Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԸՕ-ում փոփոխությունների հարցը


Փաստաթուղթը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Փաստաթուղթը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նիստում ծավալված բանավեճի թեման Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար անհրաժեշտ 16 միլիոն դոլարի հայթայթման հարցն էր։

Փոփոխությունների նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ պետք է ընդունի 24 ժամվա ընթացքում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, մինչդեռ, հայտարարեց, որ այն օրենքի ուժ կստանա, եթե կառավարությունը մինչև սեպտեմբերի 1-ը ունենա անհրաժեշտ գումարը․ - «Եթե հաջողվի հայթայթել այլ միջոցներ՝ ոչ-բյուջետային, ապա մենք կգնանք առաջ: Եթե չհաջողվի, ապա այս օրենքը չի գործի»:

Ընդդիմության ու քաղհասարակության պահանջով Ընտրական օրենսգրքում 16 միլիոն դոլար պահանջող փոփոխություններով նախատեսվում է ձեռք բերել մատնահետքերը ստուգող սարքեր, քվեարկությունը դարձնել միայն նույնականացման քարտերով՝ դրանք անվճար տրամադրելով ընտրողներին, տեղամասերում տեղադրել տեսախցիկներ և ընտրական գործընթացը հեռարձակել ուղիղ եթերով։

Պահանջվող գումարի 10 միլիոնը, ըստ կառավարության աշխատակազմի ղեկավարի, պատրաստ են տրամադրել Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությանը կոչ արեց թափանցիկ ու ակտիվ աշխատել պակասող գումարը հայթայթելու համար․ - «Շահագրգռվածությունը կառավարության կողմից չի զգացվում՝ այդ ֆինանսները հայթայթելու, ճարելու, դոնորներին դիմելու»:

Դավիթ Հարությունյանն արձագանքեց․ - «Կառավարությունը ձեզնից ոչ պակաս մասնակցել է դոնորների հետ քննարկմանը, և դուք շատ լավ գիտեք դա: Իսկ երբ դուք մեզ առաջարկում եք որոշակի տարօրինակ մեխանիզմներ գումար ձեռք բերելու, ներողություն, այդ չենք կարող ընդունել, որովհետև, այո, որոշ դեպքերում մենք մեզ հարգող պետություն ենք»:

Տարօրինակ համարելով փոփոխությունները կյանքի կոչելը միջազգային կառույցներից կախված լինելու հանգամանքը՝ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը Դավիթ Հարությունյանին պակասող 6 միլոն դոլարը հայթայթելու տարբերակներ առաջարկեց․ - «Ձեր կառավարության կեսը բիզնեսմեններ են: Անձնական բիզնեսի ոլորտում շատ լավ աշխատում եք: Հիմա էլ մեքենաներ եք կրճատում, վաճառում: Էս էլ որպես բիզնես առաջարկ նայեք․ 200 հատ սարքավորումը գնեք և հետո վաճառեք»:

Դավիթ Հարությունյանի արձագանքը չուշաշավ․ - «Կարծում եմ, բիզնեսի ոլորտում Ձեր գիտելիքները և իմ գիտելիքները շատ չեն տարբերվում, այսինքն՝ զրոյական են: Եվ դրա համար ես էս հարցը կթողնեմ անարձագանք»:

Օրենքի փոփոխությունները «եթե»-ով պայմանավորելուն հեգնանքով արձագաքեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ - «Ասում եք՝ սենց կանեն, նենց կանենք, հանրության վստահությունը ստեղ կբարձրացնենք, ընդեղ կբարձրացնենք․․․ բայց վերջում ասում եք՝ բայց եթե դոնոր կազմակերպությունները փողը տան: Իսկ եթե Եվրամիությունը, ասենք, մի երկու միլիոն ավել տա, կարա՞նք էս օրենքի ամենավերջում գրենք՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

«Ձեր անձնական օրինակի վրա կավելացնեք, երբ ստանաք քվեարկած օրենսգիրքը, երկու միլիոնն էլ կարող եք վերցնել Ձեզ», - նույն ոգով արձագանքեց Դավիթ Հարությունյանը:

XS
SM
MD
LG