Մատչելիության հղումներ

Պատգամավորների բիզնեսով զբաղվելու սահմանափակումը՝ «մեռելածին լուծում»


Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած մտահոգությունը Լևոն Մարտիրոսյանը գրավոր չի ձևակերպել ու չի փոխանցել նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։

«Գրավոր առաջարկ կարող եմ ներկայացնել, կարող եմ և չներկայացնել։ Ամեն դեպքում՝ իմ մտահոգությունը հնչեցրել եմ», - «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց նա։

Հանրապետական խմբակցության պատգամավորը քննարկումների ընթացքում կարծիք հայտնեց, թե գործող Սահմանադրության մեջ կան մեռելածին լուծումներ, օրինակ բերեց պատգամավորին ձեռնարկատիրությամբ զբաղվելու հնարավորությունից զրկող դրույթը, որը նույնությամբ ձևակերպված է նաև փոփոխությունների նախագծում։

«Ինչո՞ւ, օրինակ, գիտամանկավարժական գործունեությունը ավելի ընդունելի է մեզ համար, որպեսզի որևէ մի պատգամավոր դրանով զբաղվի և եկամուտ ստանա, իսկ, օրինակ, գործարարությամբ զբաղվելը կամ որևէ այլ բանով զբաղվելը, ասենք, չգիտեմ՝ սպորտով զբաղվելը պրոֆեսիոնալ, դա պիտի ընդունելի չլինի», - հարցնում է պատգամավորը։

Լևոն Մարտիրոսյանը կարծում է՝ Սահմանադրության փոփոխությունները հավանության արժանանալու համար պետք է վստահություն ներշնչեն։

«Մեր քաղաքացիները տեսնում են, որ կան դրույթներ, որոնք արդեն 20 տարի ամրագրված են Սահմանադրության մեջ, որոնք չեն գործում։ Որևէ խախտում մեր գործընկերների կողմից սահմանադրական այս դրույթի՝ չկա։ Նրանք իսկապես հավատարմագրային կառավարման են հանձնում իրենց սեփականությունը և դա չեն թաքցնում», - նշում է նա։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը կարծում է՝ խորհրդարանում բիզնեսմեններ չպետք է լինեն։ Ընդունվող տնտեսական օրենքների հիմնական մասը, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, նրանց շահերն են պաշտպանում։ Քաղաքական հարցերում էլ վերադարձնում են պարտքը։

«Առնվազն 50 պատգամավոր կա, որոնք ընդհանրապես չեն մասնակցում, բայց իրենք 50 կոճակ են աշխատում, իրենք վարձ են տալիս. իրենց բիզնեսը ծաղկում է, իրենց բիզնեսը պաշտպանված է, իրենք փոխարենը քաղաքական առումով վերադարձնում են տված փշրանքները», - ասում է Մանուկյանը։

Սահմանափակմանը դեմ Լևոն Մարտիրոսյանը կարծում է՝ գործարարները դառնան պատգամավոր, թե ոչ՝ ընտրողը պետք է որոշի. - «Ընտրողները պետք է պահանջեն պատգամավորից պրոֆեսիոնալ լինել, իրենց իրավունքները պաշտպանել, իրենց լավագույնս ներկայացնել, այլ ոչ թե արհեստական օրենսդրական կամ ընդդիմադիրների պահանջներից բխող լուծումներով մենք փորձենք հարց լուծել»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ Մարտիրոսյանի առաջարկը կարող էր հակասել իշխանության սկզբունքին. - «Չկա որևէ դրույթ, որը ամբողջությամբ պաշտպանվի Ազգային ժողովում, բայց, համենայնդեպս, այն մոտեցումը և այն քաղաքականությունը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը, որ պառլամենտը պետք է լինի պրոֆեսիոնալ և պառլամենտի անդամները պետք է զբաղվեն օրենսդիր գործունեությամբ, աստիճանաբար հնարավորինս (ամեն ինչ միանգամից չի ստացվում) մենք աշխատում ենք, որ գործարարությունը տարանջատենք օրենսդիր մարմնի աշխատանքներից»։

Արամ Մանուկյանը կարծում է՝ հաջորդ Ազգային ժողովը ևս առանց գործարարների չի լինի։ Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելով վերացվում է մեծամասնական ընտրակարգը, փոխարենը՝ պատգամավորական տեղերն ավելի շատ կարող են լինել։ Նոր նախագծով սահմանված է՝ Ազգային ժողովը կազմված կլինի առնվազն 101 պատգամավորից։ Ընդդիմադիր պատգամավորը կասկածում է՝ գործարարները կարող են օգտվել այդ անորոշ ձևակերպումից. - «Ինձ թվում է, որ իրենք 101-ից 190 այդ մեծ ռետինե թիվը, որ պահում են, իրենց բիզնես տղաներին ասել են, որ՝ դուք կմտնեք էդ ցուցակ, որովհետև երկրորդ քվեարկության հնարավորության դեպքում լուրջ տեղեր են բացվում, և սսկեցրել են բոլոր այն պատգամավորներին, որոնք ուզում են, որոնք փող են դնելու պառլամենտական ընտրությունների ժամանակ, իրենք հայտնվեն ցուցակում»։

XS
SM
MD
LG