Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի օգնականը քրեական պատասխանատվության չի ենթարկվի


Սուրիկ Խաչատրյանի օգնականը քրեական պատասխանատվության չի ենթարկվի
please wait

No media source currently available

0:00 0:03:38 0:00

Մհեր Աթաջանյանը տեղեկացրել է, որ բողոք չունի Զարզանդ Նիկողոսյանի դեմ։

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը քրեական հետապնդման չի ենթարկվի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակման կապակցությամբ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» հայտնեցին, որ հետաքննության արդյունքում քրեական գործի հարուցումը մերժվել է՝ դիմողի բողոքի բացակայության հիմքով, այսինքն՝ Մհեր Աթաջանյանը տեղեկացրել է, որ բողոք չունի Զարզանդ Նիկողոսյանի դեմ։

Խոսքը օգոստոսի սկզբին Կապանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին է, երբ մարզպետի օգնականը հաստատեց, որ ինքն է ձերբակալվածի որդու խանութի վրա հարձակվել ու կոտրել ապակիները, որովհետև զայրացած է եղել Սուրիկ Խաչատրյանի դեմ ոտնձգությունից։

Կատարվածից մտահոգված Գարեն Աթաջանյանն ահազանգեց՝ Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը խնդրելով պաշտպանել իր ընտանիքը։ Սակայն, ինչպես այսօր տեղեկացանք նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանից, ընտանիքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով դիմումները մերժվել են։ Չնայած Զարզանդ Նիկողոսյանի խոստովանությանը, այս կառույցները որոշել են, որ խանութի վրա հարձակումը վրեժխնդրություն չէ, որևէ կապ չունի մարզպետի դեմ մահափորձի գործի հետ։

Ինչ վերաբերում է մարզպետի օգնականին քրեական հետապնդման չենթարկելուն, փաստաբանը հաստատեց, որ Մհեր Աթաջանյանը չի բողոքում.- «Ուղղակի բողոք չի ներկայացրել, չի ցանկացել, որպեսզի Զարզանդ Նիկողոսյանը կատարածի համար ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հիմքը այն է, որ տվյալ դեպքում Մհեր Աթաջանյանը առաջնորդվել է ավելի գերակա շահով՝ նպատակ ունենալով չշարունակել արդեն իսկ առկա թշնամությունը երկու ընտանիքների միջև, որի հետևանքն էր հենց խանութի ապակիները կոտրելը, որպեսզի հետագայում նորմալ, բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկուսն էլ մեկ մարզում են ապրում, հաճախակի հանդիպում են»։

Փաստաբանը պնդեց, որ մարզպետի օգնականը Մհեր Աթաջանյանին չի վախեցրել ու չի սպառնացել։

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձին օժանդակելու մեջ մեղադրվող Գարեն Աթաջանյանի գործին, Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իրենց միջնորդությունը բավարարվել է, և որպես վկա հարցաքննվելու են այն անձինք, ովքեր փաստում են, որ դեպքի օրը Աթաջանյանը այդ տարածքում չի էլ եղել։

Փաստաբանի փոխանցմամբ, մեղադրանքում նշված է, որ նա հետևել է մարզպետին և Սուրիկ Խաչատրյանի տեղաշարժի վերաբերյալ տեղեկություններ է հաղորդել մահափորձն իրականացնելու մեջ կասկածվողներին. կրակահերթերը, հիշեցնենք, արձակվել էին մայիսի 20-ին Կապան - Գորիս ավտոճանապարհին։

«Ինքը էդ ժամանակ գտնվել է Կապան քաղաքում, և րոպե առ րոպե իր այլուրեքությունը հատաստված է։ Էն մեքենայով, որով ասում են՝ ինքը հետևել է մարզպետին, երկու ջիպի մեծության ավտոմեքենա է, գրեթե «Իկարուս», ու էդ ավտոմեքենայով, որը և որի համարները ամբողջ Կապանը գիտի, ինքը հետևում է մարզպետին ու տեղեկություններ է հայտնում ինչ-որ մեկին։ Հեքիաթանման վարկած է»,- ասաց Հովհաննիսյանը։

Ըստ փաստաբանի, Գարեն Աթաջանյանի դեմ մեղադրանքի հիմքում ընկած են մահափորձից մոտ մեկ ամիս հետո կատարված գաղտնալսումների արձանագրությունները։ Աթաջյանը և մահափորձն իրականացնելու մեջ մեղադրվող Հենրիկ Ավագյանը խոսում են մեղուների մասին։

«Հեռախոսային խոսակցությունը ընդամենը մի քանի նախադասություն է և վերաբերում է միասին Վարաբաթում կոչվող տեղանք գնալուն և մեղուներ գնելուն։ Եվ միայն այս հեռախոսային խոսակցությունը դրվել է խափանման միջնորդության հիմքում։ ԱԱԾ-ն ենթադրում է, որ այդտեղ պատվերի վերաբերյալ ինչ-որ խոսակցություն կա, բայց՝ կոդավորված։ Ողջամտության սահմաններից ամեն դեպքում դուրս է գալիս»։

Հեռախոսազրույցների գաղտնալսումները նաև մարզպետի դեմ մահափորձի գործով մյուս 3 մեղադրյալների գործերի հիմքում են, և բոլորի պաշտպանները դա համարում են աբսուրդ։

Վահան Հովհաննիսյանը պահանջել է տրամադրել մեղադրանքի հիմքում դրված բոլոր ապացույցները, սակայն և' քննչական մարմինը, և' Գլխավոր դատախազությունը մերժել են։ Փաստաբանը փորձելու է ապացույցները ստանալ դատական կարգով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG