Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխությունների իրականացմանը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարում է կառավարության նիստը, արխիվ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարում է կառավարության նիստը, արխիվ

Փոփոխությունների իրականացումը, սակայն, պայմանավորվում է բավարար ֆինանսական միջոցների առկայությամբ:

Այսօր՝ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության և ընդդիմության միջև համաձայնագրի ստորագրումից մեկ շաբաթ անց, կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում մի շարք փոփոխությունների իրականացմանը:

Նախագիծը ներառվել է երկուշաբթի մեկնարկող Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:

Ըստ փոփոխությունների, բոլոր ընտրատեղամասերում տեսանկարահանվելու և համացանցով ուղիղ եթերով հեռարձակվելու է քվեարկության ընթացքն ու քվեարկության արդյունքների ամփոփումը: Ներդրվելու է ընտրողների մատնահետքերի էլեկտրոնային գրանցման համակարգ: Քաղաքացին կարող է մասնակցել ընտրությանը, եթե ունի նույնականացման քարտ, իսկ այդ քարտը ստանալու համար նա պետք է հանձնի իր մատնահետքը: Ընդ որում, քվեարկության օրը ընտրողի գրանցումը կատարվում է հենց մատնահետքով, և եթե նույն անձը արդեն մասնակցել է քվեարկությանը, բայց նպատակ ունի ևս մեկ անգամ քվեարկել, ապա էկրանին կհայտնվի կարմիր նշան, և քաղաքացին դուրս կհրավիրվի քվեարկության սենյակից: Եվ վերջապես, ընտրացուցակների հարցը՝ ընտրություններին մասնակցած թեկնածուին կամ կուսակցության վստահված անձին հնարավորություն է տրվում դիմել տարածքային ընտրական հանձնաժողով և ստանալ մատնահետքով գրանցված ընտրողների ցանկը:

Փոփոխությունները ներկայացնող կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը իր խոսքում ընդգծեց՝ կան նաև անցումային դրույթներ․ - «Եթե մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես չգա հայտարարությամբ այն մասին, որ անհրաժեշտ ֆինանսական միջոցները առկա են, տեխնիկական սարքավորումներ և ծրագրային ապահովում, նույնականացման քարտեր ձեռք բերելու համար, ապա այս նախագիծը համարվում է չեղյալ»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անմիջապես արձագանքեց․ - «Բայց մինչև սեպտեմբերի 1-ը ողջամի՞տ ժամկետ է․․․ արձակուրդներ են: Ես հասկանում եմ, որ միջազգային կառույցները պիտի նաև ֆինանսավորման խնդիր լուծեն․․․ Չգիտեմ, կկարողանա՞նք այս հարցին լուծում տալ մինչև սեպտեմբերի 1-ը»:

Գործադիրի նիստին ներկա՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ նախագիծը բացառիկ պայմանավորվածության արդյունք է, որի հետևում կանգնած է Ազգային ժողովի 4/5-ը․ - «Այս ամբողջ ընթացքում շատ մանրամասն աշխատանք է գնում պոտենցիալ դոնոր կառույցների հետ, հատկապես ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ, որը համադրում է այլ դոնորների հնարավորությունները: Եվ այս ամենը հնարավոր կլինի իրագործել, եթե ամբողջ ֆինանսավորումը ծրագրի, որը նախնական ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Եվրամիության պատվիրակության կողմից գնահատված է շուրջ 16 միլիոն դոլարի չափ, եթե հնարավոր լինի ապահովել ոչ բյուջետային միջոցներով, այսինքն՝ դոնորական գումարներով, այդ ծրագրի իրականացումը, ապա նույնիսկ դրանից հետո շատ մեծ ջանք է իրոք պետք լինելու, որպեսզի ծրագիրը իրականանալի դառնա: Դա հենց կառավարության և պետության բարի կամքի դրսևորումն է դեպի այս գործընթացը և ցանկությունը՝ ապահովելու թափանցիկությունը միջազգային չափանիշներին համապատասխան»:

Սարգսյանը հավելեց՝ 1.5 միլիոն մարդու մատնահետքերն ի մի բերելը տարիների աշխատանք է, սակայն կառավարության բարի կամքի դրսևորումն է այդ աշխատանքը մի քանի ամսում՝ 2017թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կատարելու պատրաստակամությունը․ - «Բայց եթե դա չսկսվի հիմա, եթե մենք չտեսնենք, որ մեր գործընկերները, ինչպես և երաշխավորում էին, պատրաստ են դրա տակ ֆինանսական լուրջ միջոցներ դնել, ապա դա անհնար է լինելու տեխնիկապես իրականացնել: Բայց, բոլոր դեպքերում, սա մշակված, լավ նյութ է, որը եթե այս անգամ հնարավոր չեղավ իրականացնել, կա 2022 թվի ընտրությունները և այլն»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայնագրի տակ իր ստորագրությունը դրած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով, իշխանությունների նպատակն է տապալել փոփոխությունները, ուստի ջանք չեն գործադրում գումարի հայթայթման համար: Ըստ Զուրաբյանի, միջազգային դոնորները պատրաստ են հատկացնել 11 միլիոն դոլար, այս պահին չի բավականացնում 5 միլիոն:

«Պետք է փորձենք դոնորներից ստանալ այդ գումարները: Բայց դրա համար աշխատանք է պետք կատարել․․․ [Պետք է դիմել] Շվեյցարիային, Ճապոնիային, Գերմանիային, Բրիտանիային, Ռուսաստանին․․․ բոլորի հետ նախապես խոսել ենք, բայց․․․ Դրա համար պետք է ակտիվ աշխատանք և պաշտոնական դիմում իշխանությունների կողմից, որը չկա այս պահին», - «Ազատության» հետ զրույցում ասաց ընդդիմադիր գործիչը:

Զուրաբյանն ընդգծեց, որ անգամ եթե ի վերջո որոշակի գումար պակասի, ապա Հայաստանի հեղինակությունը պահանջում է, որ մնացած մասը պետությունը պարզապես վերցնի իր վրա:

XS
SM
MD
LG