Մատչելիության հղումներ

Հրանտ Բագրատյանը չի մտափոխվել, դեմ է Սահմանադրության փոփոխությանը


ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Նախկին վարչապետն ասում է՝ ինքը կառավարման նախագահական համակարգի կողմնակիցն է։

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հրանտ Բագրատյանը չի մտափոխվել, դեմ է քվեարկելու սահմանադրական փոփոխություններին։ Նրա ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը, փոխանցեց նախկին վարչապետը, մասնակցելու է «ոչ»-ի քարոզարշավին։

«Եթե իմ բոլոր առաջարկներն ընդունեն, ես էլի դեմ եմ, որովհետև կոնցեպտուալ դեմ եմ, ես նախագահական համակարգի կողմնակից եմ»,- ասաց նա.- «Նախագահական գնացել էի, որովհետև ասելիք ունեի, լա՛վ եմ արել։ Ես գնամ Կորեա, Ճապոնիա կամ Եվրոպա, իրենց ասեմ՝ մեր պետության մեջ չասե՞մ։ Բա ես մտավորական եմ։ Թող ուրիշ մտավորականներն անեն»։

Բագրատյանն ասաց՝ հարյուրից ավելի առաջարկ է ներկայացրել փոփոխությունները հեղինակած մասնագիտական հանձնաժողովին։ Դրանք քննարկել է նաև Սերժ Սարգսյանի հետ։ Բայց Բագրատյանի համար ամենասկզբունքային հարցերից մեկը՝ նախագահական համակարգի ամրապնդումը, չի ընդունվել։

«Ինչքան ես հասկացա, ենթադրվում է 2018 թվականին մորթոցի կգնա, նախագահական ընտրություններում լարումը հասնում է գագաթնակետին, բանը հասնում է նույնիսկ սպանություններին»,- ասաց նա։

Անդրադառնալով կարծիքներին, որ սահմանադրական փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի և Հանրապետականի վերարտադրության համար, Բագրատյանն ասաց՝ դա հնարավոր պատճառներից մեկն է։

«Դա կա, բայց ինչքանով է դա հիմնականը, չեմ կարող ասել։ Իմ կարծիքով՝ դա ընդհանրապես կարևոր չէ, որովհետև հարցին պատասխանել, թե ուժեղ նախագահական համակարգից ինչո՞ւ ենք հրաժարվում, մոտավորապես սա է՝ դե, նախագահն ուզի, չուզի, դառնում է դիկտատոր։ Կիսանախագահականը, ասում էր, որ բոլորովին լավ չէ, որովհետև մի տեղ մեկին աշխատավարձ չեն տալիս, ինձ մոտ են գալիս, ինչո՞ւ։ Դա հասկանալի է»։

Սերժ Սարգսյանի հրավերն ընդունելու՝ Բագրատյանի որոշումը քննադատվեց, ինչը նախկին վարչապետին չի անհանգստացնում.- «Ընդդիմության շրջանում կա մի փոքր խումբ, որը չի սիրում, երբ դու բացի քաղաքական ճչացող ճառերից… որ այ, քաղաքականությունը կարևոր է, քաղաքական հարցերը կլուծենք, հետո տնտեսականը։ Չէ՛, ես դրան դեմ եմ, քաղաքական գործչի հիմքում պետք է լինի տնտեսագետը։ Կարող են՝ թող իրենք էլ անեն։ Կամ ի՞նձ ինչ՝ դուրները չի եկել։ Դուրները չի եկել, Աստված իրենց հետ։ Ես որևէ մեկին բա՞ն եմ ասում։ Ես քաղաքականության մեջ կամ իմ ինքնուրույն օրակարգով»։

Մոտ երեք տասնյակ քաղաքական ուժերի ու քաղաքացիական կազմակերպությունների ձևավորած «Ոչ»-ի ճակատի հայտարարությանը, Բագրատյանի պնդմամբ, չեն միացել միայն որոշ ձևակերպումների պատճառով, բայց պատրաստ են պայքարել թե՛ նրանց հետ, թե՛ առանձին։

«Առաջինն ենք գրել, հիմնադիրներից մեկն ենք։ Բայց երբ «Ոչ»-ի ճակատը հայտարարություն ընդունեց, որ «դատապարտելով էս ընտրությունները...», ես ասացի՝ վե՛րջ տվեք սրան, սա «Ոչ»-ի ճակատ է, վե՛րջ, մի նախադասությամբ գրեք՝ հավաքվել ենք, ստորագրում ենք Սահմանադրության դեմ։ Ինձ, օրինակ, ասացին՝ նախագահի նախկին թեկնածուներից մեկը չի ուզում սա։ Է, ես ի՞նչ անեմ։ Հո կրակը չե՞նք ընկել էդ թեկնածուի ձեռքը»,- ասաց Բագրատյանը՝ հրաժարվելով նշել այդ թեկնածուի անունը.- «Ջհանդամը չի ուզում, ես ի՞նչ անեմ։ Մենք մեր գործը կանենք, կհրավիրեն՝ կգնանք, կկանգնենք կասենք «ոչ»-ը։ Ես ասացի՝ ձևակերպումը հանեք, ստորագրենք, ուզո՞ւմ եք վերահապումով ստորագրեմ։ Էդքա՛ն բան։ Ես չեմ եկել այստեղ նախկինում պարտված որևէ թեկնածուի պաշտպանելու այդ շարժման մեջ։ Ես գալիս եմ թույլ չտալու, որ Սահմանդրությունը անցնի։ Էդ մյուսներից կային մարդիկ, որ երբ իրենց ժամանակ մենք ստորագրում էինք, ինքը չէր ստորագրում, որ իր դեմ ընտրությունը կեղծած է կամ կարող է կեղծված լինել»։

Բագրատյանը կարծում է՝ Սահմանադրության նախագծում տնտեսական սխալ լուծումներ կան։ Բերեց օրինակ՝ Կենտրոնական բանկի մասին հոդվածում նշված է՝ հիմնական խնդիրներն են գների ու ֆինանսական կայունության ապահովումը։ Կարծում է՝ այդ ձևակերպումը առանց այն էլ «ուժեղ» Կենտրոնական բանկի է՛լ ավելի հզորացում է նշանակում։

«Ոչ ոք չգիտի ինչ բան է ֆինանսների կայունացումը։ Երբ ես ԿԲ-ի նախագահի տեղակալին հարցրեցի՝ դրա մեջ բյուջեն, ֆոնդային բորսան մտնո՞ւմ է, ասաց՝ չէ։ Այսինքն ո՞նց չի մտնում, մտնում է։ Մենք քննարկում ենք պառլամենտական հանրապետությանը անցնելը, կարևորում ենք վարչապետի ինստիտուտը, հանկարծ մի հոդված ենք մտցնում, որով ԿԲ-ի ակտիվները հինգ անգամ ավելի են կառավարության ակտիվներից։ Նախագահը զարմացավ»,- ասաց նախկին վարչապետը։

XS
SM
MD
LG