Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ոչ միայն կողմ կքվեարկի Սահմանադրության նախագծին, այլև կմասնակցի «այո»-ի քարոզարշավին


ԲՀԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

ԲՀԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

Հանրապետականն ասում է՝ ԲՀԿ-ի հետ աշխատանք չեն տարել, «այո»-ն ի սկզբանե եղել է։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) ոչ միայն կողմ կքվեարկի Սահմանադրության նախագծին, այլև կմասնակցի «այո»-ի քարոզարշավին, տեղեկացրեց կուսակցության խոսնակ Վահան Բաբայանը։

«Մենք չենք կարող լինել պախկված կամ ոչ հրապարակային գործունեության մեջ։ Մենք չենք կարող մի բան ասել, ուրիշ բան անել, դա մեր ոճը չէ»,- հայտարարեց Բաբայանը։

Դեռ մի քանի ամիս առաջ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը վերարտադրության փորձ համարող կուսակցության հետ, Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հավաստմամբ, աշխատանք չեն տարել, ի սկզբանե է «այո»-ն եղել, ասում է։

«Ինձ համար զարմանալի կլինի, որ քաղաքական երկրորդ ուժը ճանապարհին ինչ-որ դիրքորոշում փոխի՝ այն էլ նման կարևորագույն խնդրի շուրջ, որն է սահմանադրական բարեփոխումը»,- ասաց ՀՀԿ-ի ներկայացուցիչը։

Բաղդասարյանն այսօր շեշտում էր, թե որքան կարևոր է հանրաքվեն առանց կեղծիքների անցկացնելը, նկատելով՝ ընտրությունները ոչ թե Հանրապետականն է կազմակերպում, այլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.- «Եթե մայր օրենքի ընտրությունը որևէ այլ ճանապարհով անցնի, ինձ թվում է՝ դա շատ վտանգավոր կլինի մեր երկրի հետագա զարգացման համար»։

Կեղծիքներն անթույլատրելի է համարում նաև Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների մեկ այլ կողմնակից՝ Դաշնակցությունը։

«Ովքեր կփորձեն կեղծել հանրաքվեն, համարեք իրենց «Ոչ»-ի ճամբարից։ Մենք դրանց դեմ էլ ենք պայքարում, և թող չթվա, թե իշխանության մեջ հալած յուղի պես բոլորը ուզենալու են, որ սահմանադրական փոփոխությունները անցնեն։ Սա պետք է մտահոգության տեղիք տա շատերին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Կեղծիքներ լինելու են, համոզված են Սահմանադրության փոփոխությունների անցկացմանը «ոչ» ասող ընդդիմադիրները։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համոզված է՝ սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում ռեժիմը չունի ո՛չ Արևմուտքի, ո՛չ Ռուսաստանի աջակցությունը։

«Եթե, ինչպես բոլոր նախադրյալները կան, այս «Ոչ»-ի միասնական ճակատը կարողանա ժողովրդին ոտքի բարձրացնել, ես վստահ եմ, որ ռեժիմը ուղղակի չի ունենա որևէ ռեսուրս ոչ միայն կրակելու, այլ նաև ուղղակիորեն կեղծելու «ոչ»-ի հանրաքվեի արդյունքները»,- ասաց նա։

Սահմանադրության փոփոխություններին «ոչ» ասելուց բացի, «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանի կարծիքով, պետք է համախմբվել նաև ավելի լայն գաղափարի շուրջ.- «Ձևավորել մի մեծ, ընդհանուր ճակատ, որը լինելու է ոչ միայն «ոչ» սահմանադրական բարեփոխումներին, այլ «ոչ» ապօրինի գործող իշխանությանը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին և Հանրապետական կուսակցությանը»։

Դաշնակցական Աղվան Վարդանյանին զարմացնում է փոփոխություններին դեմ արտահայտվողների պնդումը, թե հաջորդ խորհրդարանում Հանրապետականը նորից մեծամասնություն կունենա։

«Ես էդպես չեմ մտածում, ես դրան դեմ եմ, և ամեն ինչ անելու ենք, որ իսկապես նորմալ ընտրություններ լինեն։ Իսկ նորմալ ընտրություններով, նույնիսկ ոչ նորմալ ընտրություններով, ամենավատ ընտրություններով համամասնական կարգով Հայաստանի պատմության մեջ որևէ կուսակցություն 51 տոկոս չի հավաքել»,- նշեց Վարդանյանը։

Լևոն Զուրաբյանն այսօր պատասխանեց հանրապետական Էդուարդ Շարմազանովի երեկվա հայտարարությանը, թե ՀԱԿ-ը քաղաքական ֆիասկո է ապրում՝ յոթ հոգանոց թիմից երեքն արդեն Տեր-Պետրոսյանի հետ չեն. Հանրապետականի մամուլի խոսնակը խմբակցությունը նկատի ուներ։

«Եթե հաշվենք սկսած 2007 թվականից՝ քանի անգամ է Շարմազանովը մեզ թաղել, այդ հարցում կկրենք կատարյալ ֆիասկո»,- ասաց Զուրաբյանը։

XS
SM
MD
LG