն գումարներ: Գումարներ շատ կան այս աշխարհում: Դա իրենց համար՝ ոնց որ Խաղաղ օվկիանոսից մի բաժակ ջուր վերցնես: Մեզ համար են դրանք մեծ գումարներ»:

Արամ Մանուկյանի (ՀԱԿ) խոսքով, դոնոր կազմակերպությունները պատրաստ են գումար տրամադրել, սակայն պայմանով, որ կառավարությունը ևս մասնակցություն ունենա՝ բարեփոխումներին իր լուրջ տրամադրվածությունը փաստելու համար։ «Ծիծաղելի է թվում այն պատճառաբանությունը, թե ընդամենը 5 միլիոն դոլար չի հերիքում․ սա շատ լավ բան է, բոլորը համաձայն են, Հանրապետական կուսակցությունը համաձայն է, բայց այդ չեղած 5 միլիոնի պատճառով կարող է ամբողջ մի ծրագիր չեղյալ հայտարարվի և այսպես մեծահոգաբար 2022-ին իրենք դա կիրառեն», - ասաց Մանուկյանը:

XS
SM
MD
LG